Ֆոտոարխիվ․ վրացական ընտանիքները լքում են Աբխազիան 1992-1993 թթ․ վրաց-աբխազական պատերազմի ժամանակ
Այս լուսանկարներն արվել են Աբխազիայում 1992-1993թթ․-ին՝ վրաց-աբխազական հակամարտության ժամանակ և այժմ պահվում են Վրաստանի ազգային գրադարանի արխիվում։ Լուսանկարներում պատկերված են վրացի ընտանիքներ, որոնք լքում են Աբխազիայի իրենց տները։
Այս ֆոտոպատմությունը մենք հրապարակում ենք վրաց-աբխազական պատերազմի ավարտի 28-ամյակին, որը նշում են երկու կողմերն էլ, սակայն դրա հանդեպ հակառակ վերաբերմունքով։
Հակամարտության լուծումը մինչ այսօր գտնված չէ, այն կարգավորված չէ, և կողմերի դիրքորոշումները չեն փոխվում։ Վրաստանը խոսում է իր տարածքային ամբողջականությունից, Աբխազիան՝ իր անկախությունից։
Աբխազիայի Հանրապետության անկախ կարգավիճակն այսօրվա դրությամբ ճանաչել է Ռուսաստանն ու ևս հինգ երկիր։ Բոլոր արևմտյան երկրներն ու միջազգային մնացած ողջ հանրությունը սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը։
Աբխազիայում զինված հակամարտությունը սկսվել է 1992թ․ օգոստոսի 14-ին և ավարտվել 1993թ․ սեպտեմբերի 27-ին, Վրաստանի զինված ուժերի պարտությամբ։
Ըստ չստուգված տվյալների՝ երկու կողմերից հակամարտության զոհ է դարձել 13 հազար մարդ։ Հազարից ավելի մարդ անհետ կորել է։ Հարազատները մինչև հիմա չգիտեն, թե նրանցից շատերը որտեղ են թաղվել։
Աբխազիայից փախստական է դարձել 300 հազար մարդ, որոնց ճնշող մեծամասնությունը վրացիներ էին։ Այս ֆոտոպատմությունը նրանց մասին է։









