«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը հանվել է օրակարգից
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որը նախաձեռնել էր «Ժողովրդի ուժը» շարժումը, երկրորդ ընթերցում է անցել և առանց քննարկման դրվել քվեարկության։ Դեմ է քվեարկել 35 պատգամավոր, կողմ՝ մեկը։ Այսպիսով, օրինագիծը հանվել է օրակարգից։
Դմիտրի Սամխարաձեն միակ պատգամավորն է, որը պաշտպանել է օրինագիծը, որը հասարակությունն անվանում է «ռուսական»՝ Ռուսաստանի Դաշնությունում գործող ռեպրեսիվ օրենքի հետ նմանության պատճառով։
Օրինագծի հեղինակներից Դմիտրի Խունդաձեն ասում է, որ այս օրենքը չընդունելով՝ հասարակությունը «կարևոր հնարավորություն է բաց թողել»։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը հետ կանչելու մասին հայտարարել էր մարտի 9-ի առավոտյան։
Նիստին զուգահեռ խորհրդարանի շենքի դիմաց ընթանում էր քաղաքացիների լայնածավալ բողոքի ակցիան։ Խորհրդարանի մոտ հավաքվածները «ռուսական օրենքի» չեղարկումը ողջունեցին «Մենք Եվրոպա ենք», «Վրաստան» բացականչություններով։
Օրինագծի դեմ լայնածավալ բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում մարտի 7-ին և 8-ին։ Ոստիկանությունը ցուցարարներին ցրել էր ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ կիրառելով։
Փետրվարի 17-ին իշխող կուսակցությունից անջատված «Ժողովրդի ուժ» շարժումը խորհրդարանում քննարկման համար գրանցեց երկու օրինագիծ՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»։
Ընթացակարգի համաձայն՝ երկու օրինագծերն էլ ուղարկվել էին Վենետիկի հանձնաժողով։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց մարտի 7-ին՝ 76 կողմ, 13 դեմ ձայներով։
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում անմիջապես սկսվեցին քաղաքացիների բողոքի լայնածավալ ցույցեր։ Օրինագծի ընդունումից հետո դրանք վերածվեցին հազարավոր մարդկանց մասնակցությամբ հանրահավաքների, որոնք իշխանությունները ցրեցին ուժի կիրառմամբ։ Ցուցարարների դեմ կիրառեցին ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Մոտ 150 մարդ բերման ենթարկվեց։
Կառավարությունից բացի բոլորն այս օրինագիծն անվանում են «ռուսական օրենք», քանի որ այն նման է օտարերկրյա գործակալների մասին Ռուսաստանի Դաշնությունում գործող ռեպրեսիվ օրենքին։ Վրաստանի արևմտյան գործընկերները նույնպես քննադատել են փաստաթուղթը և հայտարարել, որ այն խոչընդոտ կդառնա Վրաստանի եվրաինտեգրման համար։
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը հանվել է օրակարգից