Ադրբեջանում սկսվել է լրագրող Աֆղան Մուխթարլիի դատավարությունը
Նոյեմբերի 30-ին Ադրբեջանի Բալաքենի շրջանում սկսվել է ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլիի դատավարությունը։ Մուխթարլին մեղադրվում է վրաց—ադրբեջանական սահմանն անօրինական կերպով հատելու, ինչպես նաև իր հետ առձեռն 10 հազար եվրո մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու մեջ:
Բալաքենի շրջանը գտնվում է Բաքվից 440 կմ հյուսիս—արևմուտք։ Դատավարության համար նման հեռու վայր է ընտրվել, որովհետև Աֆղան Մուխթարլիի բնակության վայրը Վրաստանին սահմանակցող Ադրբեջանի Զաքաթալի շրջանն է։
«Գործում չկան հավաստի ապացույցներ առ այն, որ Մուխթարլին ինքն է անօրինական անցկացրել գումարը վրաց—ադրբեջանական սահմանով։ Ամեն ինչ հիմնվում է քննության մերկապարանոց պնդումների վրա», — ասել է փաստաբան Նեմաթ Քերիմլին։
Նախնական դատական նիստին փաստաբանը միջնորդություն է ներկայացրել փակել քրեական գործը։
Աֆղան Մուխթարլին վերջին տարիներին ապրում էր Վրաստանում։ Նա 2017թ. մայիսի 29-ին Թբիլիսիում անհետացել է։ Հաջորդ օրը լրագրողն իր փաստաբանին հայտնել է, որ իրեն ուժով տեղափոխել են Բաքու։ Մայիսի 31-ին Ադրբեջանի դատարանը Մուխթարլիին կալանավորելու որոշում կայացրեց։ Լրագրողը հերքում է իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները պետական սահմանը խախտելու, մաքսանենգության և սահմանապահին դիմադրություն ցույց տալու մեջ։ Տեղի և միջազգային իրավապաշտպանների կողմից Մուխթարլին ճանաչվել է քաղբանտարկյալ։ Գործընկերները վստահ են, որ նրան հետապնդում են Ադրբեջանի իշխանության բարձր մակարդակներում կոռուպցիայի մասին քննադատական հրապարակումների համար։
Պաշտպանությունը նաև խնդրել է փորձաքննության ենթարկել Մուխթարլիի մոտ իբրև հայտնաբերված գումարը։
«Փորձաքննությունը կարող է հայտնաբերել փողերի վրա մաքսային աշխատակիցների մատնահետքերը», — ասել է փաստաբանը Թուրան գործակալության թղթակցին։
Նա նաև միջնորդություն է ներկայացրել` ստանալու տեսահսկման սարքերի տեսագրությունը ինչպես սահմանի հատման պաշտոնական կետից, այնպես էլ զինվորական մասից, որտեղ տեղափոխել են Մուխթարլիին։
«Լրագրողին տեղափոխել են պաշտոնական սահմանային անցակետով, և այդ մեքենան պետք է որ հայտնված լինի տեսագրության մեջ», — նշել է փաստաբանը։
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մեկնաբանել է Վրաստանում Մուխթարլիի առևանգման տեղեկատվությունը։ «Մարդու անհետացումը լուրջ մարտահրավեր է պետական ինքնիշխանությանը։ Պետությունը պետք է պաշտպանի իր հեղինակությունը և ապահովի քաղաքացիների պաշտպանվածությունը, այդ ամենը շատ կարևոր է», — մայիսի 31-ին «Ինտերպրեսսնյուզ» գործակալության լրագրողին հայտնել է Մարգվելաշվիլին։
Նախնական դատական նիստին դատարանը չի բավարարել փաստաբանի ոչ մի միջնորդություն, մեկ բացառությամբ, որ թույլատրել է Մուխթարլիին նստել իր փաստաբանների կողքը։
Դատարանը ընդունել է գործի վարույթը և լսումներ նշանակել դեկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին։