Հուլիսի 4-ին տեղական ժամանակով ժամը 21:50-ին Կասպից ծովի ափից 30 կմ հեռավորության վրա պայթյուն է տեղի ունեցել։ Մի քանի ժամ շարունակ պետական կառույցները հակասական հայտարարություններ էին անում, ինչը մի շարք ասեկոսեներ է առաջացրել հասարակությունում։
Պայթյունից մի քանի րոպե անց Բաքվում լողափին հանգստացողները սկսել էին սոցցանցերում տեղադրել կատարվածի լուսանկարներն ու տեսանյութերը։ Սոցցանցերի օգտատերերի առաջին վարկածը պայթյունն էր «Ումիդ» պլատֆորմում, որը տեղակայցած է ծովի այդ հատվածում։
Պետական նավթային ընկերության ոչ մի կառույց չի տուժել, աշխատանքը շարունակվում է սովորական ռեժիմով, պայթյունից կես ժամ անց հայտարարել է SOCAR-ի մամուլի խոսնակի տեղակալ Իբրահիմ Ահմեդովը Facebook-ի իր էջում։ Նա հավելել է, որ, նախնական տեղեկություններով, ցեխային հրաբխի ժայթքում է տեղի ունեցել։ Սակայն բառացիորեն երեք-չորս րոպե անց նա ջնջել է այս ենթադրությունն իր գրառումից։
Այնուհետև մի քանի հակասական հայտարարություններ են հնչել մյուս պետական կառույցներից։
Այսպես, գիտությունների ակադեմիան հայտարարել է, որ այդ տարածքում ցեխային հրաբուխներ չկան։ Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը հակադարձել է այս տեղեկությանը և նշել, որ պատկերը նման է ցեխային հրաբխի ժայթքմանը։ Նույն կարծիքին էր նաև հանրապետության սեյսմաբանական կենտրոնը։
Այս հայտարարությունները հանգեցրել են սոցցանցերում ենթադրությունների աճի, բայց արդեն «դավադրության տեսություններ» շարքից։
Այսպես, օգտատերերից մեկը գրել է, որ պայթյունը տեղի է ունեցել ռուսական սուզանավում։ Գրեթե նույն պահին թուրք բլոգերներից մեկը համացանցում է տեղադրել աուդիոձայնագրություն, որում հայտարարել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանի նավթային կառույցների վրա գրոհի մասին՝ դա փաստարկելով Շուշիում վերջերս ստորագրված համաձայնագրերով։
Ամեն ինչ պարզվել է միայն առավոտյան ժամերին, երբ SOCAR-ը հերթական հայտարարությունն է արել։ Դրանում խոսվում է «Ումիդ» գազաարդյունահանող պլատֆորմից 10-12 կմ հեռավորության վրա գտնվող Դաշլը քարքարոտ կղզյակում ցեխային հրաբխի ժայթքման մասին։ Որպես հաստատում՝ ուղղաթիռից նկարահանված տեսանյութ է հրապարակվել։