«Եթե Իվանիշվիլին ուզում է ժամանակ շահել, պետք է փոխի Վրաստանի վարչապետին». կարծիք
Վարչապետ Կոբախիձեի հեռացման մասին կարծիք
«Transparency International Georgia»-ի գործադիր տնօրեն Էկա Գիգաուրին՝ մեկնաբանելով Իրակլի Կոբախիձեի ճեպազրույցը, նշել է, որ՝ հաշվի առնելով Վրաստանի նկատմամբ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ավելի ու ավելի կանխատեսելի քաղաքականությունը, միակ տրամաբանական քայլը, որը Իվանիշվիլին կարող է անել հիմա, ժամանակ շահելու փորձն է։
Գիգաուրիի խոսքով՝ եթե Իվանիշվիլին իսկապես ուզում է ժամանակ շահել և կանխել Արևմուտքի հետ հարաբերությունների հետագա վատթարացումը, ապա դա անելու միակ հնարավորությունը վարչապետին փոխելն ու կառավարության կազմը թարմացնելն է։
2026 թվականի հունիսի 9-ին Իրակլի Կոբախիձեն անցկացրեց ճեպազրույց՝ նվիրված «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին։ Ինը րոպե վարչապետը խոսեց վրացական քաղաքականության մեջ Բիձինա Իվանիշվիլիի «անգնահատելի և յուրահատուկ» դերի մասին։
- Վրաստանի վարչապետ. «Մենք ուրիշ Եվրամիություն ենք ուզում»
- «Ռուսաստանը պարտվեց նաև ՀՀ-ում». վրացի փորձագետները՝ Փաշինյանի հաղթանակի մասին
- Washington Post. Վրաստանն ավտորիտարիզմի և Իրանի հետ մերձեցման ճանապարհին է
- «ԱՄՆ-ն ցույց տվեց, որ Վրաստանի հետ կգործակցեն միայն անհրաժեշտության դեպքում»․ կարծիք

Էկա Գիգաուրի.
«Հաշվի առնելով աշխարհում և, առաջին հերթին, մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև ԱՄՆ-ի և ԵՄ-ի՝ Վրաստանի նկատմամբ վարվող ավելի ու ավելի կանխատեսելի քաղաքականությունը, միակ տրամաբանական քայլը, որը Իվանիշվիլին կարող է անել հիմա, ժամանակ շահելու փորձն է»։
Սակայն ժամանակ շահելը գնալով դժվարանում է։ Ակնհայտ է, որ Կոբախիձեն և նրա թիմը չեն կարողանում ճիշտ քայլեր ձեռնարկել և նախապես գնահատել Արևմուտքի արձագանքը։ Հորիզոնում երևում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության լիակատար փլուզում։
Անհասկանալի է, թե ինչ է անում արտաքին գործերի նախարարը, որի պաշտոնավարման ընթացքում մոտ 300 անձանց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել։ Նա չի կարողացել կանգնեցնել այս գործընթացը կամ նվազեցնել դրա մասշտաբները։ Սակայն պարզ է, որ ավելի ողջամիտ քաղաքականություն վարելու դեպքում նրա թիմի շատ անդամներ ընդհանրապես կշրջանցեին այս պատժամիջոցները։
Պատժամիջոցները խնդրի միայն մի մասն են։ Ես նույնիսկ չեմ խոսում հարյուրավոր բանաձևերի, հայտարարությունների, միջազգային գնահատականների և զեկույցների մասին։
Իշխանությունները չեն կարողացել կանխել կամ մեղմել նաև դրանց հետևանքները։ Եվ այս ամենը՝ չնայած ունեցած վերահսկողությանը դեսպանատների, արտաքին գործերի նախարարության աշխատակազմի և պետական զգալի ռեսուրսների նկատմամբ։ Ի դեպ, այդ ռեսուրսները, կարծես, անարդյունավետ են ծախսվում։
Ոմանք կարող են մտածել, որ աբսուրդային օրենքների ընդունումը պահանջում է հատուկ իրավաբանական գիտելիքներ կամ պրոֆեսիոնալիզմ։ Իրականում, նման որակի օրինագծերի մշակումը մեծ փորձ կամ մասնագիտական որակավորում չի պահանջում։ Ավելին, դրանց զգալի մասը պարզապես պատճենվել է ռուսական օրենսդրությունից։
Սակայն [«Վրացական երազանքի»] ձախողումները չեն սահմանափակվում միայն արտաքին քաղաքականությամբ։ Ներքին քաղաքականության մեջ գրանցած արդյունքները նույնպես ողբալի են։ Օդից ստեղծված գների վերահսկողության և մրցակցության մեխանիզմներից հանրությունը հիշում է ձվի գնի՝ ընդամենը մի քանի տետրիով նվազումը։ Զուգահեռ օրակարգում է քաղաքական կուսակցությունների գործունեության արգելքն ու «զրոյական կարեկցանքը» ցուցարարների նկատմամբ ՝ եզրույթ, որն անհամատեղելի է վրացական մշակույթի և հասարակության արժեքների հետ։
Կոռուպցիայի դեմ «պայքարը» նույնպես թողնում է քաղաքական արշավի, այլ ոչ թե համակարգային բարեփոխումների տպավորություն։ Երբ խոսքը վերաբերում է իսկապես ազդեցիկ և բարձրաստիճան անձանց շրջանում կոռուպցիային, արդյունքները տեսանելի չեն։
Փոխարենը հաճախ հարվածի տակ են ընկնում քիչ հայտնի դեմքեր կամ համակարգի ներսում մրցակիցներ։ Հանրությունը շատ լավ տեսնում է դա։ Բավարար է նայել պաշտոնյաների հայտարարագրերին և գույքային կարգավիճակին՝ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։ Նման օրինակները շատ են, և հենց այդ պատճառով էլ կոռուպցիայի դեմ պայքարը գնալով ավելի շատ նմանվում է ոչ թե արդարադատության վերականգնման փորձի, այլ ընտրողական արդարադատության գործիքի։
Հաշվի առնելով Իվանիշվիլիի արտաքին և ներքին քաղաքականության ակնհայտ ձախողումները՝ ժամանակ շահելու ռեսուրսները գործնականում սպառվել են:
Ինքը՝ Իվանիշվիլին, հավանաբար, շատ լավ հասկանում է դա: Կոբախիձեն անուղղակիորեն ընդունեց դա՝ նշելով, որ աշխարհը, մասնավորապես՝ Ամերիկան, իրեն համարում է անգործունակ և պահանջում է Իվանիշվիլիի հրաժարականը։
Եթե Իվանիշվիլին իսկապես ուզում է ժամանակ շահել և կանխել Արևմուտքի հետ հարաբերությունների հետագա վատթարացումը, միակ հնարավորությունը վարչապետին փոխելն ու կառավարության կազմը թարմացնելն է: Հակառակ դեպքում, նրա միջազգային մեկուսացման տեմպը կարագանա։
Այս համատեքստում Կոբախիձեի ճեպազրույցի նպատակներից մեկը, Ամերիկայի հետ կապված խնդիրները թաքցնելու հետ մեկտեղ, հավանաբար, հենց այս իրականությունը չեզոքացնելու փորձն էր: Թվում է՝ Կոբախիձեն քաջ գիտակցում է, որ խնդիրն իրական է, և այլևս հնարավոր չէ այն անտեսել»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Վարչապետ Կոբախիձեի հեռացման մասին կարծիք