Վրաստանն «անընդունելի և ոչ լեգիտիմ» է անվանել հարավօսական և ռուսական ստորաբաժանումների միավորումը
Թբիլիսիում սուր են արձագանքել ռուսական զինված ուժերի կազմում Ցխինվալի զինված ստորաբաժանումների մի մասի ընդունման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանին:
Մարտի 14-ի հրամանաի համաձայն՝ Պուտինը կառավարությանը հանձնարարել է բանակցություններ սկսել համապատասխան համաձայնագրի կնքման շուրջ:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ «մեր օկուպացված տարածքի փաստացի բռնակցմանն ուղղված ցանկացած քայլ իհարկե անընդունելի է մեզ համար, և մենք այն քննադատում ենք»:
Թբիլիսին կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է մասնակցի հակամարտության կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն: Նրա խոսքով՝ օկուպացված տարածքների հետ Ռուսաստանի ցանկացած այսպես կոչված պայմանագիր ամբողջությամբ ոչ լեգիտիմ է և իրավական տեսանկյունից ոչինչ չի փոխում:
Իսկ ընդդիմությունն իշխանություններին մեղադրում է միջազգային հարթակում անգործության համար: «Այդ ուղղությամբ միջազգային ճնշումը դադարեցվել է, Վրաստանի իշխանություններն անգործության են մատնված, և Վրաստանի հարցն անհետացել է օրակարգից: Այն դեպքում, երբ Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի դեմ պաժամիջոցներ են գործում», — հայտարարել է «Եվրոպական Վրաստան» խմբակցության պատգամավոր Սերգո Ռատիանին:
Ինչպես կարծում է ռազմական փորձագետ, պաշտպանության նախկին փոխնախարար Բաթու Քութելիան, Պուտինի որոշումը բարձրացնում է նոր ագրեսիայի վտանգը: Նրա խոսքով՝ ավելանում են կողմերի տարանջատման գծում ռուսական և վրացական ստորաբաժանումների «շփման կետերը», ինչն էլ բերում է սադրանքի հավանականության աճի:
Ռուսական և հարավօսական զինված ուժերի միավորման ծրագրերի մասին հայտնի է դարձել դեռևս 2015թ-ի մարտին, երբ կնքվել է «Դաշնակցության և ինտեգրացիայի» մասին պայմանագիրը: Պայմանագրի հոդվածներից մեկը ենթադրում է ՌԴ և ՀՕ զինված ուժերի և անվտանգության մարմինների առանձին ստորաբաժանումների միավորում:
Հոդվածում արտահայտած կարծիքները փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ արտացոլեն խմբագրության դիրքորոշումը: