Վրաստանի նախկին միլիարդատեր վարչապետը շարունակում է «զվարճանալ» ծառերի տեղափոխմամբ
Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր և երկրի իշխող կուսակցության ոչ ֆորմալ առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին շարունակում է սևծովյան ափից փոխատնկել դարավոր ծառերn իր դենդրոպարկում: Այս թեմայի մասին մեծ սյուժե է պատրաստել «Ռուսթավի 2» հեռուստաընկերության «P.S.» ծրագիրը:
Նաթանեբի գյուղի բնակիչ Լադո Սուրմավան լրագրողներին պատմել է, որ Իվանիշվիլին իր բակում աճող երկհարյուրամյա հսկա հաճարենին գնել է 5 հազար ԱՄՆ դոլարով՝ նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ ծառը ուսումնասիրած փորձագետները նշել են, որ այն կարող է չապրել նոր վայրում: Այժմ հաճարենին պատրաստում են փոխատնկման Շեքվեթելիում գտնվող դենդրոպարկ տեղափոխելու համար:
Փոխատնկման են պատրաստում նաև Ուռեկի հանգստավայրից քիչ հեռու գտնվող հսկայական էվկալիպտը: Ծառերի փոխատնկման մեջ որևէ խնդիր չի տեսնում Վրաստանի բնապահպանության նախարար Գիգա Ագուլաշվիլին: Միևնույն ժամանակ, ըստ նրա, նախարարությունը չի ուսումնասիրել այն վայրերը, որտեղից ծառերը տեղափոխվել են, քանի որ խախտումների մասին հաղորդումներ չեն եղել:
Լրագրողները նկարահանել են այն վայրերը, որտեղ նախկինում աճել են դարավոր ծառերը: Դրանք թողնված են գրեթե նույն վիճակում, ինչ ծառերի փոխատնկումից և տեղափոխումից հետո. արված փոսերը չեն լցվել, հողը վերականգնված չէ: Կենսաբան Իրակլի Մաչարաշվիլին հարցազրույցում նշել է, որ 1 սմ պտղաբեր հողեհիմքի ստեղծման համար պահանջվում է մինչև 100 տարի, իսկ դարավոր ծառերի՝ արմատով փոխատնկման դեպքում մնացած հողը դառնում է անպիտան:
Ինչպես նշում է Մաչարաշվիլին, ըստ վրացական օրենսդրության, եթե բնապահպանական վնասը գերազանցում է հազար լարին, պետք է սկսվի քրեական հետաքննություն: Այս դեպքում վնասն ակնհայտորեն գերազանցում է այդ գումարը:
Մերձծովյան Չաքվի քաղաքում լրագրողները գտել են տասնյակ ծառեր, որոնք հատվելեն, որպեսզի ճանապարհ բացվի երկու այլ ծառի տեղափոխման համար: Այդ աշխատանքների համար ապամոնտաժվել է ափին գտնվող պաշտպանիչ ծովապատնեշը և փակվել դեպի ծով տանող միակ ճանապարհը տեղացիների համար:
Ինքը՝Իվանիշվիլին, մի քանի ամիս առաջ տված հարցազրույցում խոստովանել է, որ հսկա ծառերն իր հոբբին են: «Ես շատ եմ սիրում հսկա ծառեր, դա իմ զվարճանքներից մեկն է», — ասել է միլիարդատերը:
Դարավոր ծառերի տեղափոխման ընթացքում.
մի քանի ժամով արգելափակվում է Բաթում-Քոբուլեթի կենտրոնական ավտոմայրուղին,
դադարեցվում է երկաթուղու աշխատանքը և նույնիսկ քանդվում է երկաթուղու այդ հատվածը,
փոխատնկված ծառերի տեղում հսկայական փոսեր են մնում:
Ինչպես հաղորդում է «Ռուսթավի 2»-ը, Աչարիի և Գուրիայի տարածքում այժմ Իվանիշվիլիի այգում փոխատնկման է նախապատրաստվում 11 ծառ:
Իվանիշվիլիի այգում փոխատնկված առաջին ծառը 650 տոննա քաշով հսկա վարդակակաչի ծառն էր: