Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել քաղաքական ճգնաժամի պատճառով
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական է տվել։ Այս մասին նա հայտարարել է կառավարության վարչակազմում տված ճեպազրույցի ժամանակ։
Ինչպես մեկնաբանել է Գախարիան՝ իր հրաժարականի հիմնական պատճառներից մեկն ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկալ Մելիայի նկատմամբ դատարանի երեկվա վճիռն է։ Նա հայտարարել է, որ չարդարացված է համարում Նիկա Մելիայի կալանքն այն պայմաններում, երբ քաղաքական սրացման վտանգ կա։
Գախարիայի խոսքով՝ իր հրաժարականի պատճառն այն է, որ ինքը չի կարողացել համաձայնության գալ թիմի հետ։
«Ցավոք, ինձ չհաջողվեց այս հարցում ընդհանուր հայտարարի գալ իմ թիմի հետ, այդ պատճառով էլ որոշել եմ հրաժարական տալ։ Ուզում եմ հավատալ, որ այս քայլը կօգնի նվազեցնել բևեռացումը մեր երկրի քաղաքական դաշտում, որովհետև ես համոզված եմ, որ մեր միջև բևեռացումն ու առճակատումն ամենամեծ ռիսկն է մեր երկրի համար», — ասել է Գախարիան։
Գախարիայի որոշմանը նախորդել են ԱՄՆ դեսպանատան և ամերիկացի սենատոր Ջիմ Ռիշի հայտարարությունները։
ԱՄՆ դեսպանատան հայտարարությունում ասվում է, որ ներկայիս ճգնաժամը բխում է ընտրական և դատական համակարգերում առկա բազմամյա խնդիրներից։
«Ներկայիս վտանգավոր իրավիճակը, որն առաջացել է Նիկա Մելիայի վերաբերյալ վճռից հետո, կապված է ընտրական և դատական համակարգերում առկա բազմամյա խնդիրների հետ։
Անհրաժեշտ է, որ իշխանություններն ու ընդդիմությունն այսօր առավոտյան առավելագույն զսպվածություն դրսևորեն։
Ամենակարևոր հարցերը լուծելու միակ եղանակը խաղաղ բանակցություններն են։ Մենք բոլորին կոչ ենք անում հանգստություն պահպանել և խուսափել բռնությունից», — ասված է դեսպանատան հայտարարությունում։
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ԱՄՆ սենատոր Ջիմ Ռիշը հայտարարել է, որ Մելիայի կալանքի մասին վճիռը վտանգավոր է վրացական ժողովրդավարության համար։
«Պարոն Մելիայի կալանքը ևս մեկ քաղաքական ենթատեքստով բանտարկություն է, որը հաճախակի երևույթ է դարձել և անխուսափելիորեն բարդացնելու է շարունակվող բանակցությունները վրացական քաղաքական կուսակցությունների միջև։ Վրաստանի դատական համակարգի անկախության վատթարացման վերաբերյալ իմ մտավախությունները խորացնում են այսօրվա իրադարձությունները», — ասել է սենատորը։

Երեկ Թբիլիսիի քաղաքային դատարանը «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիային կալանավորելու վճիռ է կայացրել։
Մելիան մեղադրվում է պետական հեղաշրջման փորձի համար։ Որպես նրա մեղքի ապացույց՝ մեղադրող կողմը համարում է այն, որ 2019թ-ի հունիսի 20-ին՝ ռուսական Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովին Վրաստանի խորհրդարան հրավիրելու դեմ ցույցերի ժամանակ, Մելիան ցուցարարներին կոչ է արել խորհրդարանի շենք մտնել։
Դատախազությունը դատարան էր դիմել քաղաքական գործչին կալանավորելու պահանջով այն բանից հետո, երբ Մելիան հրաժարվել էր գրավ վճարել, որը դատարանը սահմանել էր որպես խափանման միջոց։
Վրաստանի խորհրդարանը քվեարկել էր Մելիային պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին։