Կարևոր նախընտրական բարեփոխում Վրաստանում․ սահմանադրական փոփոխություններն ընդունվել են երկրորդ ընթերցմամբ
Կիսվել
Կիսվել
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է Վրաստանի խորհրդարանի ընտրությունների մասին օրենքում սահմանադրական փոփոխություններ կատարելու նախագիծը, որը երկար ժամանակ վեճի առարկա էր իշխանությունների և ընդդիմության միջև։
Փոփոխությունների օգտին է քվեարկել 115 պատգամավոր 150–ից, երեքը դեմ էին, մեկը՝ ձեռնպահ։ Ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» կուսակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։
Ի՞նչ է փոխվելու ընտրություններում
Ըստ սահմանադրական փոփոխությունների՝ 2020 թ–ի խորհրդարանական ընտրություններին 120 պատգամավոր ընտրվելու է համամասնական ընտրակարգով՝ կուսակցական ցուցակներով, իսկ 30–ը՝ մեծամասնականով։
Ըստ գործող օրենսդրության՝ 150 պատգամավորներից 77–ն է ընտրվում համամասնական ընտրակարգով, 73–ը՝ մեծամասնականով (այսինքն 73 մեծամասնական ընտրատարածքներից)։
Ըստ ընդդիմության՝ այս համակարգը առավելություն է տալիս իշխող կուսակցությանը և բավարար չափով չի արտացոլում ընտրողների կամքը։
2019 թ–ին ընդդիմության զանգվածային ցույցերից հետո իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին խոստացել էր կատարել ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնելու ցուցարարների գլխավոր պահանջներից մեկը։
Սակայն 2019 թ–ի նոյեմբերին իշխող կուսակցության պատգամավորները ձախողել էին այդ փոփոխությունը քվեարկության ընթացքում, որի պատճառով Թբիլիսիում կրկին բողոքի ցույցեր էին սկսվել, որոնք արդյունքում ավարտվել էին մարտի 8–ի համաձայնագրով։
Օրենսդրությունում ևս մեկ կարևոր փոփոխություն է լինելու․ այն կուսակցությունը, որը չի հավաքի 40 տոկոս ձայն, միակուսակցական կառավարություն ձևավորելու իրավունք չի ունենա։
Ըստ նախագծի՝ կուսակցությունների համար նախընտրական շեմն ընդամենը 1 տոկոս է կազմելու՝ գործող 5–ի փոխարեն։
Ինչո՞ւ չի քվեարկել ընդդիմությունը
Երկու կուսակցություններն էլ հայտարարում էին, որ չեն մասնակցի փոփոխությունների վերաբերյալ քվեարկությանն այնքան ժամանակ, քանի դեռ կալանքից ազատ չի արձակվել ընդդիմադիր ակտիվիստ Գիորգի Ռուրուան։
Ընդդիմությունը պնդում է, որ բոլոր «քաղբանտարյալներին ազատ արձակելն» իշխանությունների և ընդդիմության միջև մարտի 8–ին համաձայնագրի պայմաններից մեկն էր։ Հենց այն ժամանակ էր արտասահմանյան դիվանագետների միջնորդությամբ պայմանավորվածություն ձեռք բերվել սահմանադրական փոփոխությունների մասին։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները մինչև հիմա հերքում են ընդդիմադդիրներին ազատ արձակելու մասին պայմանավորվածության առկայությունը՝ հայտարարելով, որ Վրաստանում «քաղբանտարյալներ չկան»։ Այնուամենայնիվ, համաձայանգրի կնքումից և արևմտյան դիվանագետների կոչերից հետո նախագահի ներմամբ ազատ էին արձակվել դատապարտված ընդդիմադիր առաջնորդներ Գիգի Ուգուլավան և Իրակլի Օկրուաշվիլին։
Ռուրուային զատ արձակելու կոչեր էին արել Վրաստանի իշխանություններին արևմտյան դիվանագետները, ամերիկացի կոնգրեսականներն ու Եվրախորհրդարանի պատգամավորները։
«Մտավարի արխի» ընդդիմադիր հեռուստաալիքի սեփականատերերից մեկը՝ Գիորգի Ռուրուան, ձերբակալվել է 2019 թ–ի նոյեմբերին զենքի ապօրինի պահպանման մեղադրանքով։
Խորհրդարանը պետք է ևս մեկ անգամ քվեարկի փոփոխությունների համար՝ երրորդ ընթերցման ժամանակ, փոփոխությունների ընդունման համար նվազագույնը 113 ձայն անհրաժեշտ կլինի։
Փոփոխությունների ընդունման դեպքում ընտրությունների 120/30 սկզբունքով մոդելը գործելու է մինչև 2024 թվականը։ Հերթական ընտրությունները 2024 թ–ին պետք է կայանան արդեն համամասնական համակարգով։