«Հարգել, ոչ թե ճանաչել տարածքային ամբողջականությունը»․ կոչ Փաշինյանին
Վարդան Օսկանյանի կոչը Փաշինյանին
«Լաչինի միջանցքի շրջափակումը, Արցախի մեր հայրենակիցների սովամահության եզրին լինելու հանգամանքը մեծամասամբ պայմանավորված են Պրահայի հայտարարությամբ: Նման արձանագրում է արել Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը և հավելել, որ այդ հայտարարությունը «մեծ ավերներ է գործում»։
«Փաշինյանը մեծ սխալ է արել, պետք է նա ընդունի և ուղղի դա»,- ընդգծել է նա։
2022 թ․-ի հոկտեմբերին Պրահայում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հերթական հանդիպումը։ Այն եղել էր քառակողմ, մասնակցել էին նաև Ֆրանսիայի նախագահն ու Եվրոպական խորհրդի նախագահը։ Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել բանակցություններն ամփոփող հայտարարություն էր հրապարակվել։ Այնտեղ շեշտվում էր, որ «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։
Հետագայում Հայաստանի վարչապետը բազմիցս հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 քառ․ կմ տարածքով, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։
Հայաստանի նախկին արտգործնախարարի կարծիքը Պրահայի հայտարարության, Լաչինի միջանցքի բացման վրա դրա ազդեցության մասին և ոչ միայն
«Փաշինյանն ունի Պրահայի հայտարարությունից հետ կանգնելու հնարավորություն»
«Հենց ելնելով այսօրվա իրավիճակից՝ ինքը կարող է հստակ ասել, որ ես ինչ-որ բան եմ փորձել, բայց տեսնում եմ, որ մեր հակառակորդը դա չարաշահում է, ես հետ եմ կանգնում այդ հայտարարությունից, և այսօր ես դրա իրավունքն ունեմ»,- նկատել է Օսկանյանը։
Նախկին պաշտոնյան տեսնում է միջազգային օրենքի շրջանակներում Պրահայի հայտարարությունից հետ կանգնելու հնարավորություն։
Ասում է՝ Հայաստանի իշխանությունները կարող են դա անել «առանց պատերազմ հրահրելու»։ Ըստ նրա՝ ներկայիս իրավիճակն է մեծացնում պատերազմի հավանականությունը։
«Եթե Հայաստանը փոխի դիրքորոշումը, միջազգային հանրության վերաբերմունքն էլ կփոխվի»
Նախկին արտգործնախարարի գնահատմամբ՝ Պրահայի հայտարարությունը լուրջ խոչընդոտ է դարձել, ոչ ոք ոչինչ չի կարողանում անել Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար։
Ըստ նրա՝ այդ մասին «կուլիսային հանդիպումների ժամանակ» խոսում են Արևմուտքում, բացահայտ հայտարարում են Ռուսաստանում․
«Նրանք ասացին՝ Փաշինյանի պրահյան հայտարարությունը, դրա տակ իր ստորագրությունը էապես փոխել է նոյեմբերի 9-ի հայտարարության ողջ էությունը, և այսօր Ռուսաստանը ոչ մի բան չի կարող անել»։
Օսկանյանը փակագծեր չի բացել, բայց վստահեցրել է՝ արտերկրում շատ մարդիկ լուրջ աշխատանք են տանում բանակցային բովանդակությունը փոխելու ուղղությամբ, սակայն «բախվում են նույն պատին»։
«Նրանց պատասխանում են, որ Հայաստանի իշխանությունը այլ մոտեցում ունի, հենց Հայաստանի իշխանությունն է ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս, հետևաբար իրենք ոչինչ անել չեն կարող»,- պատմել է նա։
Վստահ է՝ եթե Հայաստանը փոխի դիրքորոշումը, միջազգային հանրությունն էլ «կտրուկ, էապես» կփոխի իր վերաբերմունքը։ Ասում է՝ այդ դեպքում Արևմուտքը, Ռուսաստանը ինչ-որ բան կկարողանան անել ինչպես Լաչինի միջանցքի, այնպես էլ Արցախի շրջափակման հարցով։
Հարգե՞լ, թե՞ ճանաչել որևէ երկրի տարածքային ամբողջականությունը
Դիվանագետն անդրադարձել է նաև տարածքային ամբողջականության հարգման և ճանաչման միջև տարբերությանը։ Ընդգծել է՝ այլ երկրի տարածքային ամբողջականությունը հարգելն արդեն նշանակում է տարածքային հավակնություններ չունենալ, իսկ «ճանաչումն այլ խնդիր է»։
«Այսօր շատ երկրներ բարեկամական հարաբերություններ ունեն, թերևս սահմանագծումը չեն ավարտել, մինչև դրա ավարտը նրանք չեն կարող միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել, բայց տարածքային ամբողջականությունը հարգում են»,- պարզաբանել է նա։
«Խաղաղության պայմանագիր ստորագրելը հեշտ չի լինելու»
Արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավարի դիտարկմամբ՝ Փաշինյանն Ադրբեջանին բազմաթիվ խոստումներ է տվել, սակայն փաստաթուղթ այդպես էլ չի ստորագրվում.
«Կարծում եմ՝ Փաշինյանի համար նման փաստաթուղթ ստորագրելը հեշտ չի լինելու, որովհետև դրա բովանդակությունը որևէ աղերս չունի հայ ժողովրդի շահերի հետ»։
Գործընթացն, ըստ նրա, կարող է ձգձգվել։ Հենց այդտեղ էլ Օսկանյանը ռիսկեր է տեսնում։
«Միջնորդները ոչինչ չեն կարողանալու անել, որովհետև անընդհատ դու քո հակառակորդին խոստացել ես մի բան, որը չես անում»,- շեշտել է նա։
Հերթական անգամ առաջարկել է փոխել բանակցությունների նարատիվն ու զգուշացրել դրա՝ «լուրջ վտանգ» պարունակելու մասին։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Վարդան Օսկանյանի կոչը Փաշինյանին