ԼԳԲՏ ակտիվիստները պատրաստվում են Թբիլիսիում շքերթ անցկացնել։ Ուլտրաաջերն ուզում են խաթարել այն
Հունիսի 18-23-ը Թբիլիսիում պլանավորվում է ԼԳԲՏ-փրայդի շաբաթ անցկացնել։ Միջոցառման նախաձեռնողը «Թբիլիսի փրայդ» կազմակերպությունն է։
Դրա նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են, հայտնի է նաև մոտավոր ծրագիրը։
Սակայն շատերն այս տեղեկությունը տարակուսանքով ընդունեցին․ ուլտրաաջերը խոստացան, որ ոչ ոքի թույլ չեն տա Թբիլիսիում գեյ-շքերթ անցկացնել։
______________
«Մենք չենք պատրաստվում թաքնվել, քանի որ այսպես ապրելն արդեն անտանելի է»
Ինչպես գրում են փրայդի կազմակերպիչները, հունիսի 18-ից 23-ը Թբիլիսիում չորս միջոցառում է նախատեսված․
1)սցիալական թատրոն, որը կներկայացնի Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխությունը»:
2)Վրաստանում ԼԳԲՏ համայնքի դրությանը և այդ ոլորտում իշխանությունների քաղաքականությանը նվիրված միջազգային կոնֆերանս:
3)«Արժանապատվության երթ», որը կանցկացվի հունիսի 23-ին և «տոնի կամ կարնավալի տեսք չի ունենա, քանի որ հիմա տոնի ժամանակ չէ», ասված է կազմակերպության հայտարարությունում:
4)Փակ փրայդ-փարթի, որը կամփոփի շաբաթը։
Միջոցառման կազմակեպիչ ԼԳԲՏ ակկտիվիստ Գիորգի Տաբագարին ասում է, որ միջոցառման կազմակերպիչները հասկանում են դրա անցկացման հետ կապված ռիսկերը․
«Մեր միջոցառումներն ուղղված են խաղաղության և հավասարության կոչին։ Սա հասարակությանը սադրելու կամ զայրացնելու փորձ չէ»։
«Փրայդ Թբիլիսի» կազմակերպությունը փրայդի ընթացքում անվտանգության ողջ պատասխանատվությունը դնում է իրավապահ մարմինների և իշխանության վրա։
«Անվտանգության համար պատասխանատու է պետությունը, ՆԳՆ-ն և այլ մարմիններ։ Մեր կողմից մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ամեն ինչ կազմակերպենք, որ մարդիկ իրազեկված լինեն նաև ընթացիկ միջոցառումների մասին», — ասել է Գիորգի Տաբագարին «Տաբուլա» պարբերականին։
Ինչպես նշվում է փրայդի ֆեյսբուքյան էջում, «մենք լեսբուհիներ, գեյեր, բիսեքսուալներ, տրանսգենդերներ, ինտերսեքսուալներ և կվիրներ ենք։
Մենք բռնության ենք ենթարկվում ընտանիքներում, դպրոցներում, փողոցում և աշխատավայրում։ Մեզ վրա հարձակվում են տանը, վտարում ընտանիքներից։ Մեզ սպանում են»։
Հայտարարությունում ասվում է, որ ակցիայի մասնակիցները «խաղաղ մարդիկ են», որոնք «այլևս չեն պատրաստվում թաքնվել, քանի որ այսպես ապրելն այլևս անտանելի է»։
Ուլտրաազգայնականների պատասխանը․ «Թույլ չենք տա այլասերման պրոպագանդա»։
Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ փրայդի նախապատրաստման մասին, ուլտրաաջերը հայտարարություններով հանդես եկան, որ թույլ չեն տա Վրաստանում «գեյ-շքերթ» անցկացնել։
•«Վրացական երթ»՝ միգրանտների և ՆԱՏՕ-ի դեմ
•«Վրացական երթ» չվերահսկվող ներգաղթի մասին։ Ֆոտոռեպորտաժ
«Վրացական երթ» կազմակերպության առաջնորդ Սանդրո Բրեգաձեն դիմել է ԼԳԲՏ ակտիվիստներին՝ կոչ անելով զերծ մնալ «գեյ-պրոպագանդայից»։
«Մենք բազմիցս զգուշացրել ենք Վրաստանի իշխանություններին, Սորոսի հիմնադրամին, գեյ-կազմակերպություններին, որ չփորձեն սադրանքներ անել և այլասերություն պրոպագանդել, որ չփորձեն վրացական հասարակությանը հրամցնել իրենց այլասերված գաղափարներն ու իդեալները», — գրել է Սանդրո Բրեգաձեն ֆեյսբուքյան իր էջում։
Բրեգաձեն, որը Վրաստանի կառավարության անդամ էր 2014-2016թթ-ին (սփյուռքի հարցերով պետնախարարի տեղակալն էր), սպառնում է նաև ոստիկանությանն ու ՆԳՆ-ին։
Նրա խոսքով՝ եթե ոստիկանությունը պաշտպանի երթի մասնակիցներին, «երթի» անդամները հաշվեհարդար կտեսնեն նրանց նկատմամբ, «ինչպես մեր նախնիներն արել են դավաճանների հետ»։
Ինչպես ՆԳՆ-ում Ազատություն ռադիոկայանին հաղորդել են, փրայդի կազմակերպիչները գերատեսչություն չեն դիմել պաշտոնական նամակով, իսկ Բրեգաձեի հայտարարությունը խոստացել են ավելի ուշ մեկնաբանել։
Մայիսի 17-ի փորձը
Վրաստանում փողոցային ակցիա անցկացնելու ԼԳԲՏ-համայնքի ցանկացած փորձ բախվել է այսպես կոչված հակաակցիաների, որոնք կազմակերպել են ուլտրաազգայնականներն ու եկեղեցին։
«Աջակցություն՝ կանանց նախաձեռնություններին» կազմակերպությունը հատուկ տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչ ճանապարհ են անցել Վրաստանում հակա-ԼԳԲՏ ակցիաները և ինչպես են այդ թեմայից օգտվել շահագրգիռ կողմերը՝ պետությունը, եկեղեցին և էքստրեմիստական խմբերը։
Հետազոտող Էկա Ագդգոմելաշվիլին այն եզրակացության է եկել, որ հակագեյ երթերը Վրաստանում ավելի հաճախ են անցկացվում, քան ԼԳԲՏ համայնքի ելույթները։
Հակա-ԼԳԲՏ և ԼԳԲՏ խմբերի միջև ամենախոշոր դիմակայությունը տեղի է ունեցել 2013թ-ի մայիսի 17-ին։
Այդ օրը Թբիլիսիի կենտրոնում մի քանի տասնյակ մարդ էր հավաքվել պաստառներով և փուչիկներով՝ Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը նշելու։
Սակայն շատ շուտով ակցիայի մասնակիցների մոտ էին եկել ուղղափառ ակտիվիստներ, հոգևորականներ և ուլտրաաջեր, նրանց վիրավորել և ֆիզիկական բռնություն են կիրառել և ցրել ակցիան։
Հոգևորականներից մեկն ակտիվիստի հետևից էր ընկել՝ աթոռը ձեռքին։
Ոստիկանությունն ԼԳԲՏ ակտիվիստներին ավտոբուսներ էր նստեցրել ագրեսիվ ամբոխից պաշտպանելու համար։ Սակայն ազգայնականներն ավտոբուսների վրա քարեր էին նետել, մի քանի ակտիվիստ էր վիրավորվել։
Այդ իրադարձություններից մեկ տարի անց՝ 2014թ-ի մայիսին Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը մայիսի 17-ն «Ընտանիքի սրբության պաշտպանության օր» էր հայտարարել։
Այդ օրվանից ամեն տարի մայիսի 17-ին Ռուսթավելու պողոտայում անցկացվում է ուղղափառ հավատացյալների երթը՝ խաչը ձեռքներին։