Տարածաշրջանում իրավիճակը խիստ մտահոգիչ է, հայտարարել է Երևանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը
ՆԱՏՕ-ն մտահոգված է Հարավային Կովկասում սպառազինության ծավալների մեծացմամբ, որովհետև դրան զուգահեռ աճում են քաղաքական լարումներն ու թշնամական գործողությունների դրսևորումը: Այս մասին այսօր երևանյան այցի շրջանակներում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակից երկներից երկուսը ներգրավված են ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում, և նրանց գործողություններն ակնհայտորեն նվիրված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծումը գտնելուն:
«Մենք հետևում ենք անվտանգության իրավիճակին: Պարբերաբար թարմ տեղեկություններ ենք ստանում վրաստանյան մեր գրասենյակից, որը պատասխանատու է այս տարածաշրջանի համար: Ներկայիս մեր մտահոգության մակարդակը շատ ավելի բարձր է: Վերջերս զինված բախումների մակարդակն ավելի բարձր է եղել, ավելի ռազմտենչ հայտարարություններ են հնչել, կան տուժածներ, իրավիճակը խիստ մտահոգիչ է: Մեր հստակ դիրքորոշումն այս հարցում Մինսկի խմբի ջանքերին սատարելն է»,- ասել է նա:
Ի դեպ, Ջեյմս Ապաթուրայը նաև խոսել է ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների մասին: Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի ցանկությունն է իմաստալից երկխոսություն ծավալել Ռուսաստանի դաշնության հետ: Միաժամանակ, Ջեյմս Ապաթուրայը հայտնեց, որ գալիք շաբաթների ընթացքում ՆԱՏՕ-ն լրացուցիչ ստորաբաժանումներ կտեղակայի Մերձբալթյան երկու պետություններում և Լեհաստանում: Նա նշեց, որ խոսքը 1000-ական խաղաղպահների մասին է, ինչը որևէ կերպ չի սպառնա ՌԴ անվտանգությանը, չի «խանգարի նրանց քունը»: