Վրաստան․ միացյալ ընդդիմությունը վերջին հանրահավաքն է անցկացրել ընտրություններից առաջ
«Ուժը միասնության մեջ է» միացյալ ընդդիմությունն իր ամփոփիչ հանրահավաքն է անցկացրել Ազատության հրապարակում ընտրություններից երկու օր առաջ։
Հանրահավաքի կազմակերպիչները հրապարակում նստարաններ են տեղադրել, որպեսզի ցուցարարները կարողանան հեռավորություն պահպանել։
Հանրահավաքի մասնակիցներին դիմակներ են բաժնել և մուտքի մոտ չափել ջերմությունը։
Երկրի շրջաններից եկած համախոհները երթով անցել են Հանրապետության հրապարակից մինչև Ազատության հրապարակ, որտեղ միացել են մնացած մասնակիցներին։
«Միացյալ ընդդիմության» առաջնորդները դիմել են հանրահավաքին եկած բնակչությանը։
«Միացյալ ընդդիմության» ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Բուբա Կիկաբիձեն մասնակիցների համար մի քանի երգ է երգել։ Երգել են նաև այլ երգիչներ, այդ թվում՝ Սոֆո Բաթիլաշվիլին և Մերաբ Սեփաշվիլին։
«Միացյալ ընդդիմությունը հոկտեմբերի 31-ին ընտրությունների է գնում վերլուծված սխալներով, գիտակցված փորձով և ապագայի հստակ պլաններով», — ասել է «Միասնական ազգային շարժման» նախագահ Գրիգոլ Վաշաձեն։
Հանրահավաքի կուլմինացիան Կիևից Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ելույթի տեսագրությունն էր։
Նա քաղաքացիներին կոչ է արել միավորվել և ընտրությունների միջոցով ազատվել դժբախտությունից, ինչպես, ըստ նրա, անվանում են «Վրացական երազանքին»։
«Ինձ խելագար էին անվանում։ Այո, մենք պարզապես «խելագար» ենք, երբ բանը հասնում է շատ մեծ գործերի և մեր հաղթանակին։ Ուզում եմ ասել, որ ամեն ինչ լավ է լինելու։ Հոկտեմբերի 31-ին մենք կրկին սկսելու ենք մեր վերամիավորումը։ Իվանիշվիլին մեզ բաժանել է, սակայն մենք միավորվել ենք։ Ուզում եմ «Երազանքի» կողմնակիցներին առաջարկել միմյանց ձեռք մեկնել։ Երեկ և այսօր մենք եղել ենք և կանք հակառակորդներ, վաղը մենք մեկ երկրի զավակներ ենք»։
Սաակաշվիլին կոչ է արել քաղաքացիներին ընտրատեղամասեր գնալ և ասել է, որ Բիձինա Իվանիշվիլին պետք է ընտրություններից առաջ հրաժարական տա։
«Եկեք հանգիստ բաց թողնենք Իվանիշվիլիին և նրա թիմին, թող թոշակի գնան, և շարունակենք շատ արագ աճել», — ասել է Սաակաշվիլին։
● Խորհրդարանական ընտրություններ-2020 Վրաստանում։ Ի՞նչ է պետք իմանալ դրանց մասին
Ակցիան առանց սկանդալի չի անցել․ Բուբա Կիկաբիձեն «Թբիլիսո» հայտնի երգը կատարելիս այդ երգի հատվածներից մեկը երգել է ռուսերեն, ինչը բողոք է առաջացրել, այդ թվում՝ «Ազգային շարժման» համախոհների շրջանում։
Ավելի ուշ Կիկաբիձեն կրկին բեմ է դուրս եկել և բացատրել, թե ինչու է «Թբիլիսոյի» ռուսերեն տարբերակը երգել միջոցառման բացման ժամանակ։
«Կյանքումս առաջին անգամ եմ այս ամբիոնից ելույթ ունենում, այնքան մարդ կա։ Ասեկոսեներ են պտտվում, թե ինչու է Բուբան «Թբիլիսոյի» երկու տունը ռուսերեն երգել։ Ես պատասխանեցի՝ որ բոլորն իմանան, թե ինչ գեղեցիկ երկիր ունենք մենք», — ասել է Կիկաբիձեն։
Կուսակցության առաջնորդներից մեկը՝ Նիկա Մելիան, և մեծամասնական թեկնածու Նանուկա Ժորժոլիանին պարզաբանումներ են են տվել Բուբա Կիկաբիձեի երգի կապակցությամբ։ Ըստ նրանց՝ Կիկաբիձեն շփոթել է ֆոնոգրաման։