Հրապարակվել է հայ–ադրբեջանական համատեղ ֆիլմ ղարաբաղյան հակամարտության մասին
Ինը տարվա աշխատանքից հետո հրապարակվել է և բոլորի համար արդնե հասանելի է ղարաբաղյան հակամարտության մասին «Շրջանի մասեր» բացառիկ վավերագրական ֆիլմը։ Այն նկարահանվել է Հայաստանի և Ադրբեջանի փորձագետների, լրագրողների կողմից՝ Մեծ Բրիտանիայում գործող Conciliation Resources խաղաղարար կազմակերպության և դրա գործընկերների աջակցությամբ։
Ֆիլմի ամբողջական տարբերակը երեք մասից է բաժանված ժամանակագրության սկզբունքով և պատմում է ղարաբաղյան հակամարտության մասին տարբեր կողմերի ականատեսների, փորձագետների և քաղաքական գործիչների շուրթերով։
Տարբերակը, որը հասանելի է մայիսի 12–ից, միավորում է այդ երեք ֆիլմերը և պատմում է նույն իրադարձությունների մասին ավելի հակիրճ՝ 1 ժամ 15 րոպեում։
«Գաղափարը ծնվել է երկար տարիների համատեղ աշխատանքի արդյունքում։ Այն է՝ ստեղծել մի ֆիլմ, որտեղ լսելի կլինի երկու պատմություն, երկու տեսակետ միևնույն ժամանակ՝ փորձելով հնարավորինս համադրել դրանք։ Գաղափարն ինքնին ռիսկային էր. իրականացումը պահանջում էր շատ ջանք, երկար ժամանակ, հսկայական ռեսուրսներ ու հույզեր։ Այնուամենայնիվ, ամեն ինչ ստացվեց», – ասում է «Շրջանի մասեր» ֆիլմի նախագծի մենեջեր Նունե Սարգսյանը։
«Ինձ պատմեցին նախագծի մասին, մեծ ոգևորությամբ ընդունեցի առաջարկը։ Ես միջազգային ու միջկրոնական հակամարտությունների լուսաբանման բավական փորձ ունեի։ Այս նախագիծն ինձ խիստ կարևոր թվաց։ Մասնակցությունը դրան ոչ միայն հետաքրքիր էր, այլև՝ պատվաբեր ինձ համար։ Թող վերամբարձ չհնչի, բայց շատ էի ցանկանում իմ լուման ներդնել Ղարաբաղյան հակամարտության «տարեգրության» մեջ։ Ցանկանում էի լսարանին անկողմնակալ տեղեկություններ տալ մեր հակամարտության մասին, որովհետև երկու կողմերում էլ աճող պրոպագանդայի և կեղծիքի փորձերն ակնհայտ են», – ասում է ֆիլմի առաջին մասի սցենարի հեղինակ Շահին Ռզաևը։