Վրաստանում բուժքույրը կոմայի մեջ է ընկել AstraZeneca պատվաստանյութի ներարկումից
Ախալցխա (Ջավախքի շրջան) քաղաքի 27-ամյա բուժքույրը մարտի 18-ին կոմայի մեջ է ընկել «Իմեդի» հիվանդանոցում կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութի ներարկումից բառացիորեն մի քանի րոպե անց։
Նախնական տվյալներով՝ կնոջ մոտ անաֆիլակտիկ շոկ է առաջացել, հնարավոր է՝ ծանր ալերգիկ ռեակցիայի ֆոնին։ Հաղորդվում է, որ նա ուղեկցող հիվանդություններ չի ունեցել։
Կնոջ վիճակը գնահատվում է որպես ծանր, նա միացվել է արհեստական շնչառության սարքին։ Աղետների բժշկության բրիգադը նրան պետք է տեղափոխի Թբիլիսիի հիվանդանոցներից մեկը։
Պատվաստումից առաջ կինը հարցազրույց էր տվել տեղական լրատվամջոցներին, որում բոլորին կոչ էր արել պատվաստվել։
Միջադեպից հետո հիվանդանոց են եկել նրա մտերիմներն ու հարազատները, նրանք սկսել են կոտրել ապակիները՝ ամեն ինչի համար մեղադրելով հիվանդանոցին։ Բակում անվտանգության ծառայության հետ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները։
Ազգականները պատմում են, որ երեք ժամ փորձել են տեղեկություն ստանալ կատարվածի մասին, սակայն բժիշկներն իրենց ոչինչ չեն ասել։
Առաջին մեկնաբանությունը տվել է Հիվանդությունների և հասարակական առողջության վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ Նրա խոսքով՝ սա առաջին լուրջ կողմնակի ազդեցությունն է, որը դիտվել է պատվաստման ընթացքում երկրում՝ մարտի 15-ին դրա մեկնարկից ի վեր։
«Պատվաստանյութը, ինչպես մյուս դեղամիջոցները, ապահովագրված չէ կողմնակի ազդեցություններից։ Սովորաբար, դրանք թեթև են, բայց լինում են նաև լուրջ ազդեցություններ։ Ամենալուրջը, որն արագ զարգանում է պատվաստանյութի կամ դեղամիջոցի ներարկումից հետո, անաֆիլակտիկ շոկն է։ Այն կարող է տեղի ունենալ ներարկումից 15, 20 կամ 30 րոպե անց, թեև կարող է նաև ավելի ուշացած ռեակցիա դիտվել», — ասել է Գամկրելիձեն։
Առողջապահության նախարարության գործակալությունը միջադեպի հետաքննություն է սկսել։
- Վրաստանում բժիշկները եկեղեցուն խնդրում են օգնել մարդկանց համոզել, որ պատվաստումը կարևոր է
- Վրաստանում սկսվել է COVID-19-ի դեմ պատվաստումը
- Անաֆիլաքսիան օրգանիզմի կտրուկ ալերգիկ արձագանքն է։ Անաֆիլակտիկ շոկը սովորաբար շատ արագ է զարգանում՝ ալերգենի՝ օրգանիզմ ներթափանցելուց մի քանի րոպե անց, թեև հազվադեպ կարող է զարգանալ նաև մի քանի ժամվա ընթացքում։ Դրա զարգացումը կախված չէ ալերգենի չափաբաժնից։ Եվ դրա նույնիսկ փոքր քանակը կարող է անաֆիլակտիկ շոկ առաջացնել։ Այն կարող է արտահայտվել դեղորայքի, այդ թվում՝ հակաբիոտիկների կամ սննդի ընդունման ֆոնին։
- Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկել է մարտի 15-ին։ Նախևառաջ, պատվաստվում է բուժանձնակազմը։ Վրաստանն օգտագործում է AstraZeneca բրիտանաշվեդական դեղագործական ընկերության պատվաստանյութը։