Թբիլիսիում ձերբակալվել է երկաթուղու մոտ կազմակերպված բողոքի ակցիայի 10 մասնակից
Լուսանկարը: news.on.ge
Այսօր Թբիլիսիի քաղաքային դատարանը կքննի Վրացական երկաթուղիների շենքի դիմաց ցույցի ժամանակ ձերբակալված 10 անձանց գործը: Պաշտպանվող կողմի ներկայացուցիչ Նանա Կուրդովանիձեն լրագրողներին ասել է, որ փաստաբանները դեռ չեն ստացել ձերբակալման արձանագրությունները և հետևաբար չգիտեն՝ վարչական օրենսգրքի ինչ հոդվածով են ակցիայի մասնակիցներին մեղադրանք առաջադրել:
Վրացական երկաթուղիների կենտրոնական գրասենյակի մոտ տեղի ունեցած ցույցի 10 մասնակից ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել են օգոստոսի 24-ին: Ձերբակալվածների թվում կան «115-րդ լսարան» ուսանողական շարժման և երկաթուղիների աշխատակիցների նոր արհմիության անդամներ:
Բողոքի ակցիան սկսվել է օգոստոսի 15-ին, երբ երկաթուղիների 2 աշխատակից հացադուլ էին հայտարարել: Օգոստոսի 17-ին նրանց միացել էին ևս 7-ը: Օգոստոսի 24-ին ակցիան ավարտվել է փոքրիկ բախումով և ոստիակնության կողմից ակցիայի մասնակիցների ձերբակալությամբ:
Երկաթուղիների վարչության շենքի մոտ հավաքված ակցիայի մասնակիցները ի սկզբնաե պահանջում էին վերականգնել երկաթուղային համակարգում իրենց նախկին աշխատանքը,կամ էլ փոխհատուցել տրանսպորտային և կացարանային ծախսերը: Ավելի ուշ ավելացավ ևս մեկ պահանջ՝ հեռացնել Վրացական երկաթուղիների մամուլի ծառայության ղեկավար Դաչի Ցագուրիային և նույն կազմակերպության ենթակառուցվածքների տնօրեն Վասիլ Խորովին:
Վրացական երկաթուղիների ղեկավարությունը հանդես է եկել պատասխան հայտարարությամբ, որում առաջ եկած լարվածության մեջ մեղադրում է երկաթուղու աշխատակիցների արհմիության ղեկավարությանը:
«Ցավոք, Իրակլի Պետրիաշվիլին շարունակում է սադրանքներ ստեղծել… նրանք չկարողացան ստանալ հասարակության աջակցությունը նաև այս ակցիային, որին մասնակցում էին միայն իրենց ակտիվիստները, փորձեցին ուժով ներխուժել Վրացանական երկաթուղիների վարչության շենք, ինչը կանխվեց ոստիկանության կողմից»,- ասվում է հայտարարության մեջ:
«115-րդ լսարանը», որը պաշտպանում է դժգոհ երկաթուղայիններին, դիմել է իշխանություններին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել ակցիայի ձերբակալված մասնագետներին և լուծել նրանց խնդիրը, որի պատճառով նրանք 10 օր հացադուլի մեջ էին: «115-րդ լսարանը» նաև դիմել է հասարակությանը՝ խնդրելով զորակցություն հայտնել և պաշտպան կանգնել սեփական իրավունքների համար պայքարողներին: