Վրաստանը պատրաստվում է համավարակի երրորդ ալիքին։ Վարչապետի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
Վրաստանը պատրաստվում է կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքին։ Covid-19 է հաստատվել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մոտ։ Իսկ պատվաստումը երկրում շատ ավելի դանդաղ է ընթանում, քան պետք է։
Բրիտանաշվեդական AstraZeneca դեղագործական ընկերության պատվաստանյութի լրացուցիչ խմբաքանակը Վրաստան կբերվի ապրիլի վերջին, իսկ ամերիկյան Pfizer-ը՝ հունիսին, հաղորդել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։
Նրա խոսքով՝ մատակարարումն իրականացվելու է COVAX միջազգային հարթակի միջոցով։ Ինչ վերաբերում է Pfizer-ի հետ ուղիղ բանակցություններին, ապա դրանց ժամանակացույցն ավելի ուշ կհրապարակվի։
Առողջապահության փոխնախարարը պատմել է նաև կարանտինային միջոցների հնարավոր խստացման մասին, եթե բոլոր արվածներից դրական թեստերի օրական տոկոսը գերազանցի երկուսը։ Վերջին երկու շաբաթում Վրաստանում այս ցուցանիշը հասել է 1,94 տոկոսի։
- AstraZeneca․ փրկությո՞ւն, թե՞ վտանգ։ Ամեն ինչ՝ կորոնավիրուսի պատվաստանյութի շուրջ վերջին վեճերի մասին
- Սառեցված սեզոն։ Թե ինչպես է համավարակն ազդել Վրաստանի ձմեռային հանգստավայրերի վրա
«Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով հասարակությունը կպահպանի կանոնները։ Միայն դրանց պահպանումը կարող է երաշխավորել, որ ստիպված չենք լինելու վերադառնալ ավելի խիստ սահմանափակումների», — ասել է Գաբունիան։
Նրա խոսքով՝ մանկապարտեզներում և դպրոցներում ուսուցումը դեռևս շարունակվելու է սովորական ռեժիմով։
Այդ ընթացքում Վրաստանում վարակման քանակն աճում է։ Վերջին 24 ժամում երկրում գրանցվել է վարակման 897 նոր դեպք, գրեթե երեք անգամ ավելի, քան փետրվարին։
Կորոնավիրուս է ախտորոշվել երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մոտ։ Նրա հետ շփված Սալոմե Զուրաբիշվիլին՝ Վրաստանի նախագահը, ինքնամեկուսացել է։
Միաժամանակ, Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը դանդաղ է ընթանում։ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տվյալներով՝ միայն 1 214 մարդ է պատվաստվել նախորդ օրվա ընթացքում։ Իսկ պատվաստումից ընդամենը երեք շաբաթ անց պատվաստվել է 12 846 մարդ։
Վրաստանում այժմ հասանելի է երկու պատվաստանյութ՝ ամերիկյան Pfizer դեղագործական ընկերության և բրիտանաշվեդական AstraZeneca ընկերության պատվաստանյութերը։ Երկու օր առաջ երկիր է բերվել նաև չինական արտադրության պատվաստանյութի 100 հազար դեղաչափ։ Սակայն այն կիրառվելու է այն բանից հետո, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը թույլատրի։