Ընդունելության քննությունների ռեկորդակիրը չի ուզում սովորել Ադրբեջանում
Ռեկորդակիրը չի ուզում սովորել Ադրբեջանում
Այս տարի միայն մեկ դիմորդի է հաջողվել հնարավոր առավելագույն 700 միավոր հավաքել Ադրբեջանի բուհական ընդունելության քննությունների ժամանակ։ Նա Բաքվի դպրոցներից մեկի շրջանավարտ Նիգար Աղազադեն է։ Սակայն քննությունների արդյունքների հրապարակումից մի քանի օր անց Նիգարը հայտարարել է, որ չի ուզում սովորել ադրբեջանական համալսարանում և ուսումը շարունակելու է Թուրքիայում։ Փորձագետները հավանության են արժանացրել նորաթուխ ուսանողի ընտրությունը։ Նրանց կարծիքով՝ երկիրը լքելով երիտասարդներն իրենց բողոքն են արտահայտում։
Բաքվի 125-րդ միջնակարգ դպրոցի շրջանավարտ Նիգար Աղազադեն ադրբեջանական բուհերի ընդունելության քննություններից հավաքել է հնարավոր առավելագույն 700 միավոր։ Այսպիսով, նա միակ դիմորդն է, ով անսխալ պատասխանել է քննական բոլոր հարցերին։
Սակայն ընդունելության քննությունների արդյունքների հրապարակումից մի քանի օր անց Ադրբեջանի բժշկական համալսարանի նորաթուխ ուսանողուհին հայտարարել է իր ծրագրերի փոփոխության մասին։ Նա ընդունել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի համալսարանի բժշկական ֆակուլտետի հրավերը։
«Նախկինում ես չէի մտածում արտասահմանում սովորելու մասին։ Բայց այն բանից հետո, երբ դարձա առաջինը ամբողջ երկրում, որոշեցի փորձել ուժերս, և դա ստացվեց։
Թուրքիայում բժշկությունը շատ զարգացած է, և այնտեղ ստացած կրթությունն ինձ պետք կգա։ Պլանավորում եմ իմ օրդինատուրան անցկացնել Գերմանիայում: Ուզում եմ դառնալ սրտի վիրաբույժ։
Իհարկե, արտասահմանում ուսումս ավարտելուց հետո կվերադառնամ հայրենիք»,- տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Աղազադեն։
Փորձագետները ուսանողի հետ համակարծիք են, ըմբռնումով են մոտենում Նիգարի ընտրությանը։
«Ոչ ոք նույնիսկ չհետաքրքրվեց նրանով»
Փորձագետ Սամիր Ալիևն ասում է՝ անհնար է հասկանալ նրանց, ովքեր չեն ընդունում դիմորդի որոշումը․
«Եթե խորանանք նրա որոշման հիմքում ընկած պատճառների մեջ, կարելի է ոչ միայն հասկանալ նրան, այլև ողջունել նրա ընտրությունը», — ընդգծել է նա:
Ալիևի խոսքով՝ աղջիկն այդ հաջողությանը հասել է անքուն գիշերների, սթրեսի և ամենակարևորը վճռականության շնորհիվ․
«Նիգարը հրաժարվել է սոցիալական ցանցերից, չի մասնակցել շատ տոների, միջոցառումների և հասել է իր նպատակին։ Դրանով նա նաև հարգանք է վաստակել իր դպրոցի և ուսուցիչների հանդեպ։ Իր արդյունքով նա բարելավել է Ադրբեջանի կրթական համակարգի՝ տարեցտարի հեղինակությունը կորցնող վիճակագրությունը։
Եվ հետո ի՞նչ։ Ոչինչ։ Նրանով ոչ ոք նույնիսկ չհետաքրքրվեց՝ ո՛չ այն շրջանի ղեկավարությունը, որտեղ ապրում է Նիգարը, ո՛չ էլ կրթության և գիտության նախարարությունը։ Նրանք նույնիսկ ժամանակ չեն գտել պարզապես աղջկան շնորհավորելու համար: Իսկ Թուրքիայի հեղինակավոր համալսարաններից մեկը գտել է նրան։ Արդյունքն ակնհայտ է՝ Նիգարն ընդունել է թուրքական համալսարանի առաջարկը։ Համալսարանն իր վրա է վերցրել բոլոր ծախսերը։ Չնայած ի սկզբանե աղջիկը ցանկանում էր սովորել հայրենիքում։
Այսօր Ադրբեջանի առողջապահական համակարգն արտերկրում, այդ թվում՝ Թուրքիայում կրթություն ստացած բժիշկների ուսերին է։ 10-20 տարի առաջ մենք նման մասնագետներ չունեինք։ Ապագայում Նիգարը կդառնա նրանցից մեկը։ Իսկ նրանք, ովքեր այսօր քննադատում են նրան իր ընտրության համար, նույնիսկ չեն հիշի այդ մասին, երբ բուժում ստանան նրա մոտ»,- սոցցանցում գրել է Սամիր Ալիևը։
«Երիտասարդներն այս ձևով իրենց բողոքն են արտահայտում»
«Կցանկանայի, որ Նիգարն այլևս չվերադառնա Ադրբեջան»,- հայտարարել է փորձագետ Էլյար Իսլամօղլուն։
Ասում է՝ ամեն տարի տասնյակ ու հարյուրավոր կրթված երիտասարդներ լքում են մեր երկիրն ու որոշում ապրել արտասահմանում։ Իսլամօղլուի խոսքով՝ բոլորին հայտնի են պատճառները, թե ինչու են երիտասարդները նախընտրում ապրել Ադրբեջանի սահմաններից դուրս.
«Կադրերի նշանակման թափանցիկության բացակայություն, անարդարություն, ցածր աշխատավարձ, կոռուպցիա բոլոր ոլորտներում, անպետք տրանսպորտ, անորակ կոմունալ ծառայություններ, անարդար դատական համակարգ, պաշտոնատար անձանց ամենաթողություն և այլն․ բոլոր խնդիրները հնարավոր չէ թվարկել:
Եկեք դիտարկենք նշանակումները: Ովքեր են նշանակվում մեր երկրի ամենաբարձր պաշտոններում՝ ինչ-որ պաշտոնյայի, նրա եղբոր կամ հարազատների որդիները և այլն։
Ի՞նչ էիք կարծում։ Հույս ունեի՞ք, որ իշխանության ծառաներին իրենց գրածների համար պարգևատրելով՝ կարող եք խաբել երիտասարդությանը։ Լավ արդյունքների հույս ունեի՞ք այն դեպքում, երբ երիտասարդներին հետապնդում էիք իրենց ըմբոստության համար, ճնշում գործադրում նրանց ընտանիքների վրա։ Երիտասարդներն իրենց բողոքն արտահայտում են այս ձևով՝ անաղմուկ երկիրը լքելով։ Որոշ ժամանակ անց ուղեղների այս արտահոսքը ողբերգական արդյունքների է հանգեցնելու։
Այժմ երկրում հազարավոր երիտասարդներ ուղիներ են փնտրում արտասահման տեղափոխվելու համար։ Ինքս ափսոսում եմ, որ ժամանակին չօգտվեցի նման հնարավորությունից։ Երեխայիս մեծացնում եմ առանց սեփական տուն ունենալու և ցածր աշխատավարձով։
Ոչ ոք չի կարող դատապարտել Նիգարին և նրա նմաններին: Նրանց որոշումը ճիշտ է»,- շեշտել է Էլյար Իսլամօղլուն։
Ռեկորդակիրը չի ուզում սովորել Ադրբեջանում