ԼՂ-ի հայերի ուղերձն աշխարհին. ի՞նչ արձագանքի սպասել
ԼՂ հայերի ուղերձը միջազգային հանրությանը
Լեռնային Ղարաբաղի քաղաքական և քաղաքացիական ուժերը ուղերձ են հղել միջազգային հանրությանը՝ կոչ անելով հարգել Ղարաբաղի հայերի ինքնորոշման և ազատության իրավունքը։ Ուղերձը ստորագրած 176 հաստատություններն ընդգծում են, որ իրենք «մտադիր չեն փոխել սեփական հայրենիքի նկատմամբ իրենց սկզբունքները, համոզմունքներն ու իրավունքները՝ ո՛չ ուժի, ո՛չ բնաջնջման սպառնալիքի, ո՛չ աքսորի, ո՛չ էլ որևէ այլ քաղաքական հանգամանքներում»։
Սա առաջին քաղաքական հայտարարությունն է ԼՂ-ից գրեթե ողջ հայ բնակչության՝ ավելի քան 100 հազար մարդու տեղահանությունից հետո։
Փաստաթուղթը ակտիվ քննարկվում է հասարակության կողմից։ Վերլուծաբանների կարծիքները կիսվել են։ Ոմանք թերահավատորեն են վերաբերվում նմանատիպ ուղերձներին, կարծում են, որ արցախցիների տեղահանությունից հետո ԼՂ հարցը կարելի է փակված համարել։ Մյուսներն ասում են, որ գլոբալ փոփոխությունների ժամանակ անհնարին ոչինչ չկա, և «պետք է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն»։
Իշխանությունները Հայաստանի տարածքում ղարաբաղյան հասարակության ակտիվությունը դիտարկում են որպես սպառնալիք երկրի անվտանգությանը և կարծում են, որ դա կարող է վնասել Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին։
Ի՞նչ է ասվում ուղերձում, հայ վերլուծաբանների մեկնաբանությունները
- Ի՞նչ եղավ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը․ կարծիք Երևանից
- «Փոխե՛ք ռազմավարությունը և պայքարե՛ք»․ քաղաքագետը՝ Հայաստանի իշխանություններին
- «Չի կարելի ներխուժել ՀՀ տարածք, հետո վախենալ ռևանշիզմից»․ ՀՀ ԱԺ խոսնակ
«Ոչ մի ազատ ժողովուրդ չի կարող հրաժարվել իր ինքնիշխան իրավունքներից»
Փաստաթուղթը ստորագրողները հայտարարում են, որ մտադիր են վերադառնալ ԼՂ, սակայն կոնկրետ «անվիճարկելի պայմաններով».
- բացառում են Արցախի քաղաքացիների վերադարձը Ադրբեջանի իրավազորության ներքո,
- կարծում են, որ ադրբեջանական զինված ուժերը, ոստիկանությունը և վարչակազմը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն Արցախի տարածքից,
- առաջարկում են, որ Արցախի ողջ սահմանի երկայնքով տեղաբաշխվեն ՄԱԿ-ի միջազգային բազմազգ խաղաղապահ ուժեր, ստեղծվի ապառազմականացված գոտի,
- Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը, ներառյալ Լաչինի միջանցքը, ըստ նրանց, պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը,
- ապահովել փախստականների վերադարձը ՄԱԿ-ի հսկողության ներքո:
Ուղերձում, մասնավորապես, շեշտվում է, որ բոլոր փախստականները պետք է ունենան «հավասար կարգավիճակ, հավասար իրավունքներ և ենթարկվեն անցումային շրջանի ընդհանուր կանոններին մինչ հանրաքվեն, որը կհաստատի Լեռնային Ղարաբաղի վերջնական քաղաքական կարգավիճակը, դրա արդյունքն էլ իրավաբանորեն կճանաչվի բոլոր պետությունների կողմից»։
Բացի այդ, հեղինակները պնդում են, որ «պետք է լիովին բացառվի Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների՝ հակամարտության ողջ ընթացքի հետ կապված ցանկացած մեղադրանքով քրեական հետապնդման հնարավորությունը»։ Ինչ վերաբերում է արդեն ձերբակալված և Ադրբեջանում դատապարտված հայերին, ուղերձը ստորագրածները պահանջում են անհապաղ ազատ արձակել նրանց։
«Հայկական կողմը պատրաստ է ճանաչել միջազգային տրիբունալի իրավասությունը՝ հետաքննելու յուրաքանչյուր ռազմական հանցագործություն, որոնցով մեղսագրվում են մեր քաղաքացիները, սակայն պայմանով, որ այդ տրիբունալը նույն կերպ կքննի բոլոր ռազմական հանցագործությունները, որոնք կատարվել են Ադրբեջանի քաղաքացիների և նրա վարձկանների կողմից։
Մենք պատրաստ ենք ըստ ամենայնի նպաստել հակամարտության խաղաղ լուծմանը, որը հիմնված կլինի ինքնորոշման իրավունքի և ժողովուրդների ու մարդու՝ միջազգայնորեն ճանաչված այլ իրավունքների ու ազատությունների լիակատար հարգման վրա»:
Մեկնաբանություններ
Ալեքսանդր Իսկանդարյան, քաղաքագետ
Հարցը փակված է
«Եթե խոսում ենք արցախյան հարցի ոչ թե պատմական, այլ քաղաքական հեռանկարի մասին, ապա հարցը փակված է, քանի որ Արցախ գոյություն չունի։ Մարդկանց արտաքսել են այնտեղից, Արցախն այնտեղ ապրող մարդիկ էին, իսկ նրանց վտարել են։ Արցախը որպես հայաբնակ շրջան, որը ղեկավարում են բնակչության կողմից ընտրված իշխանությունները, գոյություն չունի։
Երբ այն կար, թեկուզ չճանաչված հանրապետության կարգավիճակով, այն վերահսկողություն ուներ իր տարածքի նկատմամբ։ Այն գործող պետություն էր՝ իր ինստիտուտներով, իր պաշտպանության բանակով։
Դա մի սուբյեկտ էր, որը գոյություն ուներ իրականության մեջ և կարող էր ինքն իրեն պաշտպանել։ Եվ նրա հետ ստիպված էին գործ ունենալ, այդ թվում՝ Ադրբեջանը, ոչ ուղղակիորեն, քանի որ չէր ճանաչում դրա գոյության իրավունքը, այլ Երևանի միջոցով։
Բաքուն ստիպված էր հաշվի նստել, քանի որ արցախյան սուբստանցիան դե ֆակտո գոյություն ուներ։ Բայց հիմա հանրապետություն դե ֆակտո չկա»։
Վերածննդի ծրագրեր չկան
«Արցախի քաղաքական և քաղաքացիական ուժերի ուղերձն ասում է, որ ինչ-որ երրորդ կողմ պետք է գա և ստիպի Ադրբեջանին լքել այն տարածքները, որոնք նա արդեն վերահսկում է, վերադարձնի այդ հողը հեռացածներին, որոնք նորից կվերաբնակեցվեն և կձևավորեն սեփական իշխանությունը։
Եթե աշխարհում ինչ-որ մեկը նպատակ ունենար դա անել, ապա դա կաներ այն ժամանակ, երբ այս հանրապետությունը գոյություն ուներ։ Ես լուրջ հիմքեր չեմ տեսնում, որ աշխարհում որևէ մեկը նման գործողություններ կատարի:
Հայերի՝ Արցախ վերադառնալու մասին միշտ են խոսելու, այդ թվում՝ Ադրբեջանը։ Բայց ուղերձը ոչ թե հայերի Արցախ վերադարձի մասին է, այլ այս տարածքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու, հանրապետության վերածննդի, արտաքին ուժերի կողմից երաշխավորված որոշակի իրավունքներով այնտեղ վերադառնալու մասին։
Սա ընդամենը Արցախի նկատմամբ հայերի իրավունքների պահպանման փորձ է, բայց ձախողված։ Խոսք է գնում այն մասին, որ իրավիճակը պետք է հետ շրջել։ Ես նման բան չեմ պատկերացնում:
Կոսովոյում ալբանացիների մի զգալի մասը դարձել է փախստական, այնուհետև վերադարձել։ Սակայն Կոսովոյում շարունակում էին ապրել ալբանացիներ։ Կոսովոն տարածքային առումով ամբողջությամբ չէր լուծարվել, իսկ ամերիկացիները ռմբակոծում էին Բելգրադը։ Սա այլ իրավիճակ է։ Բացի այդ, նմանատիպ իրավիճակները նախադեպերով չեն կարգավորվում»։
Վտարանդի կառավարության հեռանկարը
«Ամբողջ աշխարհում կան տարատեսակ վտարանդի կառավարությունների բազմաթիվ օրինակներ: Սա մարդկանց խումբ է, որոնք համարվում են այլևս գոյություն չունեցող կամ երբեք էլ գոյություն չունեցած պետության ներկայացուցիչներ, մարդիկ, ովքեր պաշտպանում են ժողովրդի իրավունքները։
Դատելով այս ուղերձից և մի շարք հայտարարություններից՝ նման փորձեր ձեռնարկվում են արցախյան հասարակության կողմից։ Բայց տարածքը՝ որպես պետության հիմք, այլևս գոյություն չունի։ Եվ սա արմատապես փոխում է իրավիճակը։
Որոշ դեպքերում վտարանդի կառավարությունները հանգեցրել են պետության առաջացմանը: Դիտարկենք օրինակ՝ Արևելյան Թիմորը:
Արևելյան Թիմորը, որը հռչակել էր իր անկախությունը, Ինդոնեզիայի կողմից գրավվել է 1975 թվականին՝ այնտեղից Պորտուգալիայի հեռանալուց հետո։ Երկրի անկախության համար պայքարող տարբեր երկրներում ստեղծվել են ներկայացուցչություններ։ 1999 թվականին՝ ՄԱԿ-ի կողմից աջակցություն վայելող ինքնորոշման ակտից հետո, Ինդոնեզիայի կառավարությունը կորցրեց վերահսկողությունն այդ տարածքի նկատմամբ: Իսկ 2002 թվականին Արևելյան Թիմորը դարձավ նոր ինքնիշխան պետություն։ Փաստորեն, այն նորից ստեղծվեց։
Բայց, առաջին հերթին, այդ բոլոր տարիներին Արևելյան Թիմորում մնացել էր Թիմորի բնակչությունը, և անընդհատ պարտիզանական պատերազմ էր ընթանում։ Երկրորդ՝ այն ի սկզբանե ճանաչված պետություն է եղել»։
Հայաստանի իշխանությունների մտահոգությունները
«Արցախի հանրության հայտարարությունը չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար։
Ադրբեջանը կարող է վտանգ ներկայացնել Հայաստանի համար։ Բայց նա այդ սպառնալիքն ամենևին էլ չի ներկայացնում այն պատճառով, որ ՀՀ-ում որոշ մարդիկ, կուսակցություններ կամ կազմակերպություններ այս կամ այն հայտարարություններն են անում։
Հայաստանի իշխանությունները հայտարարում են սպառնալիքի մասին, քանի որ ունեն իրենց քաղաքական օրակարգը, և այդ օրակարգը այս ուղերձում ներկայացվածի ուղիղ հակառակն է»։
Մանվել Սարգսյան, քաղաքագետ
Միջազգային հանրության դատապարտումը ինչ-որ պահի կարող է կոշտ աշխատել
«Քաղաքական տեսակետից Ադրբեջանը էթնիկ զտումներ իրականացրեց իր գործընկերների՝ ռուսների, թուրքերի օգնությամբ՝ վստահ լինելով, որ կրկին կկարողանա ամբողջ աշխարհին համոզել՝ ինքը ճիշտ է։ Այդպես է եղել մինչև հիմա։
Բայց Ադրբեջանը շատ կոշտ գնահատականներ ստացավ իր գործողությունների վերաբերյալ։ Հակամարտության 35-ամյա պատմության մեջ առաջին անգամ միջազգային տարբեր ատյաններ ամենաբարձր մակարդակով դատապարտեցին Ադրբեջանին։
Միջազգային հարաբերություններում այսօր ոչ ոքի չհետաքրքրող դատապարտումը վաղը կարող է վերածվել սարսափելի մեխանիզմի։ Իսկ համաշխարհային հանրությունը չի ընդունել Ադրբեջանի գործողությունները»։
Ուղերձը համազգային է
«Արցախի հանրության ուղերձը մարդկանց՝ իրենց իրավունքները պաշտպանելու փորձ է։
Հատկանշական է, որ այս հայտարարությունն արել է ոչ թե խորհրդարանը, նախագահը կամ իշխանությունները, այլ հենց հասարակությունը։ Եվ դատելով դրան միացածներից, կարելի է ասել, որ այն մասշտաբային է։ Համազգային հայտարարություն է, սա է դրա արժեքը։
Երկար սպասված ուղերձ է։ Շատերն էին դրան սպասում, ուզում էին հասկանալ, թե ինչ կասեն հայրենիքը լքած այս մարդիկ։ Սա շատ կարևոր, լավ կազմված քաղաքական փաստաթուղթ է»։
Փոխել սառը պատերազմի մտածողությունը
«Կարծիք կա, որ դժվար թե որևէ թղթի կտոր ինչ-որ բան փոխի։ Սա տարօրինակ, ոչ մասնագիտական կարծիք է։
Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում աշխարհում գլոբալ փոփոխությունների ժամանակաշրջանում։ Մենք այլևս չենք ապրում սառը պատերազմի կայուն ընթացակարգերում: Այնտեղ ոչ թե թղթեր, այլ բողոքի ցույցեր էին ոչնչացվում։ Երկաթե վարագույր իջեցվեց, երկաթե կարգեր հաստատվեցին, և այդ երկաթե աշխարհում ոչինչ չէր կարող փոխվել։
Փոփոխությունների շրջանը բոլորովին այլ տրամաբանություն է, և դա պետք է հասկանալ։ Փոփոխությունների ժամանակաշրջանում այս կամ այն սուբյեկտի գոյության երաշխիքներ չկան: Աշխարհում տեղի են ունենում լայնածավալ փոփոխություններ, որոնք կոտրում են սառը պատերազմի տրամաբանությունը։
Ընդ որում, այս տրամաբանության մեջ է ոչ միայն Հայաստանը, այլև Արևմուտքն ու Ռուսաստանը։ Հայաստանի իշխանություններն իրենք՝ սկսած առաջին նախագահից, կոպիտ սխալներ թույլ տվեցին՝ մտածելով ճիշտ նույն կերպ՝ սառը պատերազմի կատեգորիայի համաձայն։ Կայացրին որոշումներ, որոնք մեզ հասցրին այս օրվան։
Ուստի շատ կարևոր է, որ արցախյան հասարակությունը սահմանի իր իրավունքները, ուրվագծի իր դիրքորոշումները և ասի, թե ինչպես է պատկերացնում իր վերադարձը հայրենիք։ Վաղը կարող է վտարանդի կառավարություն ստեղծվել կամ ինչ մտքովդ անցնի։
Փոփոխությունների ժամանակաշրջանում, եթե ինձ ասեն, որ վաղը չի լինի այն, ինչ կա այսօր, ներառյալ Ադրբեջանը, Հայաստանը, Իրանը կամ որևէ այլ երկիր այն տեսքով, որն ունի այսօր, ես դրան կհավատամ։ Պետք չէ այսօր հետագա գործընթացների մասին դատել սառը պատերազմի կատեգորիաներով։
Ով ինչի ունակ է, դրան էլ կհասնի։ Եվ Ադրբեջանն արագ հասկացավ դա։ Կարող ես՝ վերցրու: Ժամանակներն են այդպիսին:
Այն, որ Հայաստանում դա չեն հասկանում, նախընտրում են հանգիստ նստել, լռել՝ հղում անելով որոշակի հանգամանքների վրա, այն տրամաբանությունն է, որը մեզ կործանեց»։
Ներդաշնակ աշխարհի հետ
«Ուղերձի թեզերից շատերը հետաքրքիր կերպով համընկնում են ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունների հետ։ Նա ասել էր, որ աշխարհը կանգնած է ընտրության առաջ, թե ինչպես լուծել հակամարտությունները՝ էթնիկ զտումների՞, ռազմական ներթափանցումների՞, թե՞ իրավունքների պաշտպանության միջոցով:
Այդ մասին ասվում է նաև Ղարաբաղի հայերի ուղերձում։ Նրանք ցույց տվեցին, որ ներդաշնակ են համաշխարհային միտումների հետ։ Եվ սա շատ կարևոր կետ է»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ԼՂ հայերի ուղերձը միջազգային հանրությանը