Վրաստանի սահմանադրական դատարանը փաստաթղթերում «նեռի կնիք» է փնտրում
Բաթումում Վրաստանի սահմանադրական դատարանը զբաղված է «նեռի երկրորդ գալստյան» մասին «աստվածաբանական վեճերով»։ Այդ ամենի մասին խոսվում է այդ ատյան ներկայացված հայցերում երկրի քաղաքացիների կողմից, որոնք չեն ցանկանում անձը հաստատող էլեկտրոնային փաստաթղթեր ունենալ։ Այդ մարդիկ կարծում են, որ փաստաթուղթը «սատանայական նշան» է պարունակում։
Հայց երկայացրած քաղաքացիները պնդում են, որ իրենց իրավունք տան հին նմուշի, այսինքն թղթից, լամինացված փաստաթղթեր օգտագործել։ Իսկ նորերը, որոնք էլեկտրոնային չիպով են, նրանք անվանում են նեռի նշան։ Նրանք համոզված են, որ իշխանությունների հաջորդ քայլը մարդկանց մարմիններում չիպեր տեղադրելն է՝ նրանց վրա համատարած վերահսկողություն հաստատելու համար։ Այդ պատճառով էլ Սահմանադրական դատարանում հնչում են այդ կառույցի համար տարօրինակ հարցեր և պատասխաններ․
«Այսպես, դուք կարծում եք, որ նեռի գալուստն անխուսափելի՞ է» – «Գործընթացն արդեն սկսվել է» և այլն։
• Մեկնաբանություն․ եկեղեցին և հասարակությունը Վրաստանում․ չափազանց շատ չէ՞ բռնապետությունը
Ըստ «Նեթգազեթիի»՝ վերջին ամսում Սահմանադրական դատարան նման հայցերով դիմել է Վրաստանի 96 քաղաքացի։ ID–ներից, այսինքն՝ ներքին անձնագրերից, հրաժարվելու շարժառիթները կրոնական են։ Սակայն այդ փաստաթուղթը ծայրահեղ կարևոր է, առանց դրա հնարավոր չէ մասնակցել ընտրություններին, բժկական օգնություն ստանալ, աշխատանքի կամ բուհ ընդունվել, բանկային գործարքներ կատարել և այլն։
«Բաթումելեբի» թերթի տեղեկությունների համաձայն՝ Սահմանադրական դատարանը դեռ անցյալ տարվա վերջին բավարարել է այդ հարցով մի շարք հայցեր․ անցյալ տարվա վերջին Վրաստանի քաղաքացիներին տրամադրվել է հին նմուշի անձը հաստատող 32 փաստաթուղթ՝ թղթից և լամինացված։
Վրաց ուղղափառ եկեղեցին, բացառությամբ առանձին քահանաների, չի կիսում հավատացյալների մտահոգությունն ID-ների վերաբերյալ և դրանք սատանայական չի համարում։
Եկեղեցական «պահպանողականների» ճամբարը գլխավորում է Սինոդի անդամ, Ռիուսիի և Ուրբնիսիի միտրոպոլիտ Հոբը, որը դեռևս 2011 թ–ին քարոզի ընթացքում (տեսանյութում) ասել էր, որ էլեկտրոնային փաստաթղթերում գրանցված է «գազանի անունը», իսկ «արդարադատության տները սպասարկում են նեռին»։