Վրաստանում գործադուլ են անում «Բորժոմի» գործարանի աշխատակիցները։ Բողոքի ակցիան շարունակվում է նաև Չիատուրայում
Վրաստանում «Բորժոմի» գործարանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել։ Բողոքի ակցիան շարունակվում է նաև Չիատուրա քաղաքում, որտեղ մանգան են արդյունահանում։ «Բորժոմի» գործարանի աշխատակիցները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում և աշխատավարձերի բարձրացում։
Բողոքի ակցիան շարունակվում է Չիատուրայի շրջանի Շուքուրթի գյուղում, որտեղ մի քանի օր առաջ ցուցարարները կարել են բերանները՝ բողոքելով «Ջորջիան Մանգանեզ» ընկերության իրականացրած աշխատանքներից, որոնց պատճառով բնակիչների տները վթարային վիճակում են։
Մայիսի 17-ին Շուքուրթի գյուղում ևս մեկ մարդ՝ որպես բողոքի նշան, կարել է բերանն ու այդպիսով միացել հացադուլին։
Ի՞նչ են պահանջում Բորժոմիում
«Բորժոմի» գործարանի գործադուլ անող աշխատակիցների խոսքով՝ ընկերության հետ բանակցություններ են տարվում, սակայն ղեկավարությունը չի պատրաստվում կատարել աշխատակիցների պահանջները։
Ցուցարարները խոսում են նաև ընկերության կողմից հնչող սպառնալիքների մասին։ Նրանց խոսքով՝ «Բորժոմի» գործարանի ղեկավարությունը իրենցից կտրականապես պահանջում է աշխատանքի վերադառնալ, հակառակ դեպքում սպառնում է աշխատանքից ազատել։
«Անգամ հիմա, երբ մենք այստեղ կանգնած ենք, նրանք զանգահարում են աշխատակիցներին և վախեցնում, որ եթե նրանք աշխատանքի դուրս չգան, կազատվեն աշխատանքից։ «Այս գործադուլը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ չի բարելավվել աշխատանքային իրավունքների հետ կապված իրավիճակը, աշխատավարձն ու աշխատակիցների աշխատանքային պայմանները»,- ասել է նա։
Ակցիայի երկրորդ մասնակցի խոսքով՝ մարդիկ աշխատում են առանց հանգստյան օրերի, իսկ աշխատավարձը կազմում է օրական ընդամենը 17 լարի [մոտ $5]։