Վրացի բժիշկները պատրաստ են օգնել Հայաստանին COVID-19–ի դեմ պայքարում
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է, որ NCDC–ն պատրաստ է Հայաստանին օգնել կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում։
«Օրերս մեր միջև մի փոքր թյուրիմացություն էր տեղի ունեցել, սակայն մենք երկու եղբայրական ժողովուրդներ են, որոնք միշտ միմյանց կողքին կանգնած են եղել։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի Հիվանդությունների ազգային կենտրոնի հետ, և եթե մեր գործընկերներին անհրաժեշտ է, պատրաստ ենք նրանց օգնել», — հայտարարել է Գամկրելիձեն։
«Թյուրիմացություն» ասելիս Գամկրելիձեն նկատի է ունեցել Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը, որը կասկածի տակ էր դրել համաճարակի վերաբերյալ Վրաստանի պաշտոնական վիճակագրական տվյալներն ու հայտարարել վրացական համաճարակային համակարգի նկատմամբ հայկականի առավելության մասին։
Վրաստանում Հայաստանի նախարարի հայտարարությունը ոչ կոռեկտ էին որակել։ Ավելի ուշ Երևանն ափսոսանք էր հայտնել վրացական կողմին։
- Հայաստանի՝ կորոնավիրուսով վարակված վարչապետը ճեպազրույց է տվել
- Հայաստանի առողջապահության նախարարությունն ափսոսանք է հայտնել վրացի գործընկերներին իր նախարարի անհաջող հայտարարության համար
«Համոզված եմ, որ Վրաստանի կառավարությունն, առողջապահության նախարարությունը չի մերժի Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցում։ Թե արդյոք մեր օգնությունն անհրաժշտ է, պետք է որոշի Հայաստանի առողջապահության նախարարությունը», — հայտարարել է Ամիրան Գամկրելիձեն՝ ընդգծելով, որ առողջապահության ոլորտում Երևանն ու Թբիլիսին հսկայական համատեղ փորձ են կուտակել։