Վրաստանի ազգային բանկը տեղեկատվական արշավ է սկսել ֆինանսական բուրգերի դեմ
Ինչպե՞ս պաշտպանվել ֆինանսական բուրգերից և որքան ռիսկային կարող են լինել առաջին հայացքից գրավիչ առաջարկները. այս թեմայով տեսանյութ և տեղեկատվական բուկլետներ է սեպտեմբերի 4-ին ներկայացրել Վրաստանի ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն:
Նա բնակչությանը կոչ է արել զգույշ լինել և 2018թ-ը հայտարարել է ֆինանսական լուսավորության տարի:
Գվենետաձեի խոսքով՝ Ազգային բանկը որոշել է տեղեկատվական արշավ սկսել այն բանից հետո, երբ վերջին ժամանակներս աճել է ֆինանսական բուրգերից տուժածների թիվը: Նա նշել է, որ մոտ ժամանակներս պլանավորվում է օրենսդրական փոփոխություններ մշակել քաղաքացիներին ֆինանսական ռիսկերից պաշտպանելու համար:
Ազգային բանկի տեսանյութը, որը բացատրում է, թե ինչպես ճանաչել ֆինանսական բուրգերը.
Գերմանիայի խնայողական բանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի (SBFIC) աջակցությամբ Վրաստանի ազգային բանկի ստեղծած տեսանյութն ու բրոշուրները կոչված են մարդկանց բացատրելու, թե ինչ է ֆինանսական բուրգը, որքանով է ռիսկային խնայողությունների չմտածված ներդրումը, ինչպես ճանաչել բարձր ռիսկի բրգային սխեմաներն ու խուսափել ֆինանսական կորուստներից:
«Մենք ուզում ենք բնակչությանը տեղեկատվություն տրամադրել, որը մարդկանց հնարավորություն կտա ճիշտ գնահատելու ռիսկերն ու ներդրումային հնարավորություններն այս կամ այն չափով, որքան հնարավոր է շատ հարցեր տալ, քննադատորեն և պատասխանատու կերպով մոտենալ ցանկացած ֆինանսական որոշման», — հայտարարել է Ազգային բանկի նախագահը: