Գլխավոր կարծրատիպերը և ինչ անել դրանց հետ" />

Ինչի՞ համար են պայքարում կանայք։ Ֆեմինիզմի այբուբեն

Գլխավոր կարծրատիպերը և ինչ անել դրանց հետ

Լուսանկարը՝ Յանա Կորբեզաշվիլիի, JAMnews

Մարտի 8-ին աշխարհը նշում է Կանանց միջազգային տոնը: Իհարկե, վերջին մեկ դարում կանայք շատ բաների են հասել՝ պաշտպանելով իրենց իրավունքները: Օրինակ, այժմ նրանք նույնպես մասնակցում են ընտրություններին և իրենք են որոշում, թե արդյոք ուզում են երեխա ունենալ և քանիսը:

Սակայն, այնուամենայնիվ, մինչև լիակատար իրավահավասարություն դեռ պետք է երկար ճանապարհ անցնել: Նրանց, ովքեր այդ ճանապարհն առաջինն են անցնում, կոչում են ֆեմինիստներ: JAMnews-ը որոշել է պատմել, թե ովքեր են նրանք և ինչի են ուզում հասնել: Պատմելու ենք՝ քննարկելով ամենատարածված կարծրատիպերը:

_____________________________________________

Ֆեմինիզմի հաղթանակն ա՞յն է, երբ կանայք փոխարինեն տղամարդկանց և առաջատար դերեր զբաղեցնեն բոլոր ոլորտներում

Ոչ, դա ոչ թե ֆեմինիզմ, այլ մայրիշխանություն կդառնա:

Ֆեմինիզմը հանդես է գալիս ցանկացած մեկի գերակշռող դիրքի դեմ:

Շարժման կողմնակիցներն, ընդհակառակը, հավասար իրավունքներ և հնարավորություններ են պահանջում բոլոր կանանց և տղամարդկանց համար: Շարժման անդամները բողոքում են կանանց հանդեպ խտրականության և գենդերային հատկանիշով իրավունքների խախտման դեմ: Ըստ օրենքի՝ կինն իր երկրի նույնպիսի քաղաքացի է, ինչպես տղամարդը: Հետևաբար, նա պետք է ունենա նույն քաղաքական, տնտեսական և քաղաքացիական իրավունքներն:

Ֆեմինիստները տանել չեն կարողանում տղամարդկանց, պայքարում են ընտանիքի ինստիտուտի դեմ, չեն սափրում թևատակերը և ընդհանրապես նրանք լեսբուհիներ են

Ֆեմինիզմը ոչ թե տղամարդկանց դեմ պայքար է, այլ հայրիշխանության: Դա պայքար է այն համակարգի դեմ, որում հասարակական կյանքի ցանկացած մակարդակում՝ քաղաքականությունում, ընտանիքում, բիզնեսում, իշխանությունը կենտրոնացած է տղամարդկանց ձեռքում:

Ֆեմինիզմը չի չափվում սեռական կողմնորոշմամբ կամ երեխաների թվով: Կան ֆեմինիստներ տնային տնտեսուհիների շրջանում, կան բազմազավակ ֆեմինիստներ: Ֆեմինիստների շարքերում կան նաև կանայք, որոնք պլաստիկ վիրահատություններ են անում և լուսանկարվում գլամուրային ամսագրերի շապիկների համար:

Դերասանուհի Էմմա Ուոթսոն

Ի՞նչպես վարվել կենսաբանության հետ: Ֆեմինիստները կարծում են, որ կանայք և տղամարդիկ նույնն են

Ոչ մի խելքը գլխին ֆեմինիստի մտքով չի անցնի դա ապացուցել: Բնականաբար, կանայք և տղամարդիկ կենսաբանորեն տարբերվում են: Սակայն միայն կենսաբանորեն. քաղաքացիական իրավունքների առումով կանանց և տղամարդկանց միջև տարբերություն չպետք է լինի:

Աշխարհում ընդհանրապես միանման մարդիկ չկան: Ֆիզիկական տվյալներով և տարբեր ունակություններով բոլոր մարդիկ տարբեր են՝ սև և սպիտակ, բարձրահասակ և ցածրահասակ, նիհար և գեր, մեկը հիանալի լսողություն ունի, մյուսն ուժեղ է, երրորդը հրաշալի գլուխ է հանում մաթեմատիկական խնդիրներից: Սակայն օրենքի առջև նրանք բոլորը հավասար են:

Բացի այդ, մի՞թե տղամարդկանց ղեկավար պաշտոնի նշանակելիս հաշվի են առնվում նրանց ֆիզիկական առանձնահատկությունները: Եթե կենսաբանական տարբերություններն այդքան զգալի են աշխատանքի ընդունելիս, ապա ընկերությունների տնօրեններ նշանակելիս պետք է ոչ թե հարցազրույցի արդյունքները հաշվի առնել, այլ բազկամարտի մրցույթի:

Իրականում, կենսաբանությունը հասարակական կյանքում կարևոր է դարձել այն պատճառով, որ կարծրատիպերը մարդկանց մոտ ձևավորվում են ամենավաղ մանկությունից: Մանկապարտեզում, դպրոցում, փողոցում, տանը մենք ամենուր լսում ենք, որ տղամարդը պետք է քաջ լինի, վճռական և ուժեղ, իսկ կինը՝ թույլ, հոգատար, ազնիվ և բարոյական:

 Ըստ վրացական  եև ուղղափառ եկեղեցու ավանդույթների՝ կինը պետք է ենթարկվի ամուսնուն: Եվ ընդհանրապես, ֆեմինիզմն ու կրոնն անհամատեղելի են

Սկսենք կրոնից և որոշենք, թե ինչ ենք ենթադրում այդ հասկացության տակ՝ հավա՞տք, այսինքն՝ մեր անձնական վերաբերմունքը գերբնականին, մեր անձնական անհատական որոնումնե՞րը, թե՞ եկեղեցին, կազմակերպված ինստիտուտը:

Եթե առաջինն, ապա ֆեմինիզմն ու կրոնը լիովին համատեղելի են: Չէ՞ որ հավատացյալ մարդու համար Աստված արդար է, և բոլոր մարդիկ նրա համար իրավահավասար են: Եվ ֆեմինիզմի խնդիրը հենց դա է՝ հասնել բոլոր մարդկանց իրավահավասարության:

Իսկ եթե եկեղեցին, ապա պատմականորեն եկեղեցին խորապես պատրիարխալ ինստիտուտ է: Այն մասնակիորեն բարեփոխվել է 20-րդ դարում և սկսել համապատասխանել ժամանակակից հասկացություններին: Սակայն եկեղեցու այլ ճյուղեր, օրինակ, ուղղափառությունը, մնացել են ավանդական, պահպանողական: Ուղղափառ եկեղեցին փորձում է պահպանել իր պատրիարխալ էությունն ու կանանց հանդեպ վերահսկողությունը, թեև հավատքի դոգմաների համաձայն, անիրավահավասարությունն անթույլատրելի է:

Իսկ ինչ վերաբերում է վրացական ավանդույթներին, ապա ինչո՞ւ տղամարդիկ աշխատանքի չեն գնում ավանդական չուխայով և դաշույնով: Աշխարհը փոխվել է, և դրանում տեղ չի մնացել հնացած շատ ավանդույթների համար: Հատկապես այնպիսիների, որոնք սահմանափակում են ինչ-որ մեկի ազատությունը:

Երբ խոսքը գնում է հանճարեղ կոմպոզիտորների կամ նկարիչների մասին, ինչո՞ւ նրանց թվում չկան կանայք

Իրականում լավ կին կոմպոզիտորները քիչ չեն: Սակայն հարցադրումն ինքնին ճիշտ չէ և ահա, թե ինչու.

Այո, և երաժշտության, և գեղանկարչության, և գիտության, և այլ ոլորտներում հանճարեղ տղամարդկանց ավելի շատ ես հիշում, քան կանանց: Սակայն եկեք վերանայենք մարդկության պատմությունը. մի՞թե տղամարդիկ և կանայք զարգացման միանման պայմաններ են ունեցել: Հազարամյակների ընթացքում կանայք բացառվել են ցանկացած ինտելեկտուալ գործունեությունից, նրանք հնարավորություն չեն ունեցել նույնիսկ կրթություն ստանալ, էլ չենք խոսում իրենց հմտությունները զարգացնելու և կիրառելու մասին:

Հնարավոր է, որ կանանց շրջանում նույնպես եղել են Լեոնարդո դա Վինչիներ և Ռաֆայելներ, սակայն մարդկությունը կորցրել է նրանց միայն այն պատճառով, որ նրանց ընդհանրապես թույլ չեն տվել վրձինը ձեռքն առնել:

Պատմությունը բազմաթիվ օրինակներ գիտի, երբ կանայք օգտագործել են տղամարդու ծածկանուններ որպես իրենց իրացնելու միակ միջոց:

Ամերիկայում կանայք մինչև 1920թ-ը չէին կարող մասնակցել ընտրություններին, Մեծ Բրիտանիայում՝ մինչև 1928թ-ը: Իսկ Սաուդյան Արաբիայում միայն 2015թ-ին կանանց թույլ տվեցին քվեարկել:

Ինչո՞ւ են ֆեմինիստները խոսում բոլոր կանանց անունից: Բնավ ոչ բոլորն են ուզում և պահանջում իրավահավասարություն

Հաճախ կանայք կարծրատիպերի գերի են լինում և համաձայնում են, որ «բոլոր կանայք հիմարներ են»: Այդպիսի կանայք սիրում են ընդգծել, որ իրենց ընկերների մեծ մասը տղամարդիկ են: Դրանով նրանք կարծես հեռացնում են իրենց «հիմարներից» և ապացուցում, որ «տղամարդու խելք» ունեն:

Կան կանայք, որոնք ճանաչում են իրավահավասարության գաղափարը, սակայն չեն ուզում, որ իրենց ֆեմինիստներ համարեն: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ ֆեմինիզմի հասկացությունը հաճախ մարգինալացվում է, ֆեմինիստներին ներկայացնում են որպես ագրեսիվ կանանց, որոնց բախտն անձնական կյանքում չի բերել:

Որևէ մեկը կանանցից չի պահանջում հրաժարվել ընտանիքից և դադարել գազօջախի մոտ բան պատրաստել, ոչ ոք չի պնդում, որ այդպես չարժե ապրել: Խոսքն ընդհանրապես դրա մասին չէ: Գլխավորն ազատ ընտրության հնարավորությունն է: Ֆեմինիստները պայքարում են, որպեսզի կինն ինքը որոշի՝ ունենալ երեխա, թե՝ ոչ, ընտանիք կազմել, թե ապրել առանց դրա, ֆուտբոլ խաղալ, թե՝ ոչ, պլաստիկ վիրահատություն անել, թե պահպանել բնական արտաքինը:

Սակայն երբ մանկուց աղջիկների գլուխը մտցնում են, որ կանանց կյանքում երկու գլխավոր իրադարձություն կա՝ հարսանիքն ու երեխայի ծնունդը, ազատ ընտրություն կատարելը շատ դժվար է:

Չի օգնում նաև կրթության հնացած համակարգը, և դա հատկապես վառ է արտահայտվում թեմատիկ հեռուստատեսային թոք-շոուների ժամանակ:

Եվս մեկ պատճառ, որ շատ կանայք իրավահավասարության մասին չեն էլ մտածում, կայանում է նրանց սահմանափակ ֆինանսական հնարավորություններում: Հաճախ նրանք ամբողջությամբ կախված են տղամարդկանցից և ապրում են իրենց «հովանավորի» սցենարով:

Արդյո՞ք տղամարդիկ կարող են ֆեմինիստ լինել

Միլիոնավոր տղամարդիկ ողջ աշխարհում ֆեմինիստական հայացքներ ունեն: Ահա նրանցից մեկը.

Դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը

Իրականում աշխարհի պատրիարխալ կառուցվածքը վնաս է հասցրել նաև տղամարդկանց, և իրավահավասարությունն, ըստ էության, նրանց պետք է լիովին ձեռնտու լինի:

Գենդերային կարծրատիպերը, մի կողմից, կանանց «վանդակում են փակել»: Սակայն տղամարդկանց նույնպես ստիպել են համապատասխանել հասարակությունում ընդունված «իսկական տղամարդու» կերպարին: Նա պետք է ապահովի ընտանիքի բարեկեցությունը, թուլություններ չունենալ: Երկու տարեկանից ապագա տղամարդկանց արգելում են արտասվել, նրանց միանգամից ասում են՝ չէ՞ որ դու տղամարդ ես:

Հասարակությունը խեթ է նայում այն տղամարդկանց, որոնք «կանանց բնորոշ» գործերով են զբաղվում՝ ուտելու բան են պատրաստում, երեխաների համար հոգ են տանում: Օրինակ, երեխաների հետ մնացող տղամարդուն, որի կինը գործուղման է մեկնում,  «հերոս» են անվանում: Իսկ ո՞վ կնոջը «հերոս» կանվանի նրա համար, որ նա փոխում է երեխայի «փամփերսը»:

Կասկածանքով են նայում այն տղամարդկանց, որոնք սինքրոն լողով են զբաղվում կամ սիրում են գործել: Հիշում եք երևի, թե ինչպիսի մեկնաբանություններով էին Ֆեյսբուքում տարածում Վրաստանի նախագահի լուսանկարը՝ շյուղերը ձեռքին:

Ֆեմինիզմի գլխավոր գաղափարն այն է, որ մեկը մյուսին չպետք է ստիպի համապատասխանել ինչ-որ դերերի: Յուրաքանչյուր ոք զբաղվում է նրանով, ինչ իրեն հաճույք է պատճառում, և ապրում է այնպես, ինչպես դուր է գալիս իրեն, այլ ոչ թե կնոջը կամ ամուսնուն, մորաքրոջը, հարևանին կամ զարմիկի զոքանչին:

Ահա Ֆեմինիզմի գլխավոր գաղափարը . որևէ մեկը մյուսին չպետք է ստիպի համապատասխանել ինչ-որ դերի 

Հնարավո՞ր է արդյոք համաձայնել ֆեմինիստների հետ, բայց ակտիվիստ չլինել

Հնարավոր է, իհարկե: Սակայն ֆեմինիստները, որպես կանոն, հանդարտ չեն լինում: Չէ՞ որ նրանք ամեն քայլափոխի բախվում են անարդարության. անգամ մեքենայի ղեկին նստելիս կարող են հեգնական ժպիտներ տեսնել կամ ինչ-որ նկատողություններ լսել: Սակայն, վիճակագրության համաձայն, կանայք շատ ավելի հազվադեպ են խախտում երթևեկության կանոնները, քան տղամարդիկ:

Ֆեմինիզմն այսպես թե այնպես ակտիվ դիրքորոշում է ենթադրում: Թեև այդ դիրքորոշման արտահայտչամիջոցներն ու մեթոդները յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն ընտրել: Կարելի է չմասնակցել փողոցային ակցիաներին, եթե աշխատանքի ես: Սակայն արժե դատարան դիմել, եթե աշխատանքի չեն վերցրել միայն այն պատճառով, որ կին ես:

Այդ ամենը դատարկ իրարանցում է, որը ստեղծվել է հասարակական կազմակերպություններիկողմից գրանտ ստանալու համար: Իրականում Վրաստանում վաղուց իրավահավասարություն է. դեռևս 12-րդ դարում թագուհի Թամարը պաշտոնապես կրում էր թագավորի տիտղոս

Իրոք, վրացական օրենսդրությունն արգելում է տարիքային և սեռական հատկանիշով խտրականությունը: Սակայն իրականում բոլորովին այլ պատկեր է: Բավական է մտնել կայքեր, որտեղ հրապարակվում են աշխատանքի ընդունման մասին հայտարարություններ: Ընկերությունների մեծ մասը մինչև այսօր կառավարչի պաշտոնին տղամարդու է հրավիրում, իսկ խոհարարի, հավաքարարի, մատուցողի աշխատանքի համար՝ կանանց: Լուրջ խտրականություն է նկատվում աշխատավարձերի ոլորտում:

Դրա հետ մեկտեղ տարածված է այն կարծիքը, որ կնոջը կարիերային աճն այնքան էլ պետք չէ, իրականում նրան անհրաժեշտ է «կնոջ երջանկություն»՝ ընտանիք, սիրող ամուսին, որը նրան կպաշտպանի և կապահովի անհրաժեշտ ամեն ինչով:

Այն, որ կանայք կարիերային աճի համար շատ ավելի քիչ հնարավորություն ունեն, հաստատվում է նաև այս հետազոտությամբ.

2016թ-ին սոցիոլոգները համեմատել են 217 երկրից ստացված տվյալներն ու եկել հետևյալ եզրահանգման.

Տուն մաքրելը, ուտելիք պատրաստելը, երեխաների և տարեց ծնողների համար հոգ տանելը միջինում զբաղեցնում է կնոջ կյանքի 23 տարին: Այն դեպքում, երբ տղամարդիկ, որպես կանոն, ազատ են այդ պարտականություններից: Տնային գործերով կանայք, ընդհանուր առմամբ, զբաղված են տղամարդկանցից կրկնակի ավել, և հաճախ հենց տնային գործերով ծանրաբեռնված լինելու պատճառով են հրաժարվում կարիերայից և կրթությունից:

Ֆեմինիստները պարզապես ուշադրություն են գրավում իրենց վրա, նրանք ոչ մի իրական գործ չեն արել

Եթե չլինեին ֆեմինիստներն, այսօր կանայք իրավունք չէին ունենա ընտրություններին մասնակցել, բարձրագույն կրթություն ստանալ, քաղաքականությանը մասնակցել, ֆուտբոլ խաղալ, ղեկավար պաշտոն զբաղեցնել: Այդ բոլոր իրավունքներին կանայք հասել են ինքները՝ պայքարելով իրենց իրավունքների համար:

Կանանց հասարակական ակտիվությունը, մասնակցությունը բիզնեսին շատ շահեկան է տնտեսության համար: 2016թ-ին 91 պետությունում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ ընկերություների կառավարմանը կանանց մասնակցությունը բիզնեսն ավելի եկամտաբեր է դարձնում: Դա հաստատվում է ՄԱԿ տվյալներով. որքան շատ են երկրում կրթված և աշխատող կանայք, այնքան զգալի է այդպիսի երկրներում տնտեսական աճը:

Միաժամանակ, որքան շատ են երկրում կրթված կանայք, այնքան քիչ է այդպիսի երկրում երեխաների մահացությունը:

Ստացվում է, որ ֆեմինիստներն արդեն հասե՞լ են ամեն ինչի: Ուրեմն ինչի համար են պայքարում այսօր

Ցավոք, դեռևս ամեն ինչի չեն հասել:

Մնում է կանանց և տղամարդկանց միանման աշխատանքի դիմաց վարձատրության զգալի տարբերությունը: Կանանց խտրականությունն աշխատավարձի հատկանիշով տարբեր երկրներում, կախված տարիքից, կազմում է 0,5-ից մինչև 52,9 տոկոս:

Զգալի խնդիր է ընտանեկան բռնությունը: Ընդ որում, ոչ բոլորն են ընտանեկան բռնությունը հանցագործություն համարում: Իսկ բռնաբարության դեպքում հաճախ կատարվածի համար մեղադրում են զոհին:

Մինչ օրս կանանց հանդեպ կատարվում են հանցագործություններ, որոնք պատրիարխալ հասարակությունն ավանդույթ է համարում: Օրինակ, ստիպողաբար ամուսնացնելը, կանանց առևանգումները, այսպես կոչված «սպանությունները հանուն պատվի», կանանց սեռական օրգանների վիրահատությունները, աբորտների արգելքը, կանանց սեռական շահագործումը:

Այդ ամենը տեղ ունի նաև այսօրվա Վրաստանում:

2016թ-ին կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովին հրապարակված տվյալների համաձայն՝ առավել լայն իրավունքների կանայք հասել են Իռլանդիայում, Ֆինլանդիայում և Նորվեգիայում: Ամենածանր իրավիճակը գրանցվել է Սաուդյան Արաբիայում, Սիրիայում, Պակիստանում և Յեմենում, որտեղ կանանց 92%-ը կայուն անձնական եկամուտ չունի:


Կարդալ ավելին JAMnews-ում