Վրաստանում հոգևորականները կոնֆետներ են նետել ուղղաթիռից գյուղական դպրոցների վրա
Կախեթիի (Արևելյան Վրաստան) հոգևորականներն ընտրել են հավատացյալների հետ շփման անսովոր ձև:
Հոգևորականները որոշել են մի քանի դպրոցների սաներին օրհնել երկնքից. նրանք ուղղաթիռով սուրբ ջուր են լցրել դպրոցի բակում հավաքված աշակերտների վրա։
Դրանից հետո երեխաների գլխին կոնֆետներ են տեղացել:
Ինչպես պատմել է հայր Հովհանը, նա խնդրել է դպրոցի տնօրենին աշակերտներին դուրս բերել փողոց:
«Հաջորդ տարի այլ դպրոցներում նույնպես օրհնելու ենք օդից, հետո կոնֆետներ կբաժանենք», — նշել է նա:
Հայր Հովհանի այդ օրիգինալ գաղափարն իրականացնելու հարցում օգնել է Վրաստանի սահմանապահ ոստիկանությունը, որը հոգևորականներին ուղղաթիռ է տրամադրել:
Սակայն Վրաստանի ՆԳՆ ղեկավարությունն աշխատանքից ազատել է սահմանային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին: Բանն այն է, որ օտար մարդկանց ծառայողական ուղղաթիռ տրամադրելն արգելվում է:
Գլխավոր տեսչությունն արդեն այդ փաստի առթիվ հետաքննություն է իրականացնում:
Պարզվել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ հոգևորականներն օգտվում են սահմանապահների ուղղաթիռից:
«Նեթգազեթի» առցանց պարբերականին տված հարցազրույցում միտրոպոլիտ Սերգին հայտարարել է, որ երբեմն հոգևորականներն օգտվում են ուղղաթիռից թեմի վրայով սրբապատկերներով թռչելու և այն թշնամիներից պաշտպանելու համար: «Սակայն նման բան հաճախ չի լինում», — ճշտել է միտրոպոլիտը: