«Հորդորում եմ զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից» - պարետ
Հուլիսի 18-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 461-ով և դարձել 34 462:
Մահացել է ևս 11 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 631-ի։
Առողջացել է ևս 631 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 23 123։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 145 083 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 1 969:
Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը կոչ է արել առաջիկա կիրակի օրն ավանդական կերպով չտոնել Վարդավառը՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
«Այս կիրակի՝ հուլիսի 19-ին Վարդավառի կամ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է: Ցավոք սրտի, այս տարվա մեր «ջրհեղեղը»` կորոնավիրուսի համավարակը, դեռ չի նահանջում, և մենք շարունակում ենք անզիջում պայքար մղել դրա դեմ:
Վստահ եմ, որ բոլորս գիտակցում ենք, որ Վարդավառի նման միջոցառման անցկացումը պարարտ հող կստեղծի վարակի ինտենսիվ տարածման համար, և օրեր անց կունենանք վարակակիրների թվի շեշտակի աճ՝ այդպիսով ռիսկեր ստեղծելով հանրային առողջության համար, լարվածություն առաջացնելով ծանրաբեռնված առողջապահական համակարգի համար եւ խաթարելով առկա հավասարակշռությունը:
Հետևապես, կոչ եմ անում և հորդորում զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից, խուսափել մարդաշատ վայրեր հաճախելուց ու մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներից:
Տեղեկացնում եմ նաև, որ Ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնելու հանրային վայրերում՝ կուտակումները կանխելու նպատակով», — ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։