Ֆեմինիստական երթ Բաքվում․ կարգախոսներ՝ ոստիկանների բղավոցներին զուգահեռ
Ադրբեջանական ֆեմինիստական շարժումը Կանանց միջազգային օրվա առթիվ երթ է անցկացրել, որն Ադրբեջանում նշվում է մարտի 8–ին։ Կազմակերպիչները ցանկացել են հասարակության ուշադրությունը հրավիրել կանանց բազմաթիվ «կենցաղային» սպանությունների, վաղ ամուսնությունների և գենդերային այլ խնդիրների վրա։ Ոստիկանությունը փորձել է ցրել ակցիան՝ բռնություն կիրառելով մասնակիցների նկատմամբ և ձերբակալելով նրանց մի մասին։
Չարտոնված ավանդույթ
Ֆեմինիստական երթերն Ադրբեջանում նոր ավադույթ են ստեղծում։
Ի պաշտպանություն կանանց իրավունքների առաջին երթն ադրբեջանցի ֆեմինիստերն անցկացրել են 2019 թ–ի մարտի 8–ին, երկրորդը՝ 2019–ի հոկտեմբերի 20–ին։ Առաջին անգամ երթը ցրել են, երկրորդ անգամ մասնակիցների մեծ մասն, այնուամենայնիվ, հասել է երթուղու վերջնակետին։ Ընդ որում, կազմակերպիչները երկու անգամ էլ փորձել են համաձայնեցնել այն քաղաքային իշխանությունների հետ, սակայն մերժում են ստացել։ Այս անգամ նույնպես այդպես էր․ իշխանությունները չեն հաստատել քաղաքի կենտրոնում ակցիա անցկացնելու նրանց ցանկությունը և առաջարկել են անցկացնել այն Լոքբաթան քաղաքամերձ ավանում։
Ֆեմինիստները պատասխանել են, որ թույլտվություն չեն խնդրել, նրանք պարզապես տեղեկացրել են իշխանություններին, որ քաղաքի կենտրոնում երթ է անցկացվելու։
Տոնական բռնություն
Ակցիային մասնակցում էր շուրջ 50 մարդ։ Նրանք պատրաստվում էին անցնել քաղաքի կենտրոնով և երթուղու վերջում կարդալ իրենց պահանջները։
Ինչպես սովորաբար լինում է Բաքվում չարտոնված ակցիաների դեպքում, այս անգամ էլ անցկացման վայրում մեկնարկից մեկ ժամ առաջ ոստիկաններ էին հավաքվել (այդ թվում, քաղաքացիական հագուստով ոստիկաններ) և կայանել էին ծառայողական ավտոմեքենաներ և ավտոբուսներ։
Ակցիայի մեկնարկից անմիջապես հետո, այն սկսեցին ցրել։ Մասնակիցներին և անգամ լրագրողներին կոպտորեն մի կողմ էին հրում, ծեծում, ուժով մետրո նստեցնում, տղամարդկանց ձերբակալում էին։ Ըստ նախնական տվյալների՝ ձերբակալվել է մոտ տասը մարդ։
Ակցիայի մասնակիցները մի քանի խմբի բաժանվեցին և շարունակեցին ճանապարհը՝ փորձելով ճեղքել ոստիկանների շարասյունը։ Դիմակայությունը մոտ մեկ ժամ տևեց։
Չնայած այդ ամենին՝ երթի կազմակերպիչները գոհ են արդյունքից և կարծում են, որ հասել են իրենց նպատակին։
• Թե ինչպես ոստիկանությունը Բաքվում կարճ երթը վերածեց երկժամյա ցույցի․ տեսանյութ
• Իրեր, որոնց չես կարող դիպչել․ ֆոտոպատմություն Ադրբեջանից
• Միայնակ մայրեր․ պատմություններ կանանց մասին, որոնք համարձակվել են այդ քայլին



