Հրդեհ Վրաստանում. ֆոտոռեպորտաժ աղետի գոտուց
Լուսանկարը՝ Դավիթ Տաբագարիի
Բորժոմիի կիրճում կրակի դեմ պայքարը շարունակվում է արդեն երրորդ օրը: Վրաստանին այդ հարցում օգնում են Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսն ու Թուրքիան, թեև կրակը չեզոքացնել դեռևս չի հաջողվում: Տվյալ պահին այրվել է մոտ 12 հեկտար անտառածածկույթ:
Կրակի մարմանը մասնակցում է ավիացիան, թեև գիշերն ուղղաթիռների օդաչուները ստիպված են եղել դադարեցնել թռիչքները: Իսկ ցամաքի վրա մարդիկ անդադար են աշխատում՝ փորձելով կանխել կրակի էլ ավելի տարածումը:
Իրավիճակը բարդացնում են եղանակային պայմանները. նախկինի պես ուժեղ քամի է փչում, որը խանգարում է հրշեջների և փրկարարների աշխատանքին:
Բորժոմիի կիրճից բացի հրդեհ է բռնկվել ևս 4 վայրերում:
Գորի, Աթենիի կիրճ. այրվել է մոտ 1 հեկտար փշատերև անտառ Զեմո Բոշուրիում: Արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ կրակը մեկուսացվել է, չեզոքացման աշխատանքները շարունակվում են:
Լագոդեխի. այստեղ այրվում է մոտ կես հեկտար խոտհարք: Արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ կրակը մեկուսացվել է, տեղում աշխատում է փրկարարների երկու խումբ:
Շաթիլիի ճանապարհ. հրդեհման մակերեսը կազմել է մոտ 2 հեկտար: Կրակը մեկուսացվել է, չեզոքացման աշխատանքներ են տարվում:
Թբիլիսի. հրդեհն առաջացել է Գլդանիի շրջանցող ճանապարհի ձորակում: Տեղում երկու հրշեջ հաշվարկ է աշխատում: Վնասի ծավալը դեռ հայտնի չէ: