9 կուսակցություն կանցնի Վրաստանի նոր խորհրդարան, ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների արդյունքը
Իշխող կուսակցությունն առաջատարն է՝ Վրաստանում 2020 թ-ի հոկտեմբերի 31-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն։ Ընդհանուր առմամբ, ձայների 1 տոկոս շեմը, որն անհրաժեշտ էր խորհրդարանում հայտնվելու համար, հաղթահարել է ինը կուսակցություն։
Միացյալ ընդդիմության առաջնորդների մեծ մասը հայտարարել է, որ չի ընդունում այդ արդյունքները, դրանք համարում է կեղծված և նոր խորհրդարանական ընտրություններ է պահանջում։
Նոյեմբերի մեկին ժամը 16.00-ի դրությամբ միացյալ ընդդիմության բողոքի ակցիա է պլանավորված Թբիլիսիում, իրենց համախոհներին ընդդիմադիրները կոչ են անում հավաքվել Ռուսթավելու պողոտայում։
Քաղաքական կուսակցությունների թեկնածուները 120 տեղ կզբաղեցնեն Վրաստանի խորհրդարանում։ Մնացած 30 տեղերը կբաշխվեն միամանդատ մեծամասնական ընտրատարածքներում հաղթած թեկնածուների միջև։
Նոյեմբերի մեկին ժամը 09:30-ի դրությամբ՝ 16 այդպիսի ընտրատարածքներում իշխող «Վրացական երազանքի» թեկնածուները հավաքել են ավելի քան 50% ձայն, ինչը նշանակում է, որ երկրորդ փուլ այդ տարածքներում չի անցկացվելու։
• Թե ինչպես էր Վրաստանը խորհրդարան ընտրում․ օրվա իրադարձությունները, լուսանկարներ և տեսանյութեր
• Խորհրդարանական ընտրություններ-2020 Վրաստանում։ Ի՞նչ է պետք իմանալ
Առավոտյան ժամը 8-ի դրությամբ հաշվարկվել են մինչև 70% ընտրատեղամասերի քվեաթերթիկները։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները՝ նոյեմբերի 1-ին առավոտյան ժամը 8-ի դրությամբ
Իշխող «Վրացական երազանք» կուսակցություն՝ 49,32%;
«Միասնական ազգային շարժում» դաշինք (նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդությամբ)՝ 25,94%;
«Եվրոպական Վրաստան»՝ 3,77%;
«Վրաստանի հայրենասերների դաշինք»՝ 3,26%;
«Լելոն Վրաստանի համար»՝ 3,16%;
«Նոր Վրաստան – Աղմաշենեբելիի ռազմավարություն»՝ 3,1%;
«Գիրչի»՝ 2,87%;
«Քաղաքացիական շարժում – Ալեկո Էլիսաշվիլի»՝ 1,34%;
«Շալվա Նաթելաշվիլի – Լեյբորիստական կուսակցություն»՝ 1.03%։
Հոկտեմբեի 31-ին Վրաստանում խորհդարանական ընտրություններն առաջին անգամ անցկացվել են նոր համակարգով․ 120 պատգամավոր ընտրվել է համամասնական համակարգով, և միայն 30-ը՝ մեծամասնական։
Մինչ այս՝ 77 պատգամավոր ընտրվում էր համամասնական համակարգով, 73-ը՝ մեծամասնականով։
150 պատգամավորական մանդատի համար պայքարին մասնակցել է 48 կուսակցություն և երկու նախընտրական դաշինք։ Ընտրողների մասնակցությունը կազմել է 56,11 տոկոս։ 1 մլն 970 հազար 540 ընտրող իր դիրքորոշումն է հայտնել ընտրություններում։ Իսկ 1 մլն 555 հազար 483 ընտրող տանն է մնացել և չի գնացել ընտրատեղամաս։