Վրաստանում ձերբակալվել է Դեմիրելի անվան վարժարանի կառավարիչը, նրան մեղադրում են ահաբեկչությանն աջակցելու համար:
Վրաստանում մայիսի 24-ին ձերբակալվել է «Շահինի դպրոց-լիցեյի» նախկին տնօրեն, ինչպես նաև Դեմիրելի անվան վարժարանի կառավարիչներից մեկը: Մուստաֆա Չաբուկին, ենթադրաբար, ձերբակալվել է թուրքական կողմի խնդրանքով ՖԵՏՕ ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով:
Մայիսի 25-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը որպես Չաբուկիի խափանման միջոց է ընտրել եռամսյա կալանքը: Դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը, որը Չաբուկիին զինված ահաբեկչական կազմակերպության մասնակից լինելու մեղադրանք է առաջադրել: Դատախազության ներկայացուցիչների խոսքով՝ Մուստաֆա Չաբուկին, թուրքական կողմի ներկայացրած նյութերի համաձայն, թաքնվում է քննությունից:
Չաբուկիի փաստաբան Սոսո Բարատաշվիլին ասում է, որ այն անձից բացի, որի շահերն ինքը ներկայացնում է, Վրաստանում ձերբակալվել է նաև մի քանի թուրք գործարար: Բարատաշվիլիի խոսքով՝ խոսքը գնում է այն մասին, թե իբր Չաբուկին փորձել է Դեմիրելի անվան վարժարանն ինչ-որ ահաբեկչական կազմակերպության փոխանցել:
Փաստաբանը պարզաբանել է, որ վարժարանն իրոք պատրաստվում էին ամերիկյան մի կազմակերպության փոխանցել, որը ոչ մի «սև ցուցակում» ներառված չէ, այդ պատճառով էլ Մուստաֆա Չաբուկիի ձերբակալման պատճառն իրեն անհասկանալի է:
Դեմիրելի անվան քոլեջն, ինչպես նաև Չագլար կրթական ցանցի մի քանի հաստատություններ ասոցացվում են Ֆեթուլլահ Գյուլենի անվան հետ, որը մեղադրվել է 2016թ-ի հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջում կազմակերպելու համար: Թուրքիայի կառավարությունը «գրոհել է» Շահինի բոլոր դպրոցները՝ հայտարարելով, որ «դրանցում մեծացնում և պատրաստում են ահաբեկիչների»:
Չաբուկիի ձերբակալման մասին տեղեկատվությունը տարածել է նրա կինը՝ Տուբա Չաբուկին, սոցցանցերի միջոցով: Մայիսի 24-ին նա դիմել է Վրաստանի նախագահին և վարչապետին իր ամուսնուն Թուրքիային չհանձնելու խնդրանքով:
«Կալանավորման պատճառներն, ակնհայտ է, որ պետք է Թուրքիայում փնտրել: Երեկ Վրաստանում էր թուրքական պատվիրակությունը, և դրա այցից անմիջապես հետո՝ այսօր առավոտյան, ամուսինս կալանավորվել է: Քննիչներն ինձ ասացին, որ վրացական կողմը Մուստաֆայի հանդեպ ոչ մի իրավական և օրենսդրական պահանջներ չունի», — հայտարարել է Տուբա Չաբուկին:
Ներքին գործերի նախարարությունը Մուստաֆա Չաբուկիի ձերբակալման փաստի վերաբերյալ դեռ ոչինչ չի մեկնաբանում:
Թուրքիայի վարչապետն ու նրա կաբինետի անդամները Վրաստանում էին մայիսի 22-23-ը: Կողմերը պայմանավորվել են համագործակցել մի շարք ոլորտներում, այդ թվում՝ իրավաբանական հարցերում: