Վրաստանի Պետանվտանգության ծառայության ղեկավար. հատուկ գործողության ընթացքում, հնարավոր է, ոչնչացվել է միջազգային ահաբեկիչ Չատաևը
«Վրաստանի Պետանվտանգության ծառայությունը կասկածներ ունի, որ Թբիլիսիում անցկացրած հատուկ գործողության ընթացքում չեզոքացվել է միջազգային ահաբեկիչ Ահմեդ Չատաևը», — հայտարարել է Վրաստանի Պետանվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրին:
Ահմեդ Չատաևն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմավորումներից մեկի ղեկավարն է, որն իր գործունեությունը ծավալում է Թուրքիայի տարածքում: Չատաևը մեղադրվում է Ստամբուլի օդանավակայանում 2016թ-ի ամռանը տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպման համար: Վարկածներից մեկի համաձայն՝ հենց Չատաևն ու նրա երկու հանցակիցներն են չեզոքացվել Թբիլիսիի Իսանի թաղամասի վանահայր Գաբրիելի փողոցում անցկացրած հակաահաբեկչական հատուկ գործողության ընթացքում:
Գոմելաուրիի խոսքով՝ նման ենթադրություններ ունի նաև ՊԱԾ-ը, սակայն դրանք դեռևս պաշտոնապես հաստատված չեն:
«Կասկածներ կան, որ դա կարող է լինել այդ մարդը (Ահմեդ Չատաևը), սակայն հստակ պատասխան, թե արդյոք դա Չատաևն է, թե ոչ, կունենանք փորձաքննության անցկացումից հետո, երբ ԴՆԹ-թեստ արվի: Հիմա ես դա նախապես չեմ կարող ասել՝ ելնելով այն բանից, որ հետաքննությունը շարունակվում է», — հայտարարել է Գոմելաուրին լրագրողներին:
Նա հավելել է, որ ՊԱԾ-ն ունեցել է նաև «օպերատիվ տեղեկատվություն խոշորամասշտաբ միջոցառման պլանավորման մասին»:
«Կարծես, մենք այն կանխեցինք», — հավելել է ՊԱԾ ղեկավարը՝ չհստակեցնելով, թե ինչ նկատի ունի՝ «խոշորամասշտաբ միջոցառում» ասելով:
Գոմելաուրին պատմել է նաև, որ գործի հետաքննությանը միացել են փորձագետներ ԱՄՆ-ից, որոնք օգնում են իրենց վրացի գործընկերներին քննչական միջոցառումներ իրականացնել, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը: