Հայաստանում նախընտրում են տղա ունենալ․ պատերազմից հետո՝ հատկապես
Սեռով պայմանավորված հղիության ընդհատում
Հայաստանում սեռով պայմանավորված հղիության ընդհատումների պատճառով վերջին 30 տարում մոտ 80 հազար աղջիկ չի ծնվել։ Այս մասին օրերս հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Առողջ և կայուն հասարակություն ունենալու համար մեզ անհրաժեշտ է, որ նորածինների սեռի հարաբերակցությունը լինի բնական, ոչ մի արհեստական միջամտություն չլինի։ Մենք տեսնում ենք ժողովրդագրական աղետալի հետևանքներ, որոնք առաջացել են այլ երկրներում, և չենք ցանկանում նման իրավիճակ ունենալ»,- ասել է նա։
Նախարարի խոսքով՝ մինչև 2020 թվականը Հայաստանում այդ ցուցանիշի բարելավում է նկատվել։ Սակայն Արցախյան երկրորդ պատերազմից հետո հետընթաց է արձանագրվել։
Վիճակագրություն, փորձագետների ենթադրություններն այն մասին, թե ինչով է պայմանավորված սելեկտիվ աբորտների քանակի աճը, ինչպես նաև այս միտումը հաղթահարելուն ուղղված առաջարկներ։
- Դեպոպուլյացիա Հայաստանում․ չծնված աղջիկներ, զոհված տղաներ, համավարակ
- Աբորտի արգելք Աբխազիայում. «Մի՞թե իմ երեխան ավելի կարևոր է պատգամավորների համար, քան ինձ»
- 90 վայրկյան․Սելեկտիվ աբորտներն Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում ժողովրդագրական ճգնաժամի են բերում
«Ես չէի կարող միայնակ որոշում կայացնել ու մի քանի աղջիկ ունենալ»
40-ամյա Աննա Մկրտչյանը (անունը փոխված է) մեկն է այն կանանցից, ով ամուսնական կյանքի տարիների ընթացքում պարբերաբար դիմել է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման: Երկու դուստրերի մայրը տարիներ շարունակ երազել է որդի ունենալ։ Սակայն դա տեղի է ունեցել միայն մի քանի տարի անց՝ հղիության բազմաթիվ արհեստական ընդհատումների ու կնոջ առողջության հաշվին:
Հիմա, երբ երեխաներն արդեն մեծ են, Աննան ափսոսանքով է հիշում սեռով պայմանավորված հղիության ընդհատումների մասին.
«Տարիներ առաջ ես չէի կարող միայնակ որոշում կայացնել ու մի քանի աղջիկ երեխա ունենալ: Ամուսինս, սկեսուրս դեմ էին, նրանց որդի էր պետք՝ տոհմը շարունակելու, հայրական օջախը շեն պահելու համար»:
Վիճակագրություն
Նման դեպքերի հետևանքով տարիներ շարունակ Հայաստանում նորածինների սեռերի համամասնության ցուցանիշը շարունակում է հեռու մնալ ընդունված միջազգային նորմերից:
Համաձայն 2021 թ-ի Գենդերային խզման գլոբալ զեկույցի՝ տարածաշրջանում Հայաստանում այս ցուցանիշն ամենաբարձրն է․ 153 երկրների մեջ Հայաստանը 98-րդ տեղում է, Վրաստանը՝ 74-րդ, Ադրբեջանը՝ 94-րդ։
Ըստ հայաստանյան վիճակագրական տվյալների՝ սեռերի անհամամասնության ամենաբարձր ցուցանիշը Հայաստանում գրանցվել է 2000 թվականին՝ 120 տղա/100 աղջկա հաշվով:
Հաջորդող տարիներին այդ ցուցանիշը շարունակաբար նվազել է, 2020 թվականին հասնելով 110 տղա/100 աղջիկ հարաբերակցության:
Հետպատերազմյան 2021 թվականին գրանցվել է վերջին տարիների ամենացածր ցուցանիշը՝ 108.8 տղա/100 աղջիկ հարաբերակցությամբ:
2022 թվականի տվյալներով Հայաստանում ծնված նորածինների սեռերի անհամամասնությունը կրկին աճել է, կազմելով 111.9 տղա՝ 100 աղջիկ: Սա այն դեպքում, երբ նորածինների սեռերի համամասնության բնական մակարդակը աշխարհում համարվում է 104-106 տղա/100 աղջիկ ցուցանիշը:
Թե ինչո՞վ է պայմանավորված 2022թ.-ի սեռային անհամամասնության ցուցանիշի աճը, փորձագետները դժվարանում են ասել:
«2022 թվականի տվյալներով ունենք հետընթաց, որի պատճառները դեռևս ուսումնասիրված չեն»,- մեր հարցմանն ի պատասախան արձագանքել են նաև ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանն ասում է, որ 2022-ի թվաճը եղել է անսպասելի․
«2014 թվականից սեռային անհամամասնության ցուցանիշը աստիճանաբար, սահուն իջնում էր ու բավական մոտեցել էր միջազգային նորմերին: 2021 ու 2022 թվականների միջև թվաճը բավականին լուրջ է: Ու թեև հիմա դժվար է խոսել այդ ցուցանիշի ձևավորման բոլոր պատճառների մասին, բայց կարծում եմ, այդ աճի տեմպը ի թիվս այլ պատճառների կապված է նաև սեռով պայմանավորված աբորտների թվաճի հետ»:
2023-ի համար հայտարարված նշաձողը՝ «դժվար հասանելի»
Առողջապահության և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունները համատեղ իրականացնում են «Պտղի սեռի խտրական ընտրության կանխարգելման 2020-2023թթ․ ծրագիրը»։ Ըստ դրա՝ 2023 թվականի համար նշաձող էր սահմանվել նորածինների սեռերի 107:100 հարաբերակցության հասնելը: Այս նշաձողը, սակայն, 2022թ․ նորածինների սեռերի հարաբերակցության ցուցանիշից ելնելով, առողջպահության նախարարությունը համարում է «դժվար հասանելի»:
Դրան հասնելն անիրատեսական է համարում նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Սեռի խտրական ընտրության դեմ պայքարի» ծրագրի համակարգող Զարուհի Տոնոյանը․
«Ցավոք, մենք ունեցել ենք սեռային անհամամասնության ցուցանիշի աճ, ու չեմ կարծում, որ կկարողանանք հասնել107/100 հարաբերակցության: Եթե կարողանանք հետ բերել 2021թ.-ի ցուցանիշը, դա արդեն իսկ լավ կլինի»:
2022թ.-ին Եվրամիության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ ՕքսԵՋեն» հիմնադրամի և «Բրեվիս» կազմակերպության կողմից իրականացվել է «Պտղի սեռի խտրական ընտրության տարածվածությունն ու պատճառները ՀՀ-ում» հետազոտությունը։ Դրա արդյունքում պարզվել է, որ Հայաստանում տղա երեխա ունենալուն նախապատվություն տվողների թիվը կտրուկ ավելացել է:
Եթե 2017թ.-ին համանման հետազոտության արդյունքներով հարցվածների 38 %-ն էր նշել, որ իրենց շրջապատում նախապատվություն են տալիս տղա երեխաներին, ապա 2022թ.-ին այդ ցուցանիշը հասել է 53 %-ի:
Ինչո՞ւ են հայերը նախընտրում տղա ունենալ
2022թ.-ին իրականացված հետազոտության ընթացքում հարցվածների 91%-ը նշել է, որ ընտանիքում որդիներին նախապատվություն տալիս են, քանի որ «տոհմը շարունակում են որդիները», 83%-ը նշել է, որ «տղաները հայրենիքի պաշտպանն են», 67%-ը՝ «որդիները ունեցվածքի ժառանգորդներ են»:
Հետաքրքրական է, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադամի կողմից 2017 թվականին իրականացված համանման ուսումնասիրությամբ տղա երեխա ունենալու հիմնավորումներն այս տեսքն ունեին. «տղան տոհմը շարունակողն է»՝ 64%, «տղան ունեցվածքի ժառանգորդն է»՝ 33%, «տղան հայրենիքի պաշտպանն է»՝ 17%:
Փորձագետները «տղան հայրենիքի պաշտպանն է» հիմնավորման տոկոսային ցուցանիշի կտրուկ փոփոխությունը կապում են 2020 թվականի արցախյան պատերազմի ու դրան հաջորդող սահմանային անվտանգության խնդիրների հետ:
«Չնայած մենք անվտանգային խնդիրներ ունենք վերջին 30 տարիներին, բայց դրանք առավել սրվել են 2020-ից ի վեր: Ենթադրում եմ, որ հենց դրանով է պայմանավորված տղա երեխաներին որպես հայրենիքի պաշտպան դիտարկելու առավել բարձր ցուցանիշը»,- նշում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ծրագրի համակարգող Զարուհի Տոնոյանը:
«Անվտանգային միջավայրն ու անվտանգային խնդիրներն, ինչ խոսք, լուրջ ազդեցություն են ունցեել այս պատասխանի նման տոկոսային ցուցանիշի ձևավորման հարցում: Մյուս կողմից, կարծում եմ, նաև հետպատերազմյան էմոցիոնալ ֆոնը կարող էր նպաստել նման ցուցանիշի ձևավորմանը»,- կարծում է ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը:
Ամենատղայասեր մարզը Գեղարքունիքն է, ամենաաղջկասերը՝ Տավուշը
Հետազոտության արդյունքներով, տղաներին ամենաշատը նախապատվություն են տվել Գեղարքունիքի մարզում (հարցվածների 33%-ը):
Տավուշը միակ մարզն է, որտեղ աղջիկներին ընտանիքում նախապատվություն տվողների տեսակարար կշիռն ավելի մեծ է (17%), քան՝ տղաներին (13 %):
Երևանում այդ ցուցանիշները հավասար են՝ 12 %—ական տոկոս՝ աղջիկների և տղաների համար:
Ի դեպ, 2022-ին տարբեր սեռի երեխաներին հավասարապես նախապատվություն տվողների թիվը 2017-ի համեմատ կտրուկ նվազել է:
«2017-ին հարցվածների 56 %-ը հավասարապես նախապատվություն էր տվել տղա-աղջիկ երեխաներին, այնինչ 2022-ին այս ցուցանիշը դարձել է 36%, որը շատ մտահոգիչ ցուցանիշ է»,- նշում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ծրագրի համակարգող Զարուհի Տոնոյանը:
Ի՞նչ անել
Ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի դիտարկմամբ՝ 2023-ին ևս սեռային անհամամասնության թվաճ գրանցվելու դեպքում լուրջ հետազոտություն իրականացնելու անհրաժեշտություն կառաջանա․
«Նախ պետք է հասկանալ պատճառները, նոր միայն փորձել գտնել լուծման ուղիներ՝ այդ ցուցանիշի նվազեցման համար»:
Զարուհի Տոնյանի դիտարկմամբ՝ սեռով պայմանավորված խտրական վերաբերմունքի ցուցանիշը մեղմելու համար խնդիրը պետք դիտարկել ոչ թե մակերեսային՝ հղության արհեստական ընդհատումների, այլ խորքային մակարդակում․
«Մենք պետք է կարևորենք աղջիկ երեխայի դերը՝ հասարակության մեջ ու ընտանիքում: Մենք նախապատվությունների խնդիր չենք ունենա միայն այն դեպքում, երբ մեր մտածելակերպը կփոխվի ու կարժևորվի երեխան անկախ սեռից»:
Նրա խոսքով՝ հիմա պետական ու միջազգային կառույցների համատեղ ջանքերով բազմաթիվ ծրագրեր են իրականացվում այս ուղղությամբ․
«Սակայն անհրաժեշտ է ազգային մակարդակում ներդնել մոնիթորինգի ու գնահատման ավելի հստակ մեխանիզմներ, որպեսզի հնարավոր լինի ավելի պատշաճ վերահսկել իրականացվող գործողություններն ու գնահատել դրանց կատարողականը»:
Փորձագետը կարևորում է նաև կրթական ծրագրերի ընդլայնումը, հատկապես առաջնային օղակի բուժաշխատողների հետ շարունակական աշխատանքը, ինչպես նաև մեդիայի, տեղեկատվական քարոզարշավների անհրաժեշտությունը:
Ուսումնասիրության արդյունքները իմի բերելով, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը նաև առաջարկներ է ներկայացրել առողջապահության նախարարություն: Որքանո՞վ են այդ առաջարկներն ընդունելի եղել, դրանց հիմքով ի՞նչ գործնական քայլեր են ձեռնարկվել: Այս հարցերին ի պատասխան առողջապահության նախարարությունից արձագանքել են.
«Առաջարկվել է իրականացնել միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն երեխայի արժևորմանը` անկախ սեռից, և առողջապահական համակարգի կարողությունների ամրապնդման` թիրախային խմբին պատշաճ խորհրդատվության ապահովման ու իրազեկման, ինչպես նաև օրենքների կիրարկման առումով, ինչը և իրականացվում է»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Սեռով պայմանավորված հղիության ընդհատում