«Պետք է կենտրոնացնենք ուժերն Արցախում բնականոն կյանքը վերականգնելու համար»․ Հայաստանի վարչապետ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Ռազմական գործողությունների դադարից հետո սա նրանց առաջին հանդիպումն է:
«Մեր հիմնական խնդիրն Արցախի բնականոն կյանքը վերականգնելն է, զոհված զինծառայողների և քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովումը, հնարավորինս արագ՝ անհետ կորածների ճակատագրի պարզումը և նրանց ընտանիքների, հաշմանդամություն ստացած զինվորների և քաղաքացիների սոցիալական երաշխիքների ապահովումը, ինչպես նաև ընդհանրապես սոցիալ-հոգեբանական աշխատանքների իրականացումը», — ասել է Նիկոլ Փաշինյանը հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունն արդեն կայացրել է մի շարք որոշումներ Արցախի բնակչությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ, օգնությունը կշարունակվի և պատերազմից հետո։ Վարչապետի խոսքով, մեծ ներդրումների անհրաժեշտություն ունեն թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը, և դրանք ապահովելու համար համատեղ աշխատանք պետք է կատարվի:
Արայիկ Հարությունյանը հաղորդել է, որ, հաշվառման կենտրոնի տվյալներով՝ 25 հազար մարդ վերադարձել է Արցախ, և սա միայն 5 օրվա թվեր են, հոսքը շարունակվում է․
«Պլանավորում ենք առաջին փուլում իրականացնել մեր այն հայրենակիցների տեղափոխումը Արցախ, որոնք ունեն մնալու հնարավորություն, իսկ նրանք, ովքեր զրկվել են, կտեղափոխվեն փուլային տարբերակով, որպեսզի կարողանանք և տեղավորել, և ընթացքում լուծել սոցիալական խնդիրները»:
Հարությունյանն ասել է նաև, որ առաջիկա օրերին մի քանի սոցիալական ծրագրեր են իրականացվելու․
«Մասնավորապես, Հայաստան տեղափոխված յուրաքանչյուր արցախցու տրամադրվելու է դրամական օգնություն, բնակարան կորցրած մեր հայրենակիցներին մեկ շնչի հաշվով միանվագ հատկացվելու է 300 000 դրամ: Այս և մյուս ծրագրերը լիցքաթափելու են սոցիալական լարվածությունը»:
Արցախի նախագահի խոսքով, հաշվի առնելով այն, որ եղանակներն ցրտում են, և կոմունալ ծախսերն ավելանալու են, Երևանում ստեղծված օպերատիվ շտաբի միջոցով փորձում են փոխհատուցել կոմունալ որոշ ծախսերը, նաև Հայաստանի այն քաղաքացիների համար, որոնք արցախցիներին տրամադրել են իրենց հյուրանոցները կամ օբյեկտները: