«Անհրաժեշտ է հետաքննել ռուս խաղաղապահների գործողությունները»․ Փաշինյանը դիմել է Պուտինին
Ադրբեջանական ԶՈւ-ն շարունակում է պահպանել դիրքերը, որոնք գրավել է մարտի 24-ին Արցախի՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Շարունակվում են ելման դիրքեր դրանց վերադարձի շուրջ բանակցությունները։ Մարտի լույս 26-ի գիշերը իրավիճակը համեմատաբար կայուն է եղել, սակայն ցերեկը՝ ժամը 11:00-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շարունակել են առաջանալու փորձերն Արցախի արևելյան սահմանի ուղղությամբ, որը նույնպես գտնվում է ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում։
Ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով՝ նախորդ երկու օրում զոհվել է երեք հայ զինծառայող, 14-ը վիրավորվել է, երկուսի վիճակը գնահատվում է՝ ծայրահեղ ծանր։
Հայաստանում քննարկվում է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության արդյունավետությունը, քանի որ Ադրբեջանի գրաված ռազմավարական կարևորության Քարագլուխ բարձունքը հենց նրանց վերահսկողության տակ էր։ Այս հարցին է անդրադարձել Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Սակայն մարտի 26-ին հաղորդվեց, որ Արցախի իշխանությունները որոշել են պաշտոնական նամակ հղել Ռուսաստանի նախագահին՝ խաղաղապահ զորախումբը մեծացնելու խնդրանքով։
Էլ ի՞նչ է հայտնի այս պահի դրությամբ․ բարձունքի կորստի վարկած, Փաշինյան — Պուտին հեռախոսազրույցի մանրամասներ, ի՞նչ է սպասում հայկական կողմը Ռուսաստանից, Հայաստանի հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարան և ՄԱԿ Միջազգային դատարան։
- Հայաստանը հաղորդում է Ադրբեջանի ԶՈւ կողմի Արցախում բարձունք գրավելու, Բաքուն՝ դիրքեր ճշգրտելու մասին
- «Ադրբեջանն ապացուցում է՝ ինքն է հեղինակել Արցախի գազատարի պայթյունը»․ Հայաստանի վարչապետ
- «Հայաստան-Ադրբեջան ուղիղ երկխոսությունը քիչ հավանական է»․ քննարկումներ Երևանում
«Խաղաղապահներն առաջարկել են հեռացնել հայկական դիրքերը»
Քարագլուխ բարձունքի կորստի սկանդալային վարկած է լրագրողներին ներկայացրել Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ Նրա խոսքով՝ ռուս խաղապահներն առաջարկել են այդ հատվածից հեռացնել և հայկական, և ադրբեջանակակն դիրքերը՝ լարվածությունը նվազեցնելու նպատակով։ Դա տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ։
Փետրվարից ադրբեջանական ԶՈւ-ն գնդակոծել է շփման գծի հայկական գյուղերը։ Բարձրախոսների միջոցով հայերենով պարբերաբար կոչ է հնչել, որ բնակիչները լքեն իրենց տները՝ սեփական կյանքը փրկելու համար։
Սամվել Բաբայանը հայտարարել է, որ պայմանավորվածությունը կատարել է միայն հայկական կողմը, իսկ ադրբեջանական ԶՈւ-ն օգտվել է առիթից և առաջ եկել այդ տարածքներում։ Ռուս խաղաղապահները ոչ մի դիմադրություն չեն ցուցաբերել։
«Հայկական կողմը պետք է պահանջի, որ Ռուսաստանը վերադարձնի Քարագլուխ բարձունքը, որովհետև հենց Ռուսաստանի առաջարկով ենք մենք այնտեղից հանել մեր դիրքերը», — կարծում է Սամվել Բաբայանը։
Սակայն հայկական կողմը շարունակում է սպասել, որ Ռուսաստանը ջանքեր գործադրի կոնֆլիկտի խաղաղ հանգուցալուծման համար։
«Արցախի իշխանություններն, այնուամենայնիվ, հույս են հայտնում, որ ռուսական կողմի վճռական ջանքերի շնորհիվ կհաջողվի ադրբեջանական զորքերին վերադարձնել ելման դիրքեր, իսկ Արցախի խաղաղ բնակչությանը՝ իրենց տներ, հակառակ պարագայում լուրջ կերպով կասկածի տակ են դրվում Արցախում ապրող խաղաղ բնակչությանը տրված անվտանգային երաշխիքները», — ասված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրությունում։
Փաշինյան-Պուտին․ «Վերադարձնել Ադրբեջանական ԶՈւ-ն ելման դիրքեր»
Հայաստանի վարչապետը մարտի 25-ին երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ, որի ընթացքում քննարկվել է «Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը»։
Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը, Նիկոլ Փաշինյանը շփման գծում իրավիճակը գնահատել է՝ լարված և հայտարարել
- ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության,
- ռուս խաղաղապահների կողմից Ադրբեջանի զինված ուժերը ելման դիրքեր վերադարձնելու անհրաժեշտության մասին։
«Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են ջանքեր գործադրել ԼՂ-ում ստեղծված ճգնաժամային իրավիճակը կարգավորելու ուղղությամբ», — ասված է հաղորդագրությունում։
«Ռուսաստանի հետ համագործակցության հնարավորությունները սպառված չեն»
Այսպես է կարծում արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ սոցցանցերում մարդկանց արձագանքից տպավորություն է ստացել, թե հայ հասարակությունը կասկածում է դրան։
«Կան հարցեր և հարցադրումներ առ այն, թե արդյոք հնարավոր է, որ սա տեղի է ունենում ադրբեջանցիների և խաղաղապահների միջև որոշակի պայմանավորվածությունների արդյունքում: Ես անձամբ չէի ուզի այդպես կարծել և որևէ հիմք կամ նույնիսկ ցանկություն չունեմ այդ ուղղությամբ մտածել, բայց, կարծում եմ, որ սա ևս մի խնդիր է, որը պետք է փարատվի մեր ռուս գործընկերների կողմից կոնկրետ գործողությունների գործադրման արդյունքում, որի հետևանքով ադրբեջանական զինված ուժերը կվերադառնան ելման դիրքեր և այս լարվածությունը կնվազի:
Դրա արդյունքում, կարծում եմ, որ մեր հանրության ընկալումները կփոխվեն և նշվածս կասկածները կամ մտավախությունները կփարատվեն», — ասել Աղաջանյանը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են, պաշտպանության նախարարները միմյանց հետ մշտական կապի մեջ են․
«Սակայն ես՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր և որպես Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ակնկալում եմ քաղաքական արդյունք և կոնկրետ գործնական արդյունք, որով կարձանագրվի ռուս խաղաղապահների մանդատի իրացումը գործնականում, որով այսուհետ կբացառվեն վերջիններիս պատասխանատվության ներքո գտնվող տարածքում նմանատիպ սադրանքները»։
«Դիտավորյալ թիրախավորել են ԱԹՍ-ներով, երբ վիրավորներին են օգնելիս եղել»
Արցախի մարդու իավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այցելել է հոսպիտալ, որտեղ բուժվում են վիրավորված զինծառայողները։
«Այս պահին ճշտված տեղեկություններով՝ 14 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։ 10-ը անձանց վիճակը բժիշկների կողմից գնահատվում է թեթև, 1-ը՝ միջին ծանրության, 1-ը՝ ծանր, 2 անձանց վիճակը ծայրահեղ ծանր է:
Վիրավորների հետ ունեցած առանձնազրույցներից պարզվել է, որ վիրավորման գրեթե բոլոր դեպքերը արձանագրվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով։ Վիրավորների հետ ունեցած առանձնազրույցրերից պարզ է դարձել, որ նրանցից ոմանք անօդաչու թռչող սարքերով դիտավորյալ թիրախավորվել են այն պահին, երբ փորձում էին առաջին օգնություն ցուցաբերել իրենց վիրավորված ընկերներին», — Ֆեյսբուքում գրել է նա։
Գեղամ Ստեփանյանի կարծիքով՝ հրադադարի պայմաններում զինվորական անձնակազմի նկատմամբ նման գործողությունները ևս պետք է դիտարկվեն որպես հանցագործություններ և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ։
Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով «Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները ոտնահարելու կապակցությամբ շտապ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ»:
Միջազգային իրավական հարցերով հայկական ներկայացուցչության հաղորդագրությունում ասվում է, որ կոնկրետ ապացույցներով ամրագրված փաստեր են ներկայացվել։ Այդ թվում, փետրվարից ադրբեջանական ուժերի պարբերաբար սպառնալիքներ հնչեցնելու մասին՝ ուղղված Արցախի խաղաղ բնակչությանը։ Նրանց կոչ էր արվում լքել տները, որպեսզի փրկեն իրենց կյանքը․
«Միջանկյալ միջոցի պահանջում ներկայացվել է նաև մարտ ամսին Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության՝ այդ թվում դպրոցների ուղղությամբ անկանոն կրակահերթի արձակման դեպքերը, որի հետևանքով վնասվել է Արցախ բնական գազ մատակարարող հիմնական խողովակը և Արցախի ողջ բնակչությունը զրկված է բնական գազի մատակարարումից։ Եղանակային այս սուղ պայմաններում Արցախի ողջ բնակչությունը՝ ներառյալ հիվանդանոցներն ու դպրոցները ստիպված են գոյատևել առանց բնական գազի։ Նման ոտնձգությունները ուղիղ սպառնալիք են ոչ միայն Խրամորթ գյուղի, այլև Արցախի ողջ բնակչության համար
Հիմնվելով այս փաստերի վրա և դրանք համադրելով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հետ՝ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը արձանագրել է, որ Ադրբեջանի գործողությունները ուղիղ վտանգում են Արցախի բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող հիմնարար իրավունքները եւ անդառնալի կորստի սպառնալիք են պարունակում։ Եվրոպական դատարանից պահանջվել է միջանկյալ հրատապ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի և պարտավորեցնել դադարեցնել սպառնալիքները, կրակահերթերը և վերականգնել բնական գազի մատակարարումը»։
Մարտի 25-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը դիմել է նաև Արդարադատության միջազգային դատարան՝ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանի թույլ տված վերը նշված խախտումներին։