«Տիգրանաշենի հարցը կլուծվի սահմանազատման արդյունքում»․ Փաշինյանի ասուլիսի դրվագները
Փաշինյանը՝ Տիգրանաշենի հարցի լուծման մասին
«Google-ի գոյության ողջ ընթացքում էդ անունը եղել է այդտեղ, այլ բան, որ ոմանք նոր են նկատում»,- խոսելով Տիգրանաշեն բնակավայրի ադրբեջանական՝ Քյարքի անվանման մասին այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մի շարք ԶԼՄ-ներում տեղեկություններ էին շրջանառվում, թե վերջին օրերին անվանման փոփոխություն է տեղի ունեցել Google քարտեզում։ Վարչապետը, սակայն, վստահեցրել է՝ այդ անունը եղել է միշտ։ Օգտվելով առիթից՝ Փաշինյանը վստահեցրել է՝ Տիգրանաշենի հարցը պետք է լուծվի սահմանազատման արդյունքում։
Անկլավների (Տիգրանաշեն՝ Քյարքի, Վերին Ասկիպարա, Սոֆուլու և Բարխուդարլու) հնարավոր վերադարձի թեման ՀՀ-ում մտահոգության տեղիք է տալիս, քանի որ եթե դրանք չփոխանակվեն, այլ վերադարձվեն Ադրբեջանին, ադրբեջանական վերահսկողության տակ կհայտնվեն Հայաստանը Վրաստանին և Իրանին կապող ռազմավարական նշանակության ճանապարհների մի քանի հատվածներ։ Նման որոշում, սակայն, դեռևս չի կայացվել։
Պաշտոնական Երևանը պարբերաբար հայտարարում է, որ անկլավների հարցը լուծվելու է սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակում։ 2024 թվականին՝ դեռևս սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հաստատումից առաջ Հայաստանն Ադրբեջանին վերադարձրեց հայկական վերահսկողության տակ գտնվող չորս գյուղ: Հայտարարվեց, որ սահմանազատվել է Տավուշի մարզի շուրջ 12 կմ-անոց հատվածը։ Գործընթացի շարունակությունը գետնի վրա դեռ տեսանելի չէ։
Հերթական անգամ հիշեցրել է՝ ՀՀ-ն չի կարող հրաժարվել անկլավների թեմայի շուրջ բանակցելուց, քանի որ ունի անկլավ՝ Արծվաշենը, որը երկրի ինքնիշխան տարածքի մաս է։ Վարչապետի փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ «որևէ պայմանավորվածություն, հայեցակարգ, ռազմավարություն» այդ հարցի լուծման հետ կապված չկա։
«Եթե սահմանազատման ընթացքում, ինչպես կանոնակարգով նախատեսված է, որոշ օպտիմալացումներ կլինեն, դա կարող է և լինել։ Եթե լինի, կլինի բաց, հրապարակային, թափանցիկ։ Մի բան հստակ է և աներկբա՝ սահմանազատման արդյունքներով ՀՀ տարածքը 29․743 քառ․ կմ է։ Սա երկաթյա տրամաբանություն է»,- հայտարարել է Փաշինյանը։
Մամուլի ասուլիսի ժամանակ նա անդրադարձել է վերջին շրջանում ակտիվորեն քննարկվող մի շարք թեմաների՝ իր դեմ մահափորձի նախապատրաստմանը, Զելենսկու երևանյան այցին, ռուսական գազի հնարավոր թանկացմանը, արցախցիների վերադարձի օրակարգին և ոչ միայն։
- «Հունիսի 7-ին էլի հեղափոխություն է լինելու»․ Փաշինյանը՝ ընտրությունների մասին
- «ՌԴ-ն պատրաստվում է հետընտրական խժդժություններ կազմակերպել Հայաստանում»․ կարծիք
- «Եվրոպացի առաջնորդները վստահում են Փաշինյանին»․ կարծիք Թբիլիսիից
«Դիմակավորված անձանց շրջանակը պարզել ենք»
Օրեր առաջ համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ 5 դիմակավորված անձինք սպառնալիքներ և հայհոյանքներ էին հնչեցնում վարչապետ Փաշինյանի հասցեին։ Հայտարարում էին, թե նա «հանձնել է Արցախը» և պատասխան է տալու արածների համար։
Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ «մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ»։ Փաշինյանը հայտարարել էր, որ դիմակավորված անձանց «իրավապահ մարմինները ասֆալտ ուտացնելով տանելու են, գցեն քրեակատարողական հիմնարկ»։
Վարչապետի դեմ մահափորձ նախապատրաստած անձինք, սակայն, դեռևս չեն հայտնաբերվել։ Փաշինյանի խոսքով՝ հաջողվել է մոտավոր պարզել շրջանակը․
«Ըստ էության, այն անձինք, որոնք մենք կարծում ենք, որ այդ տեսանյութում են, 2024 թ․-ից Հայաստանում չեն։ Սա օպերատիվ տեղեկություն է, ապացույց չունենք»։
Տեղեկացրել է՝ մեծ հավանականությամբ այդ անձինք նախկինում «այլ գործերով մեր հետաքրքրություն տիրույթում են եղել»։
«Հնարավոր է` ապօրինի վարձկանության տրամաբանության մեջ գտնվող անձինք լինեն»,- մանրամասնել է Փաշինյանը։
«Լրտեսներին հետևում ենք, հետո նոր բռնում»
Լրագրողները Փաշինյանից հետաքրքրվել են՝ ինչու են իրավապահները հիմա զբաղվում նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանին վերագրվող լրտեսության դրվագով, եթե Քննչական կոմիտեի տեղեկությունների համաձայն՝ նա լրտեսությամբ է զբաղվել շուրջ 2 տարի։
Ի պատասխան վարչապետը նկատել է՝ իրավապահները միանգամից չեն գնում լրտեսի հետևից, որպեսզի կարողանան պարզել նրա կապերն ու այլ մանրամասներ․
«Հիմա էլ ուրիշ լրտեսության գործեր ունենք: Lրտեսներին չենք բռնել, որովհետև օպերատիվ հետևում ենք, որ ցանցերն ու գործելակերպը բացահայտվեն։ Էլ չեմ ասում՝ լրտեսի ստացած հանձնարարությունները մեզ տեղեկություն են տալիս մեր դեմ իրականացվող հետախուզական գործունեության մասին»։
Փաշինյանի խոսքով՝ ձերբակալումն իրականացվում է միայն այն ժամանակ, երբ «օպերատիվ հետաքրքրությունը սպառվում է»։
Կոնկրետ Անդրանիկ Թևանյանին առնչվող քրեական գործի մասին մանրամասներ վարչապետը չի հայտնել։ Նշել է, որ քննչական մարմինները կտեղեկացնեն՝ ըստ պատեհության։
Մայիսի 21-ին հաղորդվեց, որ Քննչական կոմիտեն պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով քրեական վարույթ է նախաձեռնել ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված Անդրանիկ Թևանյանի նկատմամբ։ Կոմիտեի փոխանցմամբ` նա 2024 թ․-ին 622․000 դոլարի դիմաց ԱԺ գաղտնի նիստի մասին տեղեկություններ է փոխանցել օտարերկրյա վերլուծական կենտրոնի։ Ինքը՝ Թևանյանը հերքում է մեղադրանքն ու պնդում՝ 2023 թ․-ին է վայր դրել մանդատը, 2024 թ․-ի նիստերի մասին չէր կարող տեղեկացված լինել։
Շեշտում է՝ գրագետ չէ միանգամից լրտեսի հետևից գնալը, կարևոր է հասկանալ՝ ումից է և ինչ հանձարարություններ է ստանում, ում է ներգրավում, որ կուսակցության ցուցակում է և ինչպես է հայտնվում։
«Էդ կուսակցության ղեկավարն ումի՞ց է ստանում հրահանգը։ Ինչո՞ւ է կատարում հրահանգը։ Գիտակցո՞ւմ է, թե՞ չի գիտակցում, որ գործ ունի օտարերկրյա հատուկ ծառայությունից իրեն տրված հանձնարարականի հետ։ Եվ նա, ով կատարում է օտարերկրյա հատուկ ծառայության հանձնարարականը, ինքը նույնպես առնվազն «ճ» կլասի լրտես է»,- շեշտել է Փաշինյանը՝ ակնարկելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։
«ՀՀ-ում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցվելու»
Օրերս «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, որը տնային կալանքի տակ է իշխանազավթման կոչ հնչեցնելու համար, հայտարարել էր, թե գործող իշխանությունը ՀՀ-ում 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման վերաբերյալ պարտավորություն է ստանձնել։ Հայտարարել է նաև․ «Եթե չկա նման բան, թող Նիկոլ Փաշինյանը կանգնի ու ասի՝ սուտ է»։
«Սուտ է։ Կալուգացի օլիգարխն ասել է՝ կանգնեմ ու ասեմ, որ այդ լուրը սուտ է, ես նստած եմ ասում»,- այսօր արձագանքել է Հայաստանի վարչապետը։
Լրագրողները հարցրել են՝ երաշխավորո՞ւմ է, որ իր իշխանության օրոք Հայաստանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցվելու։ Փաշինյանը պատասխանել է․
«Երաշխավորում եմ։ Եվ դա կապված է նրա հետ, որ ես ասում եմ՝ Ղարաբաղի հարցը փակված է, չի շարունակվելու, Ղարաբաղ վերադարձի թեմա չի լինելու, վերադարձի թեմա Նախիջևան չի լինելու, վերադարձի թեմա Բաքու, Սումգայիթ չի լինելու, վերադարձի թեմա Կիրովաբադ, Եվլախ չի լինելու և այդպես շարունակ»։
Փաշինյանի բնորոշմամբ՝ վերադարձի թեման «կոնֆլիկտի, այլ ոչ թե խաղաղության թեմա է»։
«Միայն ՀՀ-ն կարող է քննարկել ԵԱՏՄ-ում իր կարգավիճակի հարցը»
«Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ հարուցելու ցանկություն ունեցողների թիվը բավականին մեծ է և՛ ՀՀ-ում, և՛ ՌԴ-ում։ Բայց ինչպես ասել եմ, մենք Ռուսաստանի հետ չենք վիճելու, առավել ևս չենք կռվելու, որովհետև դա անլուրջ է»,- հերթական անգամ հայտարարել է Փաշինյանը։
Զուգահեռներ է անցկացրել ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետ և նկատել․
«Մինչև հիմա մենք ավիացիոն սև ցուցակում ենք։ Սա նշանակո՞ւմ է, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններում ճգնաժա՞մ կա»։
Նրա պնդմամբ՝ ՀՀ-ն հարգանքով է վերաբերվում ՌԴ-ին և այդ երկրի շահերին։ Վստահեցրել է՝ Հայաստանը երբեք ներգրավված չի եղել հակառուսական գործողությունների մեջ, ներգրավված չէ ու չի լինելու։
Անդրադարձել է նաև ՌԴ հովանու ներքո գործող ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությանն ու հայտարարել՝ միության կարգավորումների համաձայն՝ միայն ՀՀ-ն կարող է քննարկել իր կարգավիճակի հարցը։
«ԵԱՏՄ-ի անդամը միայն կարող է որոշել դուրս գալ, այլ ընթացակարգ չկա»,- պարզաբանել է նա։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ մայիսի 29-ին ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում անդամ պետությունների ղեկավարները կքննարկեն նաև միությունում Հայաստանի կարգավիճակի հարցը։
«Ռուսական գազի թանկացում չի կարող լինել»
«Գազի գնի թանկացում չի կարող լինել, որովհետև մենք պայմանագիր ունենք, որը գործում է և փոխշահավետ է»,- արձագանքելով ռուսական գազի հնարավոր թանկացման մասին լուրերին՝ շեշտել է վարչապետ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ գազի գնի հետ կապված Հայաստանն ու Ռուսաստանն ունեն «հստակ ռազմավարական պայմանավորվածություններ», որոնք պետք է պահվեն։
Նախօրեին տարբեր ԶԼՄ-ներում և սոցցանցային էջերում տեղեկություններ էին շրջանառվում, թե ռուսական գազի գինը Հայաստանի համար կարող է թանկանալ։ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հերքել է այդ լուրերը՝ նշելով, որ « բնական գազի սակագնի բարձրացման հարց այս պահին չի քննարկվում»։
«Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չենք»
Մայիսի սկզբին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այցելել էր ՀՀ՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Նրա ներկայությունն ու հնչեցրած հայտարարությունները Մոսկվայի վրդովմունքն էին առաջ բերել։ ՌԴ-ից մինչև անգամ հայտարարել էին, թե «Երևանը խախտել է ՌԴ դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը»։
Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է՝ դեռևս 2022 թ․-ին է հայտարարել, որ Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։
Ինչ վերաբերում է նախագահ Զելենսկու երևանյան այցին, Նիկոլ Փաշինյանն այն խնդրահարույց չի համարում։
«Ինչի՞ պիտի Ուկրաինայի նախագահը չգար Հայաստան, ի՞նչն է խնդիր։ Մեր կոնֆլիկտի ժամանակաշրջանում Ադրբեջանի նախագահը քանի՞ անգամ է գնացել Ռուսաստան կամ ՌԴ նախագահը քանի՞ անգամ է գնացել Ադրբեջան»,- հարցրել է նա։
«ԵՄ հետ կապերի համար Վրաստանն ունի առանցքային դեր»
Վարչապետն ընդգծել է՝ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները պայմանավորված չեն այլ երկրների կամ միավորումների հետ հարաբերություններով․
«Այդ հարաբերությունները ռազմավարական են, երկարաժամկետ են, պատմական են, եղբայրական և շարունակելու են այդպես մնալ։ Ուրիշ սցենար չի կարող լինել»։
Միաժամանակ նկատել է՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համար Վրաստանն ունի «շատ էական և առանցքային դեր»։
«Մենք շատ անհանգստացած ենք այդ իրադրությամբ։ Կարծում ենք, որ այդ իրադրությունը պետք է լուծվի»,- ասել է վարչապետը՝ նկատի ունենալով Վրաստանի եվրաինտեգրման հետ կապված ներկայիս իրավիճակը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Փաշինյանը՝ Տիգրանաշենի հարցի լուծման մասին