Վրացի ուլտրաաջերի քաղաքական հավակնություններն աճում են" />

«Վրացական երթ»՝ ընդդեմ միգրանտների և ՆԱՏՕ-ի

Վրացի ուլտրաաջերի քաղաքական հավակնություններն աճում են

Սանդրո Բրեգաձեն ելույթ է ունենում «Վրացական երթի» առաջին քայլերթին, 2017թ-ի հուլիսի 14: Լուսանկարը՝ Լևան Միկաձեի, JAMnews

«Վրացական երթ» ուլտրաազգայնականների վրացական կազմակերպությունը ստեղծվել է 2 տարի առաջ և հասցրել հայտնի դառնալ իր աղմկահարույց ակցիաներով և մի շարք միջադեպերով:

Այժմ «Երթը» պատրաստվում է «վճռորոշ  մարտի». կազմակերպության անդամները հայտարարել են, որ սկսում են զանգվածային հացադուլի ակցիա մարտի 19-ին «Ռուսթավի-2» հեռուստաընկերության լրագրողների վրա հարձակման համար կալանավորված իրենց 6 համախոհներին ազատ արձակելու պահանջով: Այն ժամանակ «երթի» անդամներին դուր չէր եկել հաղորդավարի կատակը Հիսուս Քրիստոսի մասին: Հացադուլին պատրաստվելիս ազգայնականները հիշեցնում են իռլանդացի ակտիվիստների հացադուլը 1981թ-ին, որն ավարտվեց նրանցից տասի մահով: Այդպիսով կազմակերպության մասնակիցները հասկացնում են, թե պայքարելու են մինչև վերջ:

«Մեր ինքնազոհողությամբ մենք իշխանություններին, ընդդիմությանն ու ամբողջ աշխարհին ցույց կտանք, որ մեզ հնարավոր չէ հաղթել: Մենք ունենք հավատ, ամուր բարոյական դիրքորոշում և հասարակության աջակցությունը: Իսկ դա նշանակում է, որ հաղթանակն անխուսափելի է», — մեզ ասաց «Վրացական երթի» առաջնորդ Սանդրո Բրեգաձեն: Նա նախկին պետական պաշտոնյա է, աշխատել է որպես սփյուռքի հարցերով պետնախարարի տեղակալ ներկայիս իշխանությունների կառավարման տարիներին: Արդեն այն ժամանակ իրավապաշտպանները նրան մեղադրում էին այլատյացության և հոմոֆոբիայի համար:

Պետական ծառայությունը թողնելով՝ Բրեգաձեն անհաջող փորձ էր արել ներգրավվել Թբիլիսիի քաղաքային խորհրդում, ավելի ուշ նա գլխավորեց «Վրացական երթը», իսկ այժմ պատրաստվում է Վրաստանի նախագահի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրել, որոնք կկայանան այս տարվա աշնանը:

Ինչպես ասում է Բրեգաձեն, «Վրացական երթը» միավորվել է ընդհանուր գաղափարների շուրջ. ազգային պետության ստեղծում, ազգային մշակույթի և ավանդույթների պահպանություն: Նա պնդում է, որ «Վրացական երթն» աջցենտրիստական կազմակերպություն է «Այլընտրանք Գերմանիայի համար» և Ֆրանսիայում Մարին Լը Պենի «Ժողովրդական ճակատի» նմանությամբ:

«Մեր կարգախոսը ոչ թե «Վրաստանը վրացիների համարն» է, այլ «Վրացական Վրաստանը»: Վրաստանում բնակվող բոլոր ազգությունների մարդիկ պետք է իրավահավասար և հավասար կերպով պաշտպանված լինեն: Սակայն միաժամանակ Վրաստանը պետք է վրացական լինի. դա նշանակում է, որ մեր ավանդական արժեքներն ու բարոյականությունը պետք է առաջնահերթություն լինեն, և դրանց դեմ պայքարը պետք է դադարեցվի», – ասում է Բրեգաձեն:

Ի՞նչ է ենթադրում ավանդական արժեքների պաշտպանությունը

Կազմակերպության ներկայացուցիչները կարծում են, որ արժեքների պաշտպանությունն, առաջին հերթին, «պատմականորեն ձևավորված ավանդույթների» պաշտպանությունն է, որոնց սպառնում է, առաջին հերթին, «միասեռականության և այլասերված կենսակերպի պրոպագանդան»:

Վրաստանի սահմանադրությունում նախորդ տարի արված փոփոխության հեղինակը, որի համաձայն՝ ամուսնությունը տղամարդու և կնոջ միությունն է, կազմակերպության անդամներն իրենց վաստակն են համարում և սեփական պայքարի արդյունքը:

Թեև կարծում են, որ դա բավական չէ, և անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել «ազգի տարրալուծման» դեմ. անհրաժեշտ է երկրից արտաքսել արտասահմանյան ոչ կառավարական կազմակերպություններն ու խստացնել միգրացիոն օրենսդրությունը:

«Վրացական մշակույթի վրա ուժեղ գրոհ է գնում, և այդ պայքարի ավանգարդում արտասահմանյան ոչ կառավարական կազմակերպություններն են, գլխավորապես՝ Սորոսի հիմնադրամը: Մենք ոչ մի նոր բան չենք առաջարկում, մենք կողմ ենք եվրոպական պրակտիկային: Նայեք Հունգարիային և նրա վարչապետ Վիկտոր Օրբանին, որն անում է նույն բանն, ինչ պահանջում ենք մենք», – մանրամասնում է Սանդրո Բրեգաձեն, որը ոչ կառավարական հատվածն անվանում է «բացահայտ գործող արտասահմանյան ռեզիդենտուրա»:

Սանդրո Բրեգաձեն իրեն համեմատում է ֆրանսիացի աջ քաղաքական գործիչ Մարին Լը Պենի հետ: Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Ինչ վերաբերում է միգրացիայի դեմ միջոցներին, ապա «Երթը» պնդում է, որ զգալիորեն պետք է սահմանափակվի ներգաղթն Ասիայի և Աֆրիկայի երկրներից: Ըստ Բրեգաձեի առաջարկած պլանի՝ այդ երկրների քաղաքացիներին վիզաներ պետք է տրվեն առավելագույնը մեկ ամսով, իսկ կեցության իրավունք և քաղաքացիություն ստանալու ընթացակարգերը պետք է առավելագույնս բարդացվեն:

«Վրացական երթի» մասնակիցները վստահ են, որ այդպիսի միջոցների արդյունքում կտրուկ կնվազի ահաբեկչությունների ռիսկն, ինչպես նաև «այլասերման պրոպագանդան» և թմրանյութերի վաճառքը, ինչով իբր զբաղվում են միգրանտները:

Թբիլիսիում բողոքի «Վրացական երթ» է անցկացվել անվերահսկելի միգրացիայի դեմ: Ֆոտոռեպորտաժ

«Արտասահմանցիները մորեխների պես հարձակվել են Վրաստանի վրա, ժամանակն է, որպեսզի պետությունը միջոցներ ձեռնարկի»,ասում է Սանդրո Բրեգաձեն: Որպես իր նախագահական ծրագիր նա խոստանում է խիստ միգրացիոն քաղաքականություն իրականացնել, ինչպես այն, ինչին ձգտում է ֆրանսիացի քաղաքական գործիչ Մարին Լը Պենը:

Որտեղի՞ց Վրաստանում ուլտրաաջեր

Պատճառներն, ըստ որի Վրաստանում հայտնվել են «Վրացական երթն» ու այլ ուլտրաաջ կազմակերպություններ, մի քանիսն են, մեզ հետ զրույցում ասում է միջազգային հարաբերությունների մասնագետ, Միսիսիպիի համալսարանի մագիստրոս Գիորգի Խաթիաշվիլին: Առաջին հերթին, կարծում է նա, դա համաշխարհային միտում է, որին ավելանում է Վրաստանում տնտեսական իրավիճակից և քաղաքականության վեկտորից դժգոհ մարդկանց ստվար զանգված: Արդյունքում՝ դժգոհությունը փաթեթավորվում է «ազգայինի» շրջանակում: Սակայն փորձագետը կարևոր գործոն է համարում նաև Ռուսաստանի ազդեցությունը, որը զբաղվում է հենց այդպիսի ուլտրաազգայնական ուժերին աջակցելով նաև այլ երկրներում իր ազդեցությունն ավելացնելու նպատակով:

«Վրացական երթի» մասնակիցներն արտասահմանցիներին են բաժանում իրենց թռուցիկներն արաբերենով, թուրքերենով և անգլերենով: 2017թ-ի հուլիսի 14: Լուսանկարը՝ Լևան Միկաձեի, JAMnews

«Ռուսաստանի շահերից է բխում Վրաստանում հակալիբերալ, հակաարևմտյան և էթնոազգայնական ուժերի բարգավաճումը: Դա հաստատվում է այդ թվում նաև Վրաստանի Պետանվտանգության ծառայության վերջին զեկույցով», – ասում է Խաթիաշվիլին:

Ուլտրաաջ շարժումների պոպուլյարության աճի ևս մեկ պատճառ է, ըստ նրա, սոցցանցերի տարածումը և, հետևաբար, տեղեկատվության հասանելիությունն ու թեթևությունը: Խաթիաշվիլին նշում է, որ այդպիսի ազդեցության ամենաշատը տրվում են բարձր դասարանների աշակերտները և ուսանողները:

Խաթիաշվիլին ուշադրություն է հրավիրում նաև «Վրացական երթի» հանդեպ Վրաստանի իշխանությունների վերաբերմունքի վրա:

«Այդ կազմակերպության հիմնադիրներից մեկը ներկայիս իշխանությունների օրոք աշխատել է որպես փոխնախարար: Այդ պատճառով էլ լիովին կարելի է ենթադրել, որ իշխանության ներկայացուցիչներից ոմանք կիսում են «Վրացական երթի» որոշակի սկզբունքներ, ոմանք նույնիսկ հրապարակավ չեն թաքցնում դրա հանդեպ համակրանքը», – ասում է Խաթիաշվիլին:

Օրինակ, իրավաբանական հարցերի խորհրդարանական կոմիտեի ղեկավար Էկա Բեսելիան հայտարարել էր, որ «Երթի» առաջնորդներից մեկի՝ Գիա Կորկոտաշվիլիի «հայրենասիրության վրա չի կասկածում», որի դեմ այն ժամանակ հետաքննություն էր սկսվել սպառնալիքների գործով:

«Օտարների կամայականություններին պետք է վերջ դնել». վրացի ուլտրաազգայնականները «ժողովրդական պարեկ» են ստեղծում

Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը «Ռուսթավի-2» հեռուստաընկերության մոտ տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ձերբակալվեց «Երթի» 6 ակտիվիստ, ազգայնականների կազմակերպության գործողությունների առթիվ գրեթե միակ միանշանական քննադատական հայտարարությունն էր իշխանությունների կողմից:

«Բռնությունը ոչ մի կերպ չի կարող արդարացվել, դրան պետք է համապատասխան արձագանք տրվի: Բռնությունը պետք է կասեցվի», — հայտարարել էր Կոբախիձեն:

Սովորաբար «Վրացական երազանք» իշխող կուսակցության ներկայացուցիչները խուսափում են հանրային գնահատականներ հնչեցնել «Երթի» ակցիաների մասին:

Գեորգի Խաթիաշվիլին կարծում է, որ ազգայնականների հասցեին համակրանքի հրապարակային արտահայտումը գալիս է իշխող կուսակցության քաղաքական գործիչներից, «որոնք ոչինչ չեն որոշում», «սակայն դիսկուրսի մակարդակում դա, իհարկե, ուժեղ վնասում է իշխող կուսակցությանը և երկրին»:

Նրա խոսքով՝ իշխանական կուկսացության թուլացման դեպքում, «Վրացական երթի» պես հետադիմական ուժերը կարող են լուրջ խնդիր դառնալ, այդ պատճառով էլ իշխանությունները պետք է «հետևողական և զգույշ քաղաքականություն» վարեն:

Անցորդները հետևում են «Վրացական երթի» քայլերթին Թբիլիսիի Աղմաշենեբելի պողոտայում, 2017թ-ի հուլիսի 14: Լուսանկարը՝ Լևան Միկաձեի, JAMnews

Ռուսաստանն ու փողերը

«Վրացական երթի» ներկայացուցիչները Ռուսաստանի վերաբերյալ «զգուշավոր» քաղաքականությանն են կողմ, որը նրանք հասկանում են, առաջին հերթին, որպես հեռացում Արևմուտքից, ՆԱՏՕ-ին և ցանկացած այլ ռազմական դաշինքների անդամագրվելու ցանկությունից հրաժարում, չեզոքության հռչակում:

«Ռուսաստանն օկուպացնում է մեր տարածքների 20 տոկոսը, ինչը թշնամական քայլ է մեր դեմ: Սակայն դա չի նշանակում, որ ռուս ժողովուրդը մեր թշնամին է: Վրացիներն ի դեմս որևէ այլ ժողովրդի թշնամի չունեն: Ապաօկուպացիայի քաղաքականությանը զուգահեռ մենք պետք է բանակցություններ վարենք Ռուսաստանի հետ և համոզենք նրան, որ մեր տարածքային ամբողջականության վերականգնումը սպառնալիք չի լինի որևէ մեկի համար: Սակայն հարաբերությունների վերականգնման համար պետք է, որպեսզի մեր երկիրը չկառավարվի Արևմուտքի գործակալների կողմից, և իշխանությունների առաջնահերթությունը Վրաստանին ծառայելը լինի», — ասում է Սանդրո Բրեգաձեն:

Ցուցապաստառներ՝ «Վրացական երթի» գրասենյակում: Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

«Երթի» մեկ այլ առաջնորդ Գիա Կորկոտաշվիլին կարծում է, որ Վրաստանը պետք է զարգացնի Ռուսաստանի հետ «ժողովրդական դիվանագիտությունը» և «ոչ խելամիտ» է անվանում նրանց, ովքեր կազմակերպությունը ռուսամետ են անվանում:

Որտեղի՞ց «Վրացական երթին» փող: Այս հարցը լրացուցիչ փաստարկ է դարձել նրանց համար, ովքեր «ռուսական հետք» են տեսնում ազգայնականների կազմակերպության գործունեությունում: Իսկ «Երթի» ներկայացուցիչները նման պնդումները հիմարություն են անվանում և նշում, որ «Երթը» գոյատևում է դրա անդամների միջոցների և իրենց համակրող գործարարների ոչ մեծ նվիրատվություների հաշվին:

Այդ մասին մեզ պատմել է կազմակերպության երիտասարդական թևի առաջնորդ Անզոր Պորչխիձեն: «Մենք ընդամենը մի երեք սենյականոց վարձով բնակարան ունենք, որն օգտագործում ենք որպես գրասենյակ, և մի քանի համակարգիչ: Դրանից ավել բան չունենք: Իմ եկամտի աղբյուրը սպորտն է: Ես խառը մարտարվեստների Եվրոպայի չեմպիոն եմ եղել: Այժմ երեխաներին եմ մարզում: Կազմակերպության մյուս անդամները նույն կերպ են ապրում: Օրինակ, ընկերներիցս մեկն իր ձեռքի աշխատանքն է վաճառում, մյուսներն ընդհանրապես գործազուրկ են», – բացատրում է Անզորը:

Երթի առաջնորդներն ու ատիվիստները վստահ են իրենց կազմակերպության մեծ քաղաքական հեռանկարների վրա և տեսնում են այն երկրի քաղաքական առաջատար կուսակցությունների եռյակում: Թեև հասարակական կարծիքի ոչ մի ուսումնասիրության մեջ, որն անցկացվել է վերջին տարում, «Վրացական երթը» առկա չէ ոչ որպես քաղաքական կուսակցություն, ոչ որպես հեղինակավոր կազմակերպություն կամ ինստիտուտ:

«Մեդիացանցերի» աջակցությամբ


Կարդալ ավելին JAMnews-ում