Վրաստանում աղմուկը պատժելի կդառնա
Օգոստոսի 15-ին Վրաստանում ուժի մեջ է մտել օրենք, որը կարգավորում է աղմուկի թույալտրելի մակարդակը:
Այսուհետ, եթե աղմուկն անհանգստություն է առաջացնում, կարելի է պահակախումբ օգնության կանչել, որը հատուկ սարքի միջոցով կպարզի աղմուկի մակարդակը: Եթե այն գերազանցի թույալտրելի մակարդակն, ապա ֆիզիկական և իրավաբանական անձը կարող է տուգանվել: Փոփոխությունները մտցվել են Վարչական օրենսգրքում և ակտիվացվել օգոստոսի 15-ին:
Այդ օրենքի ընդունման վրա արդեն երկար տարիներ պնդում էին զբոսաշրջային վայրերի բնակիչները, որոնք ստիպված են հանդուրժել շրջակայքում տեղակայված սրճարանների և բարերի շուրջօրյա աղմուկը:
Նորացված օրենսդրության համաձայն՝ ցերեկային ժամ է այսուհետ համարվում 8:00-23:00-ն, իսկ գիշերային՝ 23:00-8:00-ն: Ցերեկվա ժամերին բնակելի վայրերում աղմուկը չպետք է գերազանցի 35 դեցիբելը, գիշերային ժամերին՝ 30-ը:
Հատուկ կարգավորումներ են մտցվել սրճարանների-բարերի համար, որոնք բնակելի շենքերի մոտ են: Ցերեկվա ժամերին դրանց արձակած աղմուկը չպետք է գերազանցի 50 դեցիբելը, գիշերվա ժամերին՝ 40-ը:
Կարգավորումները վերաբերում են նաև բուժհաստատություններին, մարզասրահներին, առևտրի կենտրոնների և կրթական հաստատություններին:
«Աղմուկի կարգավորումների» խախտողներին առաջին ժամանակները կզգուշացնեն: Եթե տարվա ընթացքում կրկնակի խախտում գրանցվի, ֆիզիկական անձը կտուգանվի 150 լարիով, իսկ իրավաբանականը՝ 500 լարիով: Օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ այսուհետ արգելվում է, իսկ խախտման դեպքում պատժվում է գիշերային ժամերին հրավառություն անելը. ֆիզիկական անձանց 150 լարի տուգանք է սպառնում, իրավաբանական անձանց՝ 500 լարի: Կրկին խախտման համար տուգանքի գումարի կրկնակի բարձրացում է նախատեսված ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձնաց համար:
Անպատիժ աղմկել կարելի է միայն ամանորյա օրերին՝ դեկտեմբերի 31-ի ժամը 21:00-ից մինչև հունվարի 2-ի ժամը 23:00-ն և հունվարի 13-ի ժամը 21:00-ից մինչև հունվարի 14-ի ժամը 23:00-ն, ինչպես նաև պետական տոների, երկրի անկախության հետ կապված օրերին՝ ապրիլի 9-ին և մայիսի 26-ին:
Օրենքի կատարման պատասխանատվությունը դրված է պարեկային ոստիկանության վրա: Իսկ 2018թ-ի 1ապրիլի 1-ից այդ գործառույթը կանցնի ինքնակառավարման մարմիններին: