«Այնքան կոպիտ պատասխանեցին, կարծես պարտք էի ուզում»․ ինչպե՞ս է պանդեմիան ազդել Ադրբեջանում առևտրի ոլորտի աշխատակիցների վրա
Գործատուները փորձել են նրանց չվճարվող արձակուրդ ուղարկել, թեև դա հակասում է օրենքին
Ադրբեջանում կարանտինային ռեժիմի պատճառով փակվել է առևտրային օբյեկտների մեծ մասը՝ սրճարանները, ռեստորանները, խանութներն, առևտրային կենտրոնները։ Սպասարկման և առևտրի ոլորտում աշխատող տասնյակ հազարավոր մարդիկ հարկադիր պարապուրդի մեջ են հայտնվել անորոշ ժամանակով և մշուշոտ հեռանկարներով։ Նրանցից մեկը Վագիֆն է՝ Բաքվում նորաձևության բուտիկների ցանցի համադրողը։
Ապրիլի 8–ի պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 717 դեպք։ 8 մարդ է մահացել, 44–ն ապաքինվել է։
«Ամեն ինչ սկսվեց մարտի 12-13–ին, երբ խանութները դեռ աշխատում էին։ Սովորաբար ամսվա կեսերին կանխավճարի հարցում ուղարկեցինք, և մարտին այն չհաստատվեց։ Իսկ երբ զանգահարեցի գլխամաս՝ պատճառը պարզելու, ինձ կոպիտ պատասխանեցին, կարծես պարքտով փող էի ուզում, այլ ոչ թե իմ վաստակած գումարը։
Մի քանի օրից վաճառողներից մի քանիսն իրենց հաշվին արձակուրդ ուղարկվեցին, քանի որ գնորդները պակասել էին։ Իսկ մարտի 18–ին արդեն մեզ բոլորիս հավաքեցին և ասացին, որ դիմում գրենք և չվճարվող արձակուրդ գնանք։ Փողի մասին ընդհանրապես ոչինչ չասացին՝ ոչ կանխավճարի, ոչ էլ արդեն վաստակած գումարի մասին։
Բոլորիս համար պարզ էր, որ դա օրինական չէ, սակայն չհակաճառեցինք։ Ինչպես ասում են, HR–ը միշտ մի բան կգտնի աշխատանքից ազատվելու համար, իսկ աշխատանքը կորցնել ոչ ոք չի ուզում։
Ես ապրում եմ թոշակառու մորս հետ, մի քանի վարկ ունեմ, այսինքն՝ առանց փողի մնալու հեռանկարն ինձ շատ էր լարում, անկեղծ ասած։ Ի դեպ, բանկերից ոչ մեկը դեռ չի սառեցրել վարկերը։ Դա արել է միայն էլեկտրոնիկայի խանութներից մի քանիսը։
Այսպիսով, մարտի 24–ի կողմերը մեզ կրկին գրասենյակ կանչեցին և վճարեցին աշխատած 14 օրվա համար (թեև աշխատել էինք 18 օր)։
Իսկ ապրիլի 2–ին մեր քարտերին նստեց մարտի աշխատավարձի մնացած մասը, սակայն դա ներկայացվեց որպես ապրիլի կանխավճար։
Մի խոսքով, ոչ ոք ոչինչ չհասկացավ, և ոչ ոք ոչինչ չի բացատրում։
Բանն այն է, որ խանութի աշխատակիցներն, աշխատավարձից բացի, ակնկալում են նաև տոկոսավճարներ վաճառքից։ Այդ տոկոսները մեր եկամտի զգալի մասն են, իսկ այժմ դրանք չկան։ Եվ մենք բոլորս մտահոգվում ենք, թե ինչ է լինելու ապրիլի վերջին։ Կարծես թե պետությունը գործատուներին պարտավորեցրել է այս ժամանակահատվածի համար աշխատավարձ վճարել։ Սակայն մենք վստահ ենք, որ եթե հարկայինը դրան չհետևի, մեզ ոչինչ չեն տա»։
Մինչդեռ էկոնոմիկայի նախարարությունը հաղորդում է, որ պետությունն արդեն պատրաստ է իր հաշվին փոխհատուցել առևտրային պայմանագիր ունեցող աշխատակիցների աշխատավարձերի մի մասը։ Դրա համար գործատուն, որի բիզնեսը տուժել է ստեղծված իրավիճակից, պետք է հայտ ներկայացնի, և նրա բանկային հաշվին կփոխանցվի աշխատակիցներին վճարվող աշխատավարձերի մի մասը, պարզաբանում է Contact–ը։
Վճարումները խոստանում են սկսել արդեն այս շաբաթ։
Ադրբեջանում խստացված կարանտինային ռեժիմ է գործում։
Փակ է մետրոն, այգիները, պուրակները, չի աշխատում ձեռնարկությնների, կազմակերպությունների և հաստատությունների մեծ մասը։
Քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում է գործում․ տնից դուրս գալու համար, բացառությամբ որոշ ոլորտների աշխատակիցների, քաղաքացին պետք է հատուկ sms-հաղորդագրություն ուղարկի և իշխանություններից թույլտվություն ստանա։
Կարանտինային ռեժիմը խախտողները տուգանվում են։
Սակայն երկրում մինչև հիմա պաշտոնապես արտակարգ դրություն չի հայտարարվել, ինչն, ըստ էության, այդ բոլոր միջոցներն ապօրինի է դարձնում։
Իշխանությունները խոստանում են $112 դոլարի չափով փոխհատուցում տրամադրել նրանց, ովքեր կատարվածի պատճառով զրկվել են աշխատանքից։