Ցանկապատի տակով անցնելով
Աբխազիայում հունիսից գրեթե իրար ետևից տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղները լուրջ խնդիրներ են ստեղծել: Տեղի բնակիչներն ասում են, որ հորդառատ անձրևները, որոնք ջրհեղեղի պատճառ են դարձել, անհավանական ուժգնության են եղել: Օրինակ, օգոստոսի լույս 4-ի գիշերը 3 ժամում 240 մլ տեղում է եղել, ընդ որում, միջին ամսական ցուցանիշը կազմում է 120 մլ:
Վերջին ջրհեղեղը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ին:
«Սուխումում անձրևն այնպես էր հարվածում ապակիներին, որ ջուրը ներծծվում էր կրկնակի պատուհաններից ներս: Այնպիսի տպավորություն էր, որ պատուհանից այնկողմ հրդեհային պոմպ է աշխատում», — պատմում են JAMnews-ի լրագրողները:
Սուխումի և Սուխումի շրջանի գետերից շատերը մի քանի անգամ ափերից դուրս են եկել: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն ջուրը վնասել է սեփական տների նկուղներն ու առաջին հարկերը, քանդել ճանապարհներն ու փողոցները:
Քաղաքացիներից գրեթե հազար բողոք է ստացվել՝ գետի հունը մաքրելու պահանջով, որն էլ հենց ամեն անգամ հեղեղում է քաղաքը ուժեղ անձրևների ժամանակ:
Սակայն Սուխումի քաղաքապետ Ադգուր Խարազիան պնդում է, որ տեղացիները պետք է գիտակցեն, որ ջրհեղեղներն ու ավերածությունները մեծ մասամբ հենց իրենց ձեռքի գործն են:
«Կոմունալ վճարումներն ամսական կազմում են մոտ 76 ռուբլի [1 դոլարից մի քիչ ավել], սակայն դրանք վճարում է բնակչության ընդամենը 5 տոկոսը: Բացի այդ, մարդիկ զանգվածային կերպով աղբ են նետում գետը, ամբողջը կենցաղային թափոն է»:
Ով է մեղավոր՝ առանձին հարց է: Այսօր, երբ տներում դժվար է ապրել, իսկ ճանապարհներով՝ անցնել, մարդկանց համար գլխավոր հարցը «ի՞նչ անելն» է: Եվ կարևորը՝ ե՞րբ է այդ ամենն արվելու: Որովհետև կան մարդիկ, որոնք ստիպված են սեփական տուն չորեքթաթ մտնել:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:
Հրապարակվել է 04.10.2016