Կարանտինի երկարաձգում և պատվաստման գործընթաց․ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում
Հայաստանում կարանտին էր հայտարարվել մինչև հուլիսի 11-ը, սակայն առողջապահության նախարարությունում կարծում են, որ դրա ժամկետը պետք է երկարաձգել, քանի որ երկրում կրկին աճում է վարակվածների թիվը։
2020 թ-ի մարտի 16-ից մինչև սեպտեմբերի 11-ը երկրում արտակարգ դրության ռեժիմ էր գործում։ Դրան փոխարինելու եկավ կարանտինը, որի ժամկետն արդեն սպառվում է։
Առողջապահության նախարարությունը դիմելու է կառավարությանը՝ կարանտինի երկարաձգման առաջարկով, քանի որ երկրում կրկին վարակվածների թվի աճ է նկատվում։ Սակայն դեռևս պարզ չէ, թե ինչ ժամկետով։
Միաժամանակ Հայաստանում աճում է պատվաստվել ցանկացողների թիվը։ Սակայն նախօրեին սոցցանցերում սկսել են ակտիվորեն քննարկել այն տեղեկությունը, որ եվրոպական երկրներից մեկում չեն ճանաչել Երևանում AstraZeneca-ով պատվաստման հավաստագիրը։ Առողջապահության նախարարությունը ստիպված է եղել մեկնաբանել, թե ինչու կարող էր նման խնդիր առաջանալ։
Բոլոր մանրամասները․ ինչպիսի՞ն է կորոնավիրուսային իրավիճակը երկրում, պատվաստման ի՞նչ կանոններ են գործում տեղի բնակիչների և զբոսաշրջիկների համար։
Հայաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 186 նոր դեպք։ Երկրում վարակվածների թիվը համավարակի ողջ ընթացքում կազմում է 225 987 մարդ։ Մահացել է 4 536 մարդ, ապաքինվել՝ 217 381-ը։
Պատվաստման հավաստագրերի ճանաչումը ԵՄ-ում
ԵՄ երկրներում պատվաստման հայկական հավաստագրերի ճանաչման խնդիրը շուտով կլուծվի, հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 8-ին։ Սակայն այն մասին, որ նման խնդիր գոյություն ունի, Հայաստանում անգամ չգիտեին։
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը։ Նա գրել է, որ պատրաստվում էր Նորվեգիա մեկնել՝ հարազատներին տեսակցելու, բայց չի կարողացել, քանի որ AstraZeneca-ով պատվաստման մասին Հայաստանում տրված հավաստագիրն, ինչպես պարզվել է, չի ընդունվում ԵՄ երկրների կողմից։
«Թվում է՝ որն է խնդիրը։ Աստրազենեկան Աֆրիկայում էլ է Աստրազենեկա։ Բայց ոչ։ Հայաստանում ստացված QR-կոդն, ինչպես պարզվել է, Եվրոպայում չի ճանաչվում», — գրել է Մարկ Գրիգորյանը։
Ի պատասխան՝ առողջապահության նախարարը հայտարարել է, որ այս պահին Հայաստանում և Եվրամիության երկրներում պատվաստման մասին հավաստագրերի փոխադարձ ճանաչման գործընթաց է գնում․
«Հայաստանում պատվաստում են նույն AstraZeneca (Vaxzevria) պատվաստանյութով, որով պատվաստում են մյուս երկրներում, և ԵՄ երկրները ճանաչում են այն։ Եվ սա վերաբերում է բացարձակապես բոլոր պատվաստանյութերին»։
Պատվաստանյութի ընտրության մասին
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ Հայաստանի բնակիչներն իրենք կարող են ընտրել պատվաստանյութը։ Կարելի է ընտրել երեք հասանելի պատվաստանյութերից՝ «Սպուտնիկ V», AstraZeneca և CoronaVac։
Նրա խոսքով՝ Հայաստանում կրկին վարակման աճ է նկատվում, միաժամանակ աճում է մարդկանց թիվը, որոնք ուզում են պատվաստվել։ Եթե մի երկու շաբաթ առաջ օրական պատվաստվում էր մինչև երկու հազար մարդ, ապա այժմ՝ մոտ հինգ հազար։
«Մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, որպեսզի այլ տեսակի պատավաստանյութեր ներկրենք։ Ամենակարևորն այն է, որ դրանք անվճար են և հասանելի են քաղաքացիներին։ Բավական է պոլիկլինիկա գնալ, ընդ որում՝ ցանկացած, այլ ոչ միայն՝ ըստ բնակության վայրի, կամ պատվաստման ցանկացած շարժական կետ դիմել», — ասել է Անահիտ Ավանեսյանը։
Արդեն պատվաստվել է 97 711 մարդ։ Սակայն պատվաստման տեմպերով Հայաստանը, այնուամենայնիվ, դեռևս հետ է Հարավային Կովկասի մյուս երկրներից։
Պատվաստման կանոնները տեղացիների և օտարերկրացիների համար
Հայաստանում կարող են անվճար պատվաստվել ոչ միայն տեղացիները, այլ նաև օտարերկրացիները։
«Ելնելով նրանից, որ սա հասարակության համար վտանգավոր հիվանդություն է, մենք ընտրել ենք զբոսաշրջիկների անվճար պատվաստման սկզբունքը։ Սակայն սա չի նշանակում, որ պատվաստման նկատմամբ հետաքրքրության աճին զուգահեռ՝ մենք փոփոխություններ չենք մտցնելու մեր քաղաքականության մեջ», — հայտարարել է առողջապահության նախարարը։
Երկրում դեռևս չի չեղարկվում օտարերկրացիների անվճար պատվաստումը, պարզապես այժմ պոլիկլինիկաները սպասարկելու են միայն տեղի քաղաքացիներին։ Իսկ օտարերկրացիները կարող են նախկինի պես պատվաստվել շարժական կետերում։ Հայաստանի հյուրերի համար գործում է ևս մեկ պայման։ Անվճար պատվաստանյութ ստանալու համար նրանք պետք է երկրում գտնվեն ոչ պակաս, քան տասն օր։