ԱՀԿ-ն հավանություն է տվել չինական Sinopharm պատվաստանյութին, և դա շատ կարևոր լուր է Վրաստանի համար
Չինական Sinopharm պատվաստանյութը Վրաստանում՝ վեճի առարկա
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) որոշումը՝ ներառել չինական Sinopharm պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ օգտագործվող միջոցների շարքում, Վրաստանի համար կարևոր իրադարձություն էր: Այս պատվաստանյութը երկրում սկսվել են օգտագործել մայիսի 4-ից՝ առանց ԱՀԿ պաշտոնական թույլտվությանը սպասելու, և հասարակության մեջ շատերն այժմ ավելի վստահ են զգում՝ պատվաստում ստանալու որոշումը կայացնելիս:
«Պեկինի Sinopharm Covid-19 պատվաստանյութը վեցերորդն է, որը հաստատվել է ԱՀԿ-ի կողմից որպես անվտանգ, արդյունավետ և բարձրորակ»,- այս մասին մայիսի 7-ին հայտնել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյուսը:
Պատվաստանյութերի նկատմամբ անվստահությունը, ինչպես նաև պատվաստումների գործընթացը ղեկավարելու ձևը դարձել են Վրաստանում այդ նպատակին հասնելու հիմնական խոչընդոտը: Շատերն անցնում են հարյուրավոր կիլոմետրեր դեպի այլ երկրներ՝ այնտեղ պատվաստում ստանալու համար, մինչդեռ երկրում պատվաստանյութի մի քանի հազար չօգտագործված չափաբաժինները շուտով կարող են դառնալ ժամկետանց:
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվել են 2021 թվականի մարտի 15-ին: Մինչև մայիսի 6-ը, պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժին ստացած Վրաստանի քաղաքացիների ընդհանուր թիվը կազմում էր ընդամենը 51,600 (գրեթե 4 միլիոն բնակչության պարագայում):
Վրաստանի բնակչության միայն 0,21 տոկոսն է պատվաստվել պատվաստանյութի կրկնակի չափաբաժնով:
Մինչդեռ, ընդհանուր առմամբ, մինչ մայիսի 6-ը երկիրը ստացել է 315,450 չափաբաժին պատվաստանյութ, ինչը բավարար է 157,725 մարդու, այսինքն բնակչության 4,26 տոկոսի լիովին պատվաստման համար:
Վրաստանում պատվաստումները կամավոր են. մայիսի 4-ից պատվաստումներ կարող են ստանալ 18 տարին լրացած բոլոր քաղաքացիները:
Ներկայումս Վրաստանում չորս պատվաստանյութ է օգտագործվում. գերմանա-ամերիկյան Pfizer-ը, բրիտանական Astrazeneca-ն, չինական Sinopharm-ը (Պեկին) և չինական Sinovak-ը (դեռ լիազորված չէ ԱՀԿ-ի կողմից):