Սկանդալ Վրաստանում․ դպրոցականներին ստիպել են քաղաքապետարանի զուգարանները մաքրել։ Հետաքննություն է ընթանում
Արևմտյան Վրաստանի Սամեգրելոյի շրջանի Չխորոցկու քաղաքում № 2 միջնակարգ դպրոցի յոթերորդ դասարանցիներին տարել են քաղաքապետարան, որտեղ նրանք զբաղվել են զուգարաններ մաքրելով։
Երեխաներին ասել են, որ իրենք գնում են «շաբաթօրյակի»։ Այդ մասին իմացել են դպրոցի տնօրենն ու դասղեկը։
Հետաքննություն է ընթանում։ Գործ է հարուցվել «հարկադրանքի մասին» հոդվածով։
Այս փաստի մասին առաջին անգամ հաղորդել է Atinati տեղական ռադիոն։
Ռադիոկայանի կայքում հրապարակված տեսանյութն արել է աշակերտներից մեկը բջջային հեռախոսով։
Կադրերում երևում է, թե ինչպես են երեխաները փրփուրով լվանում զուգարանի հատակը։ Այս տեսանյութը հրապարակվել է Facebook-ում։
Ինչպես պարզվել է, երեխաներին դպրոցից տարել է մի կին, որը կապ չունի դպրոցի հետ։
Տեղի կրթական ռեսուրս-կենտրոնի տնօրեն Լիա Ջալագոնիան «Ազատություն» ռադիոկայանին պատմել է, որ երեխաներին դպրոցից տարել են մաքրության ակցիայի պատրվակով։
«Մի կին է դպրոց եկել և տնօրենին առաջարկել մյուս դպրոցների հետ միասին մասնակցել ինչ-որ ակցիայի։ Տնօրենը սխալվել է, քանի որ նման հարցերը որոշում են միայն նախարարության միջոցով։ Սա կոպիտ խախտում է, որովհետև, երբ օտար մարդ կամ ծառայություն է դպրոց գալիս, ամեն ինչ որոշվում է նախարարության միջոցով։ Տնօրենը հստակ չի իմացել, թե որտեղ է անցկացվել ակցիան», — ասել է Ջալագոնիան RFE / RL-ին։
Ակցիան նախաձեռնող կնոջ անունը նշել են հենց աշակերտները։ Նա Չխորոցկուի քաղաքապետարանի մաքրության ծառայության նախկին աշխատակից Էթեր Ջափարիձեն է։
Վերջինս տեղի լրագրողներին ասել է, որ «ակցիան» ինքն է մտածել և կազմակերպել, և իր շարժառիթն այն է եղել, որ աշակերտներն աշխատանքի նկատմամբ դրական վերաբերմունք ձևավորեն․
«Ես այդ երեխաներին բերել եմ քաղաքապետարան, քանի որ նրանք դառնալու են քաղաքապետներ, արտիստներ, ինժեներներ, զբոսաշրջիկներ, հայտնի անձինք, սակայն եթե նրանց ընտանիքում խնդիրներ առաջանան, և նրանց երեխաները կարիքի մեջ հայտնվեն, պատրաստ լինեն ցանկացած աշխատանքի», — ասել է Էթեր Ջափարիձեն։
Չխորոցկուի քաղաքապետարանի ներկայացուցիչները պնդում են, որ ակցիայի մասին ոչինչ չեն իմացել։ Նրանց խոսքով՝ հունվարի 25-ից Ջափարիձեն քաղաքապետարանում այլևս չի աշխատում։
Ընդդիմությունն այս փաստարկները բավարար չի համարում։ Տեղի ակտիվիստները պահանջում են Չխորոցկուի քաղաքապետ Դավիթ Գոգուայի հրաժարականը։
Դավիթ Գոգուան Formula TV-ի հետ զրույցում հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր աշակերտներին ստիպել են Չխորոցկուի քաղաքապետարանում զուգարան մաքրել, խստորեն պատժվելու են․
«Սա անթույլատրելի փաստ է։ Այս փաստին մենք արագ ենք արձագանքել, քրեական գործ է հարուցվել։ Ես անում եմ հնարավոր ամեն ինչ՝ գործն ավարտին հասցնելու համար։ Բոլոր մեղավորները խստորեն կպատժվեն»։