Փարիզում ընթացող աշխարհի առաջնությունում հայ ըմբիշը ոսկե մեդալ է նվաճել
Լուսանկարը՝ Գոհար Նալբանդյանի, JAMnews
Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչում Արթուր Ալեքսանյանը 3:1 հաշվով 98 կգ քաշային կարգում հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևին և դարձավ աշխարհի եռակի չեմպիոն:
Կիսաեզրափակչում Արթուր Ալեքսանյանը 8:0 հաշվով հաղթել էր Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Ասակալովին, քառորդ եզրափակչում 6:2 հաշվով՝ Վրաստանը ներկայացնող Ռևազի Նադարեիշվիլիին:
Արթուր Ալեքսանյանը աշխարհի չեմպիոն է դարձել նաև 2014 և 2015թթ, իսկ 2012, 2013 և 2014թթ. դարձել է Եվրոպայի չեմպիոն: 2012-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է և 2016 թվականաի ամառային Օլիմլիական խաղերի ոսկե մեդալակիր: 2015-ին ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ:
JAMnews-ը անդրադարձել էր Արթուր Ալեքսանյանի հաղթանակներին, երբ նա ճանաչվեց Հայաստանի լավագույն մարզիկ: Ըմբիշը խոստովանել էր, որ իր հաջողություններին ու նվաճումներին միշտ շատ հանգիստ է վերաբերվել:
«Մեր երկիրը սպորտային է և շատ տաղանդավոր մարզիկներ ունի: Նրանցից առաջինն ընտրվելն, իսկապես, մեծ պատիվ է ինձ համար: Իմ կարծիքով, աշխատասիրության ու կամային որակների շնորհիվ եմ կարողանում հաղթանակներ գրանցել: Հայրս, որը նաև իմ անձնական մարզիչն է, շատ է օգնում ինձ, մենք միասին ենք ուղղում սխալներս: Ամեն մի մրցաշարից հետո մոռանում եմ հաղթանակների ու պարտությունների մասին, սկսում եմ պատրաստվել նորին՝ իմ առջև դնելով նոր նպատակ», — ասել է Արթուր Ալեքսանյանը: