«Երբեք չգիտես, ողջ-առողջ կվերադառնաս տուն, թե՝ չէ»
Լուսանկարները՝ Գիորգի Դարչիաշվիլի, Անա Գուջաբիձե
Վրաստանում ապրող տրանսգենդերների վերաբերյալ առաջին հետազոտությունը 2012 թվականին անցկացրեց «Կանանց նախաձեռնությունների աջակցման խումբը»: Հետազոտությունը ցույց տվեց, որ Վրաստանում ապրող տրանսգենդեր կանայք խտրականություն են զգում բոլոր ոլորտներում: Նրանց իրավունքները մշտապես խախտվում են՝ նրանց աշխատանքի չեն ընդունում, հասարակական վայրերում խնդիրներ են ծագում՝ փողոցներում, տրանսպորտում, պետական հիմնարկներում, նրանք մշտական ֆիզիկական բռնության օբյեկտ են:
Անցած տարիների ընթացքում գրեթե ոչինչ չի փոխվել: Եվ այսօր տրանսգենդերների մեծ մասը գտնվում է խտրականության պայմաններում, ապրում է ծայրահեղ աղքատության մեջ և գոյատևելու համար ստիպված է զբաղվել պոռնկությամբ:
Վերջին երեք տարիներին Վրաստանում սպանվել է երկու տրանսգենդեր, իսկ մեկին գտել են սեփական տանը մեռած՝ կասկածելի պայմաններում գազից խեղդված: Պարեկային ոստիկանություն հաճախ են օգնության խնդրանքով զանգեր ստացվում ՝ տրանսգենդերները դիմում են իրավապահ մարմիններին հարձակումներից հետո: Իրավապաշտպանները հայտարարում են, որ աղմուկ հանած դեպքերից ոչ մեկը իշխանություններից համարժեք արձագանք չի ստացել, որ վերջիններս գաղտնի կերպով ավելի խրախուսում են տրանսֆոբ տրամադրությունները երկրում: Դրան ավելանում են քաղաքական գործիչների և պետության ներկայացուցիչների հոմոֆոբ և տրանսֆոբ հայտարարությունները, որոնք հաճախ շահարկում են այդ թեման, ձգտելով գրավել ընտրազանգվածի համակրանքը: Երբեմն նրանք չեն խորշում բռնության կոչ անել, նկատելի ազդեցություն ցուցաբերելով հասարակության վրա, որն աչքի չի ընկնում բարձր սեռական և սեքսուալ կրթվածությամբ և դժվար թե հասկանում է «տրանսգենդերության» էությունը:
• Հոմոֆոբիայի դեմ պայքարի և ընտանիքի մաքրության օր: Թե ինչպես նշեցին մայիսի 17-ը Թբիլիսիում
Գլուխ 1. Ֆաթիման
Զրուցակցիս սպասում եմ «Մակդոնալդսի» երկրորդ հարկում: Սպասում եմ և մտածում այն մասին, թե ինչպես կընթանա մեր հարցազրույցը:
Նոյեմբերի 25՝ կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարի օր: Վրացի ֆեմինիստուհիները Ռուսթավելու վրա ցույց են կազմակերպում: Պատուհանից տեսնում եմ մի աղջկա, որը «Դադարեք սպանել կանանց» ցուցապաստառ է բռնել:
Իմ սեղանին է մոտենում համակրելի երիտասարդ՝ շիկակարմիր մորուքով, մոդայիկ բաճկոնով, ջինսով:
«Ես Ֆաթիմա Ռոմանովան եմ,- ներկայանում է նա: -Դա իմ ներքին անձի անունն է»:
Մենք նստած ենք ամենամարդաշատ սրճարանում, սուրճ ենք խմում և զրուցում: Այնտեղ գտնվող բազմաթիվ մարդկանցից միայն ես գիտեմ, որ իրականում զրուցում եմ կնոջ հետ:
Ֆաթիման տրանսգենդեր կին է: Չնայած ի տարբերություն մյուս կանանց, նա հագնում է տղամարդու հագուստ, մորուք է պահում և տղամարդու տեսք ունի:
«Ես Կոնչիտա Վուրստն եմ,- կատակում է,- Այն բանի համար, որ քեզ կին զգաս հագուստ ու շրթներկ պետք չէ: Տանել չեմ կարողանում ոչ էպիլյացիան, ոչ էլ կանացի այլ գործողություններ, ինձ դա մարմնի նկատմամբ բռնություն է թվում»:
Միշտ այդպես չի եղել: 2013 թվականի ամռանը իր գենդերային ինքնության մասին Ֆաթիման հայտարարեց հենց կնոջ հագուստով: Նոր ոճն անընդունելի եղավ ծնողների համար և ստիպված էր լքել տունը:
Ֆաթիմայի ֆեմինական կյանքն ավարտվեց, երբ փողոցում նրան դաժանաբար ծեծեցին:
«Կարող եք մտածել, որ այսօր տղամարդու տեսք ունեմ այն դեպքի պատճառով: Պարզ է, որ այսպես ինձ ավելի անվտանգ եմ զգում: Չնայած գլխավոր պատճառը սոցիումի կողմից թելադրվող կանոնների դեմ բողոքն է: Կարծում եմ, որ կինը կարող է մորուք ունենալ, և այդուհանդերձ մնալ գեղեցիկ»:
Մենք խոսեցինք մի տրանսգենդեր կնոջ՝ Զիզիի մասին, որը մահացավ թբիլիսյան հիվանդանոցներից մեկում 40-օրյա կոմայից հետո: Նա կոմայի մեջ էր ընկել փողոցում դաժան ծեծից հետո:
«Երբեք չգիտես տնից դուրս գալուց հետ կվերադառնա՞ս արդյոք»,- ասում է Ֆաթիման:
Ֆաթիման պատմում է, որ չի վերածվել կնոջ, այլ կին է ծնվել: Չնայած տրանզիցիայի փուլերը ցավոտ է անցել:
«Երբ հասարակությունը ասում է՝ դու ծնվել ես առնանդամով, նշանակում է տղամարդ ես, իսկ ինքդ քեզ կին ես զգում, բնականաբար, վախ է պատում: Սկսում ես մտածել քո աննորմալության, մեղսավորության մասին: Պատանեկան շրջանում հազարավոր մտքեր են գլխումդ պտտվում: Գուցե՞ եկեղեցուն դիմել: Կամ ընդհանրապես ինքնասպան լինե՞լ: Անցումային շրջանում սեփական մարմինս առանձնապես էր ջղայնացնում, իսկ մյուսներին ջղայնացնում էի ես ինքս: Ինքնասպանության փորձ էլ է եղել, մարմինը այլանդակելու փորձ էլ: Անվերջանալի կոնֆլիկտներ ընկերների, ծնողների հետ: Դրանք սարսափելի տարիներ էին», — հիշում է Ֆաթիման:
Այսօր նա կանանց կազմակերպության անդամ է: Նրան հաճախ կարելի է տեսնել տրանսգենդերների իրավունքների պաշտպանության ցույցերի ժամանակ: Նա նաև բժշկական կազմակերպություններից մեկի սոցիալական աշխատող է, երեկոները սրճարանում մատուցող է աշխատում: Ծնողների հետ հարաբերությունները այնուամենայնիվ կարգավորել է, կան նաև ընկերներ:
Անձնագրում, սակայն, նախկինի պես գրված է այն անունը, որը հիշել չի սիրում, չնայած անունը պաշտոնապես փոխելու մասին չի էլ մտածել:
«Ի՞նչ նշանակություն ունի, ինչ է գրված փաստաթղթում: Անձնագիրս օգտագործում եմ միայն բանկում և պետական ծառայություններից օգտվելիս: Ես բոլորի համար այնուամենայնիվ Ֆաթիման եմ կամ էլ Անտոշկան: Անտոշկան իմ սոցիալական անունն է, այդպես էլ են դիմում ինձ: Իսկ անձնագրում գրանցված անունը, միայն այն ժամանակ է իր մասին հիշեցնում, երբ փաստաթղթեր են պահանջվում»:
Անցումային տարիքում սեռը փոխելու միտքը սևեռուն դարձավ, չնայած այսօր արդեն ընտելացել է սեփական մարմնին և ինչպես ինքն է ասում՝ սովորել է ապրել տղամարդու մարմնում:
«Անցումային շրջանում իմ սեռական օրգանները ինձ ինքնասպանության էին հասցնում, բայց հիմա մի քիչ ընտելացել եմ: Կամ էլ, հնարավոր է, դա ընտելացում չէ, այլ ինքնապահպանման մշակում: Առաջին հերթին ես ինքս պետք է ընդունեմ ինձ այնպիսին, ինչպիսին կամ»,- ասում է Ֆաթիման:
Գլուխ 2. Ամանդան և էլի ինչ-որ մեկը
Երեկոյան ժամը 10-ին կրկեսի մոտ (վայր Թբիլիսիում, որտեղ հավաքվում են սեքս-աշխատողները, JAMnews) կանգնած են երեք տրանսգենդեր կին: Ամանդան և էլի մի կին, որն իր անունը չի ասում: Նրանք կարճ զգեստներով են, ցանցկեն գուլպաներով, դեկոլտեով:
«Ցուրտ չէ, սիրելիս, մենք քեզ նման «բնական» չենք»,- կատակում է Էթոն, ակնհայտորեն նմանակելով Էթեր Կակուլիային (առանձնահատուկ տեմբրի տեր վրաց երգչուհի, JAMnews):
Մինչ այդ տաքսի է կանգնում, վարորդը հայհոյանքով դուրս է կախվում պատուհանից: Էթոն փորձում է ի պատասխան ոտքով խփել մեքենային, բայց մեքենան կայծակի պես պոկվում է տեղից և անհետանում կամրջի ուղղությամբ:
«Սա ընդամենը «ժուռնալն է»՝ «կինոն» դեռ առջևում է,- ասում է Էթոն: — Գալիս են տղաներ՝ 5-6 հոգի միանգամից և ստիպված ես պաշտպանվել, խփում են ոտքերով: Հետո երբ նրանց «ախպերությունը» ցրվում է, նրանցից ինչ-որ մեկը գալիս է ներողություններով՝ ներեցեք, իբր, աղջիկներ, չէի կարող ընկերներիս ներկայությամբ…, հիմա մենակ եմ՝ կգա՞ք ինձ հետ»:
Էթոյին ամեն երեկո կարելի է տեսնել կրկեսի մոտ: Ցերեկը նա տղամարդու հագուստով է, աշխատում է հյուրանոցներից մեկի բարում:
Իսկ Ամանդային տղամարդու հագուստով երբեք չես տեսնի: Ասում է, որ դրա պատճառով ոչ մի կերպ աշխատանք չի գտնում: Այն պահից երբ գիտակցել է իր էությունը, փորձում է առավելագույնը համապատասխանել «բնականին»: Նույնիսկ կեղծամից է հրաժարվել, երկարացնելով մազերը: Ամանդան սեքս-աշխատող է: Ավարտել է բարմենի մասնագիտական դասընթացներ, չնայած «պլեշկայում» (համասեռական/երկսեռական և տրանսգենդեր սեքս-աշխատողների հավաքվելու վայրը) ավելի շատ ժամանակ է անցկացրել, քան բարում:
Կրկեսի մոտ հավաքվողների մեծ մասը ձեզ կասեն, որ կանգնում են այստեղ, այլ ընտրություն չունենալու պատճառով: Տրանսգենդեր կանայք միայն այստեղ կարող են ուտելիքի, բնակարանի վարձի, կոմունալ վճարումների և կենսական այլ անհրաժեշտությունների համար փող վաստակել:
«Մի քիչ էլ մնում է քեզ հետևելու համար և վերջ: Վիրահատության համար անհրաժեշտ գումար այստեղ չես գտնի»,- ասում է Ամանդան:
Ամանդան երազում է աշխատանքի մասին, չնայած այն հանգամանքին, որ արդեն մի քանի տարի է նրա առջև փակ են բոլոր դռները:
«Նրանք պահանջում են ինձնից լինել այն, ինչ չեմ: Հոգաբանական ճնշումը դարձել է սովորական՝ մշտական սպառնալից բղավոցներ փողոցում, հայհոյանք, ոտքի հարվածներ: Հաճախ ստիպված ենք պարեկների կանչել: Աշխատանքի մասին արդեն չեմ մտածում: Վերջին անգամ ռեստորաններից մեկում՝ Վաժա Փշավելայում, մերժեցին, իբր, հաճախորդներին իմ պատճառով կկորցնեն: Տնից հեռացել եմ հորս պատճառով, իսկ վարձով բնակարանի համար «պլեշկայում» փող վաստակում եմ: Եթե սեքս-զուգընկեր ես փնտրում, այստեղ միշտ էլ գտնում ես, բայց եթե երազում ես շարունակական կայուն հարաբերությունների մասին, ապա տրանսգենդեր կանանց համար այդ երազանքը դժվար թե իրականանա»,- ասում է Ամանդան:
Գլուխ 3. Բարտը
«Օրենսդրության մեջ ոչինչ չկա տրանսգենդերների իրավունքների մասին»,- ասում է Բարտը:
Բարտը 43-ամյա տղամարդ է: Կարճ սանրվածքով, կոշտ ձայնով և խուլիգանական արտաքինով:
Սեպտեմբերի 16-ին իր ծննդյան օրը ինքն իրեն նվեր է արել, պաշտոնապես փոխելով անունը: Արդեն երկու տարի է դատական վեճերի մեջ է՝ անձնագրում «սեռը» սյունակում փոփոխություն մտցնելու համար: Անձնագրում հիմա գրանցված սեռը նրա համար գլխացավանք է դարձել, քանի որ հաճախ հայտնվում է անհարմար դրության մեջ: Վերջերս բանկում խնդիր էր ունեցել, որտեղ նրան ապացուցում էին, որ իր սեռն անձնագրում սխալ է գրված:
Նրա հետ ես հանդիպեցի Ազատության հրապարակում «Սպիտակ աղմուկ» շարժման գրասենյակում: Գրասենյակում հյուրընկալված էին «Ազատ համալսարանի» ուսանողներ: Հարցում էին անցկացնում տրանսգենդերների կյանքի շուրջ: Շատ հարցեր տվեցին:
«Ե՞րբ պարզեցիք, որ տրանսգենդեր տղամարդ եք»,- հարցրեց նրանցից մեկը:
«Ոչ մի բացահայտում էլ չի եղել: Միշտ էլ իմացել եմ, ով եմ: Ուղղակի չգիտեի, թե ինչպես է դա կոչվում»,- պատասխանեց Բարտը:
Իսկ ի՞նչ կարող էր իմանալ խորհրդային Վրաստանում և ավանդական ընտանիքում մեծացած երեխան գենդերի մասին:
«Հայրս «լռվել էր» 19-րդ դարում, ես շատ քույր-եղբայրներ ունեմ, նրանք նույնպես պահպանողական մտածող մարդիկ են: Օրինակ, իմ երեխային ներշնչում էին, որ Ուիթնի Հյուսթոնը վատն է, որովհետև թմրամոլ է»:
Բարտը երեք երեխա ունի: Մեկ՝ բիոլոգիական և երկու՝ որդեգրած:
«Ի՞նչպես հայտնեցիք երեխաներին»,- հարցնում են ուսանողները Բարտին:
2006 թվականին , երբ գործում էր «Ինկլյուզիվը» (այն ժամանակ միակ ոչ կառավարական կազմակերպությունը Վրաստանում) Բարտը որոշեց իր բիոլոգիական երեխային մտցնել կազմակերպություն մեջ և քամինգ-աութ կատարել:
Դա կարևոր և շատ ռիսկային որոշում էր: 14-ամյա Տիկոն աշխարհին նայում էր պապի կարծրատիպերով (Բարտը համարյա տանը չէր լինում): Բարտին ընկալում էր որպես մայր և պատկերացում չուներ տրանսգենդերների մասին:
Այդ օրը, երբ Տիկոյին պատմեց իր մասին, նրա համար մինչև հիմա էլ ամենակարևորն է կյանքում:
«Հենց այդ օրը պարզեցի, որ երեխաներն ավելի ողջմտորեն են ընկալում նորը, քան մեծահասակները: Տիկոն շատ լաց եղավ, հետո գրկեց և ասաց, որ սիրում է ինձ այնպիսին, ինչպիսին կամ, և կսիրի: Դրանից հետո նա ոչ միայն իմ երեխան է, այլև իմ լավագույն ընկերը»:
Բարտը ծնվել է թբիլիսյան ավանդական ընտանիքում: Մանկությունը հիմա ժպիտով է հիշում:
«Մայրս վաղ էր գնում աշխատանքի: Հագուստը, որով պետք է գնայի մանկապարտեզ, թողնում էր աթոռին, իսկ մանկապարտեզ հայրս էր տանում: Նա անընդատ վիճում էր մորս հետ, որովհետև աթոռին մշտապես շալվար էր գտնում: Եվ միայն հետո պարզվեց, որ այդ ես էի զգեստը թաքուն փոխում շալվարի»,- հիշում է Բարտը:
Բակում միշտ խաղում էր տղաների հետ, դպրոցական համազգեստի փոխարեն հագնում էր սպորտային շալվար: Հասարակության ընկալման մեջ նա աղջիկ էր, չնայած նրան անվանում էին տղա-Մաթե: Մի անգամ դասախոսը շփոթվեց և նրան Լադո անվանեց: Նա չուղղեց՝ դուրը եկավ:
Անցումային հասակում Բարտը ատեց սեփական մարմինը: Սկզբում ինքն իրեն կասկածեց լեսբիանության մեջ: Չգիտեր գենդերային ինքնության և սեռական կողմնորոշման տարբերությունը:
Այսօր գենդերային հարցերի մասնագետները համաձայնում են, որ գենդերային ինքնությունը՝ կոնկրետ սեռի պատկանելու ներքին զգացողություն է, սեռական կողմնորոշումը՝ մարդու հակումը մյուս սեռի նկատմամբ՝ արական, իգական կամ երկուսին էլ միաժամանակ:
Բարտն այս ամենի մասին ավելի ուշ իմացավ:
«Երբ կարդացի, ինչպես է Մայա Ցխենթելին (18-րդ դարի վրաց ժողովրդական հերոսուհի, որը անունը փոխել է տղամարդու Մաթե անունի, տղամարդու հագուստ է հագել և ծառայել է Հերակլ 2-րդի մոտ, JAMnews) «կերպարանափոխվել է», ապա հասկացա, որ ես միակը չէմ այս աշխարհում: Հետո ինչ-որ ամսագիր աչքովս ընկավ, որտեղ տրանսգենդերների մասին հոդված կար»:
Այսպես աստիճանաբար ուսումանասիրեց ինքն իրեն և պարզեց սեփական ինքնությունը:
Բարտի ծնողները նույնպես շուտով հասկացան, որ «ինչ-որ բան կարգին չէ»: Ընտանիքը երկար փորձում էր նրան փոխել, մեկ հայրական զինվորական գոտիով, մեկ սեքսոլոգ Անդրո Կանդելակիի մոտ այցելություններով:
«17 տարեկանում ես սիրածս աղջկա հետ փախա տնից: Մեզ գտան, տարան Անդրո Կանդելակիի մոտ: Երբ մտա կաբինետ, սեղանին տեսա օրագիրս, որը ծնողներս թաքուն վերցրել էին սենյակիցս: Երբեք չեմ մոռանա այդ օրը: Հետագայում ծնողներս, վերջապես հասկացան, որ ոչինչ չեն կարող փոխել և ինձ հանգիստ թողեցին»:
Սեքսապաթոլոգ Անդրո Կանդելակին այսօր էլ աշխատում է այդ ոլորտում: Տալիս է՝ «տեղեկանք իսկական տրանսսեքսուալին»: Տեղեկանքը պարտադիր է բոլոր նրանց համար, ով մտադիր է փոխել սեռը: Տեղեկանքը տրվում է սեքսապաթոլոգին երկու տարի այցելելուց հետո:
Բարտը սեռը շտկելու մասին այսօր ավելի քիչ է մտածում:
«17 տարեկանում ես դեռ կանեի վիրահատություն, բայց հիմա արդեն իմաստ չունի: Բացի այդ ես վստահ չեմ, որ Վրաստանում կկարողանան լավ վիրահատել՝ հանկարծ էրեկցիայի և օրգազմի վրա չազդի»:
Չնայած բազմաթիվ դժվարությունների, Բարտն իրեն երջանիկ մարդ է համարում: Նա 17 տարեկան էր, երբ խենթի պես սիրահարվեց մի կնոջ, որի հետ ապրում է արդեն 27 տարի:
Հիմա Բարտը դատարանի վճոի սպասման մեջ է՝ նա պահանջում է փոխել անձնագրի «սեռը» սյունակում արված գրառումը: Եթե դատարանը բավարարի նրա պահանջը, դա կդառնա նախադեպային որոշում, քանի որ մինչ օրս Վրաստանում անձնագրում սեռը ոչ ոք չի փոխել:
Բարտը ասում է, որ տրանսգենդեր կանանց համար աշխատանք գտնելն ավելի դժվար է, քանի որ հասարակությունը նրանց վերաբերվում է մեծ դաժանությամբ:
Չնայած աշխատանքում խոչընդոտներ ունեցել է նաև Բարտը: Նա չէր կարողանում առաջ գնալ ծառայողական աստիճանով, այդ պատճառով էլ ոստիկանությունում 5 տարվա ծառայությունից հետո որոշեց ազատվել: Արդեն մի քանի տարի համակարգչային վարպետ է աշխատում Կեկելիդձե փողոցում:
Նա այդ աշխատատեղում էլ խնդիրներ ունեցավ: Օրինակ, աշխատակիցները տեսան նրան հեռուստացույցով մայիսի 17-ի բողոքի ակցիային (Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը. Վրաստանում շատ-շատերը բացասաբար են վերաբերվում այդ օրվան, քանի որ ընկալում են դա որպես համասեռականության քարոզչություն, JAMnews) և սկսեցին հարցեր պարզել:
«Կեկելիձե փողոցում մի քանի արտադրամասեր կան և դրանցից մեկի վարպետները սպառնալիքներով հարձակվեցին ինձ վրա, «պեդերաստ» անվանեցին, նախազգուշացրին, որ եթե չազատվեմ, ապա մեծ խնդիրներ կունենամ, և ոչ միայն ես, այլև իմ աշխատակիցները: Վերջիվերջո Վերի (թբիլիսյան թաղամաս) հեղինակությունները խառնվեցին գործին, և դրանով պատմությունը մարեց»,- պատմում է Բարտը և ավելացնում, որ իր սրտով չէ, որ դեպքերը զարգացան 90-ականների ոճով:
«Հանձնվել չէի՞ր պատրաստվում»,- հարցնում եմ ես:
«Ոչ մի դեպքում,- պատասխանում է,- 2006 թվականից այնտեղ եմ աշխատում, խորացել եմ այդ աշխատանքում: Եթե ինձ չկարողանամ պաշտպանել, էլ ո՞ւմ կկարողանամ»: