Վրաստանում վիճակահանությունը կխթանի պատվաստման արշավը
«Պատվաստվիր և շահիր»․ Վրաստանի ազգային վիճակահանության ընկերությունը հայտարարել է, որ բոլոր պատվաստվածները առնվազն մեկ անգամ հնարավորություն կունենան դրամական պարգև շահելու։
Ամեն օր կխաղարկվի 100 (32$) և 500 (160 $) լարի, շաբաթը մեկ՝ 1000 (320$)-10 000 (3205$) լարի, իսկ եզրափակիչ վիճակահանությանը, որը կայանալու է դեկտեմբերի 31-ին, Վրաստանի հանրային հեռարձակողը կցուցադրի 100 000 (32,051$) լարիի վիճակահանությունը։
Վիճակահանությունն անցկացվում է www.stopcov.lotto.ge կայքում, ամեն օր ժամը 12:00-ին, իսկ շաբաթականը՝ երկուշաբթի, ամենօրյա վիճակահանության ավարտից հետո։
Ինչ վերաբերում է վիճակախաղի տոմսերին, ապա պատվաստվածները դրանք անվճար կստանան պատվաստման ժամանակ։
Վիճակահանությունը կսկսվի սեպտեմբերի 13-ին, և դրան կմասնակցեն բոլոր պատվաստվածները Վրաստանի ողջ տարածքում։ Մասնակիցները վավերացում կանցնեն՝ վավերացման կոդի համապատասխան, որը նշվել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի տվյալների բազայում [NCDC] առաջին պատվաստաման գրանցման ժամանակ։
Հայտարարությունում ասված է, որ եթե քաղաքացու տոմսը մեկ անգամ շահի ամենօրյա վիճակախաղում, ապա նրա տոմսն այլևս չի մասնակցի հաջորդ ամենօրյա վիճակախաղին, սակայն կմասնակցի շաբաթական և եզրափակիչ վիճակահանությանը։
Ընկերությունը նշում է՝ որքան վաղուց է պատվաստվել մարդը, այնքան մեծ քանակությամբ վիճակահանության նա կմասնակցի, հետևաբար՝ այդքան բարձր կլինեն հաղթելու նրա շանսերը։
«Վիճակահանության նպատակը պատվաստման գործընթացը հեշտացնելը, պատվաստվածների թիվն ավելացնելն ու պատվաստման նկատմամբ լոյալությունն ու վստահությունը բարձրացնելն է», — հայտարարել է ընկերությունը։
Վերջին ամիսներին Վրաստանում օրական գրանցվում է կորոնավիրուսով վարակման մինչև 6000 և մահացության մինչև 80 դեպք։ Սակայն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, գրանցվել է դեպքերի ամենաքիչ քանակը մյուս օրերի համեմատ՝ 1965։ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է, որ դա արժանահավատ թիվ չէ։
Նրա խոսքով՝ երեկ սերվերների հետ կապված խնդիր է եղել, որի պատճառով ոչ բոլոր դեպքերն են գրանցվել կայքում։
«Այդ արդյունքները, հավանաբար, կտեղադրվեն այսօր, իսկ վաղը կտեսնենք, թե քանի դեպք է եղել», — ասել է Գամկրելիձեն։
Օգոստոսի 18-ի ճեպազրույցին առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հայտարարել է, որ վարակման մակարդակը դեռ բարձր է, և կայունացման ոչ մի նշան չկա ոչ մի շրջանում։
Հիվանդությունների վերահսկման կենտրոնը հայտարարում է, որ, եթե դրական թեստավորման քանակը չորս տոկոսից պակաս չլինի, բժիշկները չեն կարող խորհուրդ տալ դասապրոցեսը սկսել դպրոցներում և համալսարաններում։
Սեպտեմբերի 7-ի դրությամբ Վրաստանում օգտագործվել է 1 340 062 դեղաչափ պատվաստանյութ։
Մեկ դեղաչափով պատվաստվել է 850 868 մարդ՝ չափահաս բնակչության 29,8%-ը։
Ամբողջությամբ պատվաստվել է 489 194 մարդ՝ չափահաս բնակչության 17,1%-ը։