«Առաջիկա ամիսներին կկողմնորոշվենք»․ Փաշինյանը՝ ՀՀ նոր ատոմակայանի տեխնոլոգիայի մասին
Փաշինյանի դիրքորոշումը ՀՀ նոր ատոմակայանի հարցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է նոր ատոմակայանի տեխնոլոգիայի հարցում ՀՀ դիրքորոշման փոփոխության մասին։
«Նախկինում տասնյակ անգամ ասել եմ, որ մեզ մոդուլային ատոմակայանից ավելի ոչինչ պետք չէ։ Աա է եղել մեր դիրքորոշումը։ Բայց հիմա մենք պիտի հասկանանք, որ մոդուլայինը մեզ, մեծ հավանականությամբ, չի հերիքելու»,- հայտարարել է Փաշինյանը։
Նրա պարզաբանմամբ՝ փոփոխության պատճառն այն է, որ երկրում ԱԲ գործարանների կառուցման ֆոնին անհրաժեշտություն է առաջացել մտածել էլեկտրաէներգիայի ներկրման հնարավորությունների մասին։
Նոր ատոմակայանի կառուցման շուրջ քննարկումները շարունակվում են։ Հայաստանի կառավարությունը պարտավորվել է մինչև 2027 թ․-ի ավարտը կողմնորոշվել ատոմակայանի կառուցման տեխնոլոգիայի հարցում։
Նախօրեին վարչապետ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են նաև ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկները։
Հայաստանն աշխատանքներ է իրականացնում Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ։ 1977 թ․-ին շահագործման հանձնված ատոմակայանի ժամկետի երկարաձգման, վերազինման աշխատանքներում տարիներ շարունակ ներգրավված է եղել Ռուսաստանը։
Նոր ատոմակայանի կառուցման հարցը, սակայն, Երևանը քննարկում է տարբեր երկրների հետ, այդ թվում՝ ԱՄՆ-ի։ Վարչապետ Փաշինյանը բազմիցս հայտարարել է՝ ատոմակայանի հարցը ՀՀ համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ, և ընդգծել՝ «ով մեզ լավագույն առաջարկը անի, մենք գնալու ենք այդ առաջարկի հետևից»:
Այս պահին հայտնի տեղեկությունները՝ հակիրճ
- «Եթե ՌԴ-ն որոշի դուրս բերել ռազմաբազան, մենք չենք առարկի»․ Փաշինյան
- ԱԹՍ-ների վաճառք ՀՀ-ին և ոչ միայն․ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի արդյունքները
- Կախվածությո՞ւն, թե՞ դիվերսիֆիկացիա․ ՀՀ-ի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի հնարավոր միացումը
Փաշինյանը չի բացառում ռուսական առաջարկի ընդունման տարբերակը
Անդրադառնալով նոր ատոմակայանի տեխնոլոգիայի հարցում կայացվելիք որոշմանը՝ ՀՀ վարչապետը նշել է՝ 2025 թ․-ի օգոստոսի 8-ին ԱՄՆ հետ ստորագրված մտադրությունների հուշագրից առաջ Հայաստանն էլեկտրաէներգիայի ավելցուկ ունեցող պետություն էր։
«Եվ մենք պետք է մտածեինք՝ մեր ավել էներգիան որտեղ սպառեինք։ Մեկ տարի անց Հայաստանը դարձել է էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ունեցող պետություն»,- արձանագրել է նա։
Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ խնդիրն արդեն իսկ ՀՀ-ում կառուցված երկու ԱԲ գործարանները չեն։
«Խնդիրն այն է, որ արդեն հաստատված ներդրումային ծրագրերն այն ծավալի են, որ Հայաստանն արդեն ունի էլեկտրաէներգիայի դեֆիցիտ։ Այսինքն՝ մեր ամբողջ ավելցուկը ներդրումային ծրագրերն ամբողջությամբ սպառում են, և, հետևաբար, մենք պետք է մտածենք՝ ինչ անենք»,- նկատել է նա։
Պաշտոնական Երևանը, ըստ նրա, կկողմնորոշվի առաջիկա ամիսներին։ Ինքը՝ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում հնարավոր տարբերակ է համարել նաև Ռուսաստանի կողմից ներկայացված առաջարկի ընդունումը։
«Չի բացառվում, որ 1000 ՄՎտ-անոց կայանը ամենատրամաբանական լուծումը լինի։ Բայց հիմա չեմ կարող ասել, քանի որ հարցը փորձագիտական քննարկման տիրույթում է»,- հայտարարել է նա։
«Նոր էներգաբլոկը պետք է ունենա առնվազն 1000 ՄՎտ հզորություն»․ Լիխաչով
«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը երևանյան հանդիպումից հետո ռուսական առաջարկի հետ կապված մանրամասներ է ներկայացրել ԶԼՄ-ներին։ Նա նշել է, որ Հայաստանում ատոմային էներգետիկա լինելու է դեռ շատ տասնամյակներ, ուստի պետք է առաջիկա ամիսներին ձևակերպել «առավել մրցունակ առաջարկություն» նոր էներգաբլոկի շինարարության նպատակով:
«Մեր ըմբռնմամբ՝ այդ բլոկը պետք է լինի առնվազն մեկը՝ առնվազն 1000 մեգավատտ հզորությամբ»,— ասել է Լիխաչովը։
Նրա փոխանցմամբ՝ խոսքը ВВЭР-1000-ի՝ ջրով սառեցվող ջրային ռեակտորի (Водо-водяной энергетический реактор) մասին է, որն ունի 1000 ՄՎտ հզորություն:
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտարարել է՝ «այդ առաջարկը լավագույնն է համաշխարհային շուկայում եղածներից»։
Միևնույն ժամանակ, հիշեցրել է՝ «Ռոսատոմ»-ը շարունակում է ВВЭР կառուցել Հնդկաստանում և Իրանում և հավելել՝ այդ բլոկներում համակցված են տնտեսական արդյունավետությունն ու նոր սերնդի անվտանգության համակարգերը։
Ի՞նչ էր քննարկվել «Ռոսատոմի» տնօրենի հետ Երևանում
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ու Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը քննարկել էին հարցեր, որոնք վերաբերում են՝
- հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին,
- ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկներին։
Վարչապետ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՀ կառավարությունը շարունակում է քննարկումները նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ միջազգային գործընկերներից ստացված առաջարկությունների շուրջ, իսկ որոշումը կընդունվի առաջիկայում։
«Փաշինյանն ընդգծել է, որ վերջնական որոշումը կրելու է բացառապես տնտեսական բնույթ՝ հաշվի առնելով գինը, որակը, անվտանգությունը, ժամկետները և երաշխիքները»։
Հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Ալեքսեյ Լիխաչովը մատնանշել է հայաստանյան գործընկերների հետ առկա կառուցողական համագործակցությունը։ Բացի այդ, «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը ներկայացրել է մանրամասներ նոր ԱԷԿ-ի, ինչպես նաև փոքր և միջին հզորության էներգաբլոկների կառուցման առաջարկների և հնարավոր մեխանիզմների շուրջ։
Այդ առաջարկների մասին, սակայն, պաշտոնական Երևանը հավելյալ տեղեկություններ չէր հաղորդել։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Փաշինյանի դիրքորոշումը ՀՀ նոր ատոմակայանի հարցում