Սկանդալ Վրաստանում. ցանցում է հայտնվել Իվանիշվիլիի և ռուս օլիգարխի զրույցի ձայնագրությունը
Իվանիշվիլիի և Եվտուշենկովի խոսակցությունների ձայնագրությունը
Youtube-ում հրապարակվել է վրացի օլիգարխ, իշխող կուսակցության առաջնորդ և երկրի ոչ պաշտոնական կառավարիչ Բիձինա Իվանիշվիլիի և միջազգային պատժամիջոցների տակ ընկած ռուս օլիգարխ Վլադիմիր Եվտուշենկովի ենթադրյալ զրույցի երկու աուդիո ձայնագրություն։
Youtube-ի տեղեկություններով՝ այս ձայնագրություններն արվել են այս տարվա մարտի 10-ին և 12-ին, այսինքն՝ երբ Ռուսաստանն արդեն ներխուժել էր Ուկրաինա։
Ձայնագրությունների հրապարակումից հետո Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության նախագահ Դավիթ Արախամիան Եվրամիությանն ու ԱՄՆ-ին հորդորել է դիտարկել Իվանիշվիլիի դեմ անձնական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը:
Ի՞նչ ենք իմանում ձայնագրությունից
Ձայնագրությունից պարզ է դառնում, որ Եվտուշենկովը Իվանիշվիլիին խնդրում է օգնել շրջանցել պատժամիջոցները։ Հնչում են կոնկրետ անուն-ազգանուններ, այդ թվում՝ խոսվում է Եվտուշենկովի՝ պատժամիջոցների տակ գտնվող ընկերության փոխնախագահ Ալի Ուզդենովի՝ Վրաստան կատարելիք այցի մասին։
Հիշատակվում է նաև Դավիթը, որը, ենթադրաբար, մարմնավորում է տխրահռչակ «քարտեզագրի գործով» հայտնի, վրացական ծագումով ռուս գործարար Դավիթ Խիդաշելիին: Ռուսաստանում գտնվելու ընթացքում նա եղել է «Սիստեմա» հեռահաղորդակցության ընկերության փոխնախագահը։ Եվտուշենկովն այս ընկերության վերահսկիչ բաժնետոմսերի սեփականատերն է։
Իվանիշվիլին Եվտուշենկովին ասել է, որ «իրավիճակը անբարենպաստ է, բայց զսպվածություն է պետք, ի՞նչ անել»։ Դրանից հետո Եվտուշենկովն իբր իր զրուցակցին ասել է, որ «Դավիթը կբերի» մի բան, որն, ըստ նրա, կհետաքրքրի Իվանիշվիլիին և մյուսներին։
Դավիթ Արախամիա. «Ես կոչ եմ անում Եվրամիությանը և ԱՄՆ-ին դիտարկել Իվանիշվիլիի դեմ անձնական պատժամիջոցների հարցը»
Ձայնագրության հրապարակումից անմիջապես հետո Ուկրաինայում իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության նախագահ Դավիթ Արախամիան իր Telegram ալիքում հայտարարություն է տարածել։
«Ուկրաինացիներն ու վրացիները միշտ եղել են և կլինեն եղբայրական ժողովուրդներ։ Վրացի հայտնիները նույնիսկ մինչև փետրվարի 24-ը մեզ աջակցելու մասին հոլովակ էին տեսագրել, շատ վրացիներ պատերազմի սկզբից ի վեր առաջին գծում կռվում են Ուկրաինայի համար։ Նրանք վճռականորեն աջակցում են Ուկրաինային և մեր հաղթանակին այս պատերազմում։ Սակայն, ցավոք, նույնը չենք կարող ասել Վրաստանի կառավարության մասին»։
«Իսկ պատճառը պարզ է. երկրի գլխավոր օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին սերտ կապեր ունի ռուսական քաղաքական էլիտայի հետ, ինչը ևս մեկ անգամ հաստատվում է վերջերս հրապարակված ձայնագրությամբ»,- գրել է Արախամիան։
Նրա խոսքով՝ Վրաստանի ներկայիս կառավարության ողջ քաղաքականությունը Կրեմլի հրահանգներին հետևելն է, դա է պատճառը, որ նրանք չեն ճանաչում Ռուսաստանի ռազմական հանցագործություններն Ուկրաինայի դեմ և օգնում են Ռուսաստանին՝ շրջանցել պատժամիջոցները։
«Այսօր Իվանիշվիլին դարձել է Վրաստանի Յանուկովիչը։ Նա և իր մտերիմները Ուկրաինայի նկատմամբ վարում են մի քաղաքականություն, որը չունի վրաց ժողովրդի աջակցությունը։ Նրանք տասնամյակներ շարունակ ցանկանում էին բաժանել վրացիներին ու ուկրաինացիներին։ Դա կանխելու համար ես կոչ եմ անում ԵՄ-ին և ԱՄՆ-ի ղեկավարությանը դիտարկել Իվանիշվիլիի և Արևմուտքում նրա ունեցվածքի դեմ անձնական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: Ոչ ոք չպետք է խուսափի պատասխանատվությունից՝ ոչ օկուպանտները, ոչ նրանք, ովքեր օգնում են նրանց»,- ասել է Արախամիան։
Ո՞վ է Վլադիմիր Եվտուշենկովը
Եվտուշենկովի անունը հիշատակվում էր դեռևս Վրաստանում հայտնի «քարտեզագրողների գործով»։ Այդ ժամանակ «Դրոա» կուսակցության նախագահ Էլենե Խոշտարիան հետաքննական տեսահոլովակ հրապարակեց, որից էլ տեղեկացանք, որ Եվտուշենկովը Դավիթ Խիդաշելիի՝ հեռահաղորդակցության «Սիստեմա» ընկերության հիմնադիրն է և վերահսկիչ բաժնետոմսերի սեփականատերը։
«Վլադիմիր Եվտուշենկովը Պուտինի հետ մտերիմ գործարար է։ Ինչպես պարզվել է՝ Հյուսիսային Կորեայի քաղաքացիները Կիմ Չեն Ընի ռեժիմի օրոք աշխատել են «Սիստեմա»-ում՝ շրջանցելով ՄԱԿ-ի պատժամիջոցները։ «Սիստեմա»-ն 2014 թվականի Մայդանի իրադարձությունների ժամանակ ֆինանսավորել է Վիկտոր Յանուկովիչին և օգնել է փողեր լվանալ սեփական բանկերի միջոցով: «Սիստեմա»-ն կապված է 1990-ականների խոշորագույն հանցավոր խմբավորումներից մեկի՝ «Սոլնցևսկու» հետ»,- ասվում է Խոշտարիայի հայտարարության մեջ։
Երկար տարիներ աշխատելով որպես ինժեներ և մի շարք ձեռնարկությունների փոխտնօրեն՝ 1987 թվականին Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի հրավերով Եվտուշենկովը տեղափոխվեց քաղաքային գործկոմ, իսկ 1990 թվականին դարձավ քաղաքային կոմիտեի նախագահ՝ գիտության և տեխնոլոգիաների գծով։ 1991 թվականին դարձել է «Ռեգիոն» ՓԲԸ-ի և «Օրդինկա» ռուս-ամերիկյան ընկերության հիմնադիրներից մեկը [զբաղվում էր Մոսկվայի կենտրոնի հին շենքերի վերակառուցմամբ]։
1993 թվականին Եվտուշենկովը և նրա գործընկերները հիմնեցին «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիան, որի գործունեությունն ընդգրկում էր տնտեսության միանգամից մի քանի ոլորտներ։ Այսօր կորպորացիան ներառում է բազմաթիվ տարբեր ձեռնարկություններ, որոնք ներգրավված են էներգետիկայի, փայտանյութի վերամշակման, դեղագործության, հեռահաղորդակցության, զբոսաշրջության և այլ ոլորտներում:
Եվտուշենկովը 2000 թվականից Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության խորհրդի անդամ է, իսկ 2001 թվականից՝ նույն միության Արդյունաբերական քաղաքականության կոմիտեի ղեկավարը։ 2002 թվականից՝ Ռուսաստանի Առևտրաարդյունաբերական պալատի և Գիտության և ինովացիոն քաղաքականության կառավարական հանձնաժողովի անդամ, Ռուսաստան-Սաուդյան Արաբիա գործարար խորհրդի նախագահ, Ռուսաստանի նախագահին կից գիտության և բարձր տեխնոլոգիաների խորհրդի նախագահ, Ռուսաստանի կառավարությանն առընթեր ձեռներեցության և մրցունակության խորհրդի անդամ։
Forbes-ի վարկածով՝ 2005 թվականից Եվտուշենկովը Ռուսաստանի ամենահարուստ ձեռներեցների տասնյակում է։ Նրա կարողությունը գագաթնակետին է հասել 2008 թվականին՝ կազմելով 10,3 միլիարդ դոլար:
Արձագանքը Վրաստանում
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին արձագանքել է ձայնագրության հրապարակմանը և այն անվանել «ֆեյք», մինչդեռ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ «նույնիսկ եթե ձայնագրությունն իսկական է, խոսք է գնում միայն առևտրային հարաբերությունների մասին»։
Ընդդիմադիր «Լելո» կուսակցությունը Իվանիշվիլիի և Եվտուշենկովի զրույցին նվիրված ճեպազրույց է կազմակերպել։ Կուսակցությունը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին խնդրում է անհապաղ տեղեկատվություն հրապարակել այն մասին, թե արդյոք նա Թբիլիսիում հանդիպել է Կրեմլին մոտ կանգնած՝ Ռուսաստանի իշխող կուսակցության քաղխորհրդի անդամ Ալի Ուզդենովի հետ։
Կուսակցությունը պահանջում է՝ եթե հանդիպումը կայանա, զրույցի բովանդակությունը հրապարակվի։ «Լելո» խմբակցությունը նաև պաշտոնապես տեղեկություն է խնդրում ՆԳՆ-ից՝ արդյո՞ք Ալի Ուզդենովը հատել է պետական սահմանը վերջին 2 ամսում։
«Եթե այս տեղեկությունը հաստատվի, Վրաստանի ներկայիս կառավարությունը, վարչապետ Ղարիբաշվիլին և նրա ոչ պաշտոնական կառավարիչ Բիձինա Իվանիշվիլին կարող են մեղավոր ճանաչվել պատժամիջոցների ռեժիմից խուսափելու հարցում օգնելու մեջ։ Արդյունքը ողբալի է մեր երկրի համար․ նման փաստերի հաստատման դեպքում այն կարող է հայտնվել պատժամիջոցների սպառնալիքի տակ»,- հայտարարում է կուսակցությունը։
Ձայնագրություններին արձագանքել է նաև «Եվրոպական Վրաստանի» ղեկավար Գիգա Բոկերիան։ Նրա խոսքով՝ երկրի համար այս կրիտիկական շրջանում վարչակարգի նման վարքագիծը վկայում է, որ Իվանիշվիլիի ռեժիմը «Պուտինի՝ չարության կայսրության» փափուկ արբանյակն է։
«Պուտինի շրջապատի յուրաքանչյուր օլիգարխ ունի մեկ հիմնական խնդիր՝ ազատ աշխարհ՝ Պուտինի՝ չարության կայսրության դեմ պատժամիջոցներով: Նրանք փորձում են խուսափել այդ պատժամիջոցներից, և այս անգամ նրանց հետ մեծացած օլիգարխը, որը տիրացել է ամբողջ երկրին, կփորձի օգնել օլիգարխներին խուսափելու պատժամիջոցներից։ Իվանիշվիլիի վարչակազմի գործողությունները, նրա անցյալը և հրապարակային հայտարարությունները առանց որևէ ձայնագրության հաստատում են այս կասկածի հիմնավոր լինելը»։
Նախապատմություն
Վրաստանի և Ուկրաինայի հարաբերությունները սրվեցին պատերազմի սկսվելուց հետո երկրորդ օրը, երբ Վրաստանի վարչապետը հայտարարեց, որ երկիրը չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Ղարիբաշվիլին նաև ասել էր, որ Ուկրաինան չկարողացավ խուսափել պատերազմից, և դրա պատճառով կտուժի ուկրաինացի ժողովրդի և պետության մեծ մասը։
Նույն օրը Ռուսաստանի Դաշնության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը գովաբանել էր Վրաստանի իշխանություններին Ուկրաինայի հարցում իրենց դիրքորոշման համար։ Կարասինը «կշռադատված» էր անվանել Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին Վրաստանի արձագանքը և ընդգծել, որ «այդ փաստն աննկատ չի մնա» Ռուսաստանում։
Դրանից հետո Ուկրաինայի նախագահ Զելենսկին Վրաստանից հետ էր կանչել դեսպանին՝ նախ ժամանակավոր, իսկ հետո՝ մշտապես։
Վերջին սկանդալը կապված է ուկրաինական հետախուզության հայտարարության հետ, թե Ռուսաստանը Վրաստանի տարածքով մաքսանենգ ճանապարհ է ստեղծում։ Ըստ այդ տվյալների՝ Վրաստանի քաղաքական ղեկավարությունը Ռուսաստանի հետ պայմանավորվել է իր տարածքով պատժամիջոցային ապրանքների մաքսանենգության շուրջ։
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն արձագանքել է ուկրաինական հետախուզության տարածած տեղեկատվությանը և ուկրաինական կողմին կոչ է արել անհապաղ տրամադրել տեղեկությունը հաստատող ապացույցներ՝ օրինական կերպով դրանց արձագանքելու համար։
Ավելի ուշ Իրակլի Կոբախիձեն երեք պայման դրեց Ուկրաինայի իշխանությունների առաջ, որոնց կատարման պարագայում խորհրդարանական պատվիրակությունը կարող էր ժամանել Ուկրաինա։ Մասնավորապես՝ ներողություն մեղադրանքների համար, դեսպանի վերադարձ և վրացի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություն Ուկրաինայում։
Սակայն շուտով կայացավ Վրաստանի խորհրդարանական պատվիրակության այցը Ուկրաինա։ Խորհրդարանի նախագահն ու պատգամավորներն իրենց աջակցությունը հայտնեցին Ուկրաինային, ինչպես նաև այցելեցին Կիևի մերձակայքում գտնվող՝ ռուսական զորքերի զանգվածային հանցագործությունների վայր։