Ինչպե՞ս է ղարաբաղյան սրացումն ազդել Վրաստանի հայաբնակ շրջանի վրա
Արդեն հինգերորդ օրն է, ինչ Վրաստանի հարավային շրջանում, որը բնակեցված է հայերով, անհանգիստ իրավիճակ է։ Տեղի բնակչությունը ոչ միայն հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի սրմանն, այլև փորձում է հստակ քայլեր ձեռնարկել Հայաստանին օգնելու համար։
Երիտասարդները տարբեր նախաձեռնություններով են հանդես գալիս՝ կամավորագրումներ, դրամահավաք, դեղորայքի, սննդամթերքի և ռետինե անվադողերի հավաքագրում։
Բանը հասել է նրան, որ սեպտեմբերի 29-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարծախ գյուղում Ջավախքի բնակիչները փակել են Վրաստան-Թուրքիա միջազգային մայրուղին, քանի որ, ըստ նրանց, «այդ ճանապարհով Թուրքիան զենք է տեղափոխում Ադրբեջան»։
Կարծախում մոտ հազար մարդ է հավաքվել։
Թուրքական պետական համարանիշներով բեռնատարները կայանված էին Կարծախի մերձակայքում։
Երիտասարդները վանկարկում էին՝ «Հայաստան», «Արցախ»։
Ցուցարարները պահանջում էին նաև հայ-վրացական սահմանի բացում, որ կարողանան անարգել մարդասիրական օգնություն ուղարկել և որպես կամավոր Արցախ մեկնել։
«Քանի դեռ հայ-վրացական սահմանը չի բացվել, որ մեր օգնությունը Հայաստան հասնի, թուրքական բեռնատարները Վրաստան չեն մտնելու», – ասում էին ակցիայի մասնակիցները։ Սակայն մի քանի ժամ տևած ցույցից հետո տեղի քաղաքական գործիչներն ու իրավապահ մարմինները նրանց համոզել են չխոչընդոտել մեքենաներին։
Իրավիճակը Ջավախքում սկսել է թեժանալ Ղարաբաղում ռազմական գործողությունների մեկնարկի արդեն երկրորդ օրը։
Սեպտեմբերի 28-ին Ախալքալաքում և Նինոծմինդայում կամավորագրում է սկսվել՝ անհրաժեշտության դեպքում կռվի մեկնելու համար։
Հայաստանում և Ադրբեջանում ռազմական դրություն է հայտարարվել։ Ի՞նչ է դա և ինչպե՞ս է գործելու
Մարտեր Արցախում։ Թարմացվում է։ Սեպտեմբերի 30-ի տվյալներ, ռեպորտաժներ, տեսանյութեր, լուսանկարներ
Կամավորների գրանցումը երիտասարդները կազմակերպել են Ֆեյսբուքում։ Բացի այդ, մի քանի մարդ Ախալքալաքի և Նինոծմինդայի մարզադաշտերում նստած գրանցում էին կամավորների տվյալները տետրի մեջ՝ անուն, ազգանուն, քաղաքացիություն (Ջավախքում որոշ մարդիկ կրկնակի քաղաքացիություն ունեն՝ վրացական և հայկական)։
Տեղեկություններն այն մասին, որ կարելի է կամավորագրվել, արագ տարածվել են, այնպես որ, նույնիսկ հերթեր են գոյացել։ Ըստ կազմակերպիչների՝ ցուցակներն ուղարկվելու են Հայաստան, և անհրաժեշտության դեպքում կամավորներին զորակոչելու են։
Արդեն սեպտեմբերի 28-ին մթերքով և անվադողերով չորս բեռնատար պատրաստ էր Ախալքալաքից մեկնել Նինոծմինդա-Բավրա անցակետ, այնտեղից էլ՝ Հայաստան։
Սակայն բեռնատարները սահման չհասան։ Դրանք կանգնեցրին իրավապահ մարմինների աշխատակիցները՝ հայտարարելով, որ սահմանը փակ է կորոնավիրուսի պատճառով։
Դա վրդոմունքի ալիք բարձրացրեց հայերի շրջանում․ մեկ ժամում Հայաստանի հետ սահմանին հավաքվեց մոտ հինգ հազար երիտասարդ։ Նրանք Վրաստանի իշխանություններին մեղադրում էին, որ նրանք խոչընդոտում են մարդասիրական բեռների փոխադրմանը։
Իրավիճակը թեժանում էր րոպե առ րոպե, մարդիկ պահանջում էին բացել սահմանը, որպեսզի իրենց հավաքած մարդասիրական օգնությունն անարգել Հայաստան հասնի։
Ի վերջո, իրավապահ մարմինները սննդամթերքով բեռնված երկու բեռնատար թույլ տվեցին հատել սահմանը։ Անվադողերով բեռը մնաց Վրաստանում։
Սահմանին հավաքված տեղի հայերը հայրենասիրական երգեր էին երգում։
«Սաակաշվիլին հայկական բնակչության աջակցությունը չի տեսնի»։ Քաղաքական գործիչների և տեղի բնակչության մեկնաբանությունները
Տարածաշրջանում բուռն կերպով քննարկվում է նաև այն հայտարարությունը, որը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արել է Ֆեյսբուքում․ նա Ղարաբաղն Ադրբեջանի մաս է անվանել։
Ախալքալաքում շատերը կարծում են, որ չարժե հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում քվեարկել Սաակաշվիլիի կուսակցության օգտին։
«Ով նրա կուսակցության օգտին քվեարկի, դավաճան է»։
«Դա դավաճանություն է բոլոր առումներով։ Ով էլ ներկայացնի նրա կուսակցությունը Ջավախքում, մենք չպետք է քվեարկենք նրա օգտին։ Նրանք թուրքերի դաշնակիցներն են»։
«Նրա կուսակցությունը թող Ջավախք չգա», — այսպիսի մեկնաբանություններ ենք հավաքել Նինոծմինդայի փողոցներում։
Միխեիլ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցության մեծամասնական թեկնածու Մելիք Ռայիսյանն Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններից ասում է, որ Սաակաշվիլիի խոսքերն իր համար անընդունելի են, սակայն ոչ մի նոր բան նա այդտեղ չի տեսնում․
«Ես չեմ տեսել Վրաստանում մի առաջորդի, որը բացահայտ կերպով չպաշտպանի Ադրբեջանի շահերը։ Մարդիկ պարզ ու բաց խոսում են այդ մասին։ Ես դա չեմ ընդունում, սակայն հասկանում եմ այդ հարցին նրանց մոտեցումը։ Սաակաշվիլին նույն բանն է ասում արդեն 15 տարի։ Այստեղ վատն այն է, որ կռվում են 17-ամյա տղաներ։ Սաակաշվիլիի ասածը ոչ ոքի համար նորություն չէ, դրանում ոչ մի զարմանալի բան չկա, նա ասել է դա նույնիսկ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց իր նախագահության տարիներին», — ասում է Ռայիսյանը։
Սակայն նա չի հերքում, որ Սաակաշվիլիի խոսքերը բացասաբար են անդրադառնալու ընտրություններում ընդդիմության շանսերի վրա․
«Երբ պատերազմ է գնում, ես անթույլատրելի եմ համարում ընտրությունների մասին խոսելը։ Բնականաբար, Սաակաշվիլիի հայտարարությունը մեծապես ազդել է մեր շրջանի վրա, և ընտրություններում հաղթելու մեր շանսերը կտրուկ նվազել են, դա ակնհայտ է», — ասում է Ռայիսյանը։
Ռայիսյանն ինքը Ֆեյսբուքում դրանից մեկ օր առաջ գրառում էր կատարել՝ ի աջակցություն Հայաստանի՝ Ղարաբաղում կատարվող իրադարձություններն անվանելով «Ադրբեջանի հերթական արյունալի սադրանք, որին օգնում է Թուրքիան»։
Հայաստանին սատարող միանշանակ հայտարարություններ են անում նաև մնացած բոլոր քաղաքական գործիչները, որոնց թեկնածությունն առաջադրվել է կայանալիք ընտրություններին։
Հայերը խաղաղ ժողովուրդ են, սակայն «երբ նրանց պատերազմ են պարտադրում, նրանք ընդունում են մարտահրավերն», ասում է «Հայրենասերների դաշինք» կուսակցության (այն հայտնի է իր արտահայտված հակաթուրքական դիրքորոշմամբ) ցուցակում ներառված թեկնածու Սամվել Պետրոսյանը։
Պետրոսյանը վրաց ժողովրդին հիշեցնում է, որ «Ադրբեջանը հավակնում է Վրաստանի տարածքին»․
«Միանշանակ հայտարարում ենք, որ Ադրբեջանը սպառնալիք է Վրաստանի համար, քանի որ Ադրբեջանն է այսօր օկուպացրել վրացական տարածքը, որի վրա է գտնվում Դավիթ Գարեջի պատմական հուշարձանը», – Ֆեյսբուքում գրել է Սամվել Պետրոսյանը։
«Վրաստանի քաղաքացի հայերն ամբողջությամբ համերաշխ են Արցախի և Հայաստանի հետ և պատրաստ են ուժերի ներածի և չներածի չափով ցանկացած օգնություն ցուցաբերել», — ասում է «Եվրոպական Վրաստան» կուսակցության թեկնածու Արսեն Կարապետյանը։ Թե արդյոք խոսքը ռազմական օգնության մասին է, քաղաքական գործիչը չի հստակեցնում։
Հայաստանի բանակին չխանգարելու կոչով Ջավախքի երիտասարդներին է Ֆեյսբուքում դիմել Վրաստանի խորհրդարանի «Վրացական երազանքի» գործող պատգամավոր Հենզել Մկոյանը։
«Հայաստանի իշխանությունների վկայությամբ՝ Արցախի պաշտպանությունը հուսալի ձեռքերում է, բանակն ունակ է հետ մղելու ցանկացած ագրեսիա, այդ պատճառով էլ, հարգելի երիտասադներ, կոչ եմ անում ձեզ առանց անհրաժեշտության որոշակի քայլեր չկատարել և չխանգարել Պաշտպանության բանակին իր սուրբ պարտքը կատարելու հարցում», – գրել է Մկոյանը։
Սեպտեմբերի 29-ին հատուկ հայտարարությամբ է հանդես եկել նաև Քվեմո Քարթլիի և Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը։
Վրացական իշխանություններին ուղղված նամակում դրա ներկայացուցիչները նույնպես հիշատակել են Դավիթ Գարեջիի տարածքային խնդիրը, որն այսօր կանգնած է Վրաստանի և Ադրբեջանի առջև․
«Տեղին է հիշեցնել ադրբեջանցի զինվորականների կողմից Դավիթ Գարեջիի մուտքի փակումը, որը տեղակայված է Վրաստանի տարածքում և Վրաստանի ուխտագնացների համար կարևորագույն սրբավայրերից մեկն է», — ասված է հայտարարությունում։