Փաշինյանի կոչից հետո 320 երիտասարդ է Հայաստան վերադարձել՝ բանակում ծառայելու
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով 320 քաղաքացի երկիր է վերադարձել` զինվորական ծառայություն անցնելու նպատակով: Նրանց թվում 156 մարդ նախկինում խույս էր տալիս ծառայությունից: Այս մասին հայտարարել է Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
Նրանք բոլորը ծառայելու կգնան ամառային զորակոչի շրջանակում, որը մեկնարկել է հուլիսի 2-ին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ դիմել է Հայաստանի քաղաքացիներին, որոնք արտասահմանում են և խուսափում են զինվորական ծառայությունից՝ կոչ անելով վերադառնալ և կատարել իրենց պարտքը:
«Ես սա ասում եմ որպես քաղաքացի, որպես վարչապետ, ով նաև ի պաշտոնե, պատերազմ սկսվելու դեպքում (իհարկե, Աստված չանի, որ պատերազմ սկսվի) պետք է կատարի գերագույն հրամանատարի պարտականությունները, և ես կարևոր եմ համարում մայիսի 28-ից առաջ դիմել մեր հայրենակիցներին, իմ եղբայրներին, նրանց ծնողներին՝ իմ քույրերին և եղբայրներին՝ կոչ անելով, որ իրենց երեխաները որոշում կայացնեն օր առաջ վերադառնալ Հայաստան և մեկնել ժամկետային զինվորական ծառայության, ծառայեն իմ որդու հետ»։
Փաշինյանը հայտարարել էր նաև, որ պատրաստվում է հատուկ հրաման ստորագրել, որի համաձայն, ծառայությունից խուսափողների հանդեպ վերադառնալու դեպքում իրավական ընթացակարգեր չեն կիրառվի:
«Սպասում ենք բոլորիդ, սա ուրիշ Հայաստան է, որտեղ բանակից չեն փախչում, չեն արտագաղթում, այլ միայն վերադառնում են՝ կրելու իրենց բաժին պատասխանատվությունը Հայրենիքի ապագայի համար»:
Փաշինյանը որպես օրինակ բերել էր իր որդուն: Աշոտ Փաշինյանն ընդունվել է Տարտուի համալսարան: Այս տարի լրանում է նրա 18-ամյակը, և երիտասարդը Հայաստան է վերադարձել: Ամառային զորակոչի շրջանակում նա կծառայի բանակում: Նրան, սեփական ցանկությամբ, Ղարաբաղ կուղարկեն:
[custom-related-posts title=”ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ” order_by=”title” order=”ASC” none_text=”None found”