Վրաստանի օմբուդսմենը համաձայն չէ Բաթումում հայտնի թուրքական դպրոց փակելու իշխանության որոշման հետ
Վրաստանի ժողովրդական պաշտպան Ուչա Նանուաշվիլին ասում է, որ համաձայն չէ կրթության նախարարության որոշման հետ, որի համաձայն պետք է դադարեցվի Բաթումում Ռեֆադին Շահինի անվան հայտնի դպրոցի արտոնագրումը: Դպրոցն աշխատում է 1994թ-ից և համարվում է Աջարիայի ամենահաջող մասնավոր դպրոցը:
Պաշտոնապես որպես պատճառ, որի համաձայն Վրաստանի կրթության նախարարության ուսհաստատությունների արտոնագրման խորհուրդը կասեցրել է Ռեֆադին Շահինի անվան բարեկամության դպրոց-լիցեյի արտոնագիրը, նշվում են աշակերտ ընդունելիս դպրոցի թույլ տված խախտումները: Սակայն դա դպրոցի հետ կապված առաջին սկանդալը չէ:
Նախորդ տարվա հուլիսին Բաթումում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Յասին Թեմիքսանը տեղական 25-րդ ալիքին հայտարարել էր, որ այդ դպրոցը կապված է Ֆեթուլլահ Գյուլենի՝ ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչի «ահաբեկչական խմբավորման հետ», որին թուրքական իշխանությունները մեղադրում են Թուրքիայում 2016թ- մայիսին պետական հեղաշրջման փորձի համար: Հյուպատոսն այն ժամանակ նշել էր, որ պատրաստվում է դիմել Վրաստանի իշխանություններին դպրոցը փակելու խնդրանքով: Ավելի ուշ այդ հայտարարությունը հերքել էր Վրաստանում Թուրքիայի դեսպանը՝ նշելով, որ հյուպատոսին սխալ են հասկացել թարգմանության հետ կապված բարդությունների պատճառով:
«Հարևան երկրում տեղի ունեցող ցանկացած քաղաքական գործընթաց չպետք է անդրադառնա մեր օրենսդրության համաձայն գրանցված և օրենքի տառին համապատասխան աշխատող Վրաստանի ուսումնական հաստատությունների վրա», — հայտարարել է օմբուդսմեն Ուչա Նանուաշվիլին:
Ռեֆադին Շահինի անվան դպրոցում դասապրոցեսը դեռ շարունակվում է, քանի որ դպրոցի ղեկավարությունը դեռևս արտոնագրման խորհրդի պաշտոնական որոշումը չի ստացել և ամեն դեպքում պատրաստվում է բողոքարկել խորհրդի որոշումը դատարանում:
Տվյալ պահին դպրոցում 350 երեխա է սովորում: Աջարիայի կրթության նախարարությունը փորձում է նրանց բաշխել այլ դպրոցների միջև: